Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» չունի հստակ ծրագիր». Քաղաքագետ

Հուլիս 27,2016 16:06

Քաղաքագետ Արթուր Ղազարյանի կարծիքով՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից հստակ մշակված ռազմավարություն չկա: Այսօր «Հենարան» մամուլի սրահում ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ խումբը չունի հստակ ծրագիր, կազմակերպված քայլերի հաջորդականություն. «ՊՊԾ գնդում տիրող իրավիճակը երկար շարունակվել չի կարող, որովհետև նրանց թիվն օրի օրի նվազում է, անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառներով է նվազում: Ներսում տարաձայնություններ կան, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այսպես հանձնվելու են կամ ջլատվելու: Խմբի անդամները խոսում էին նաև ծրագրերի մասին, իրենց դրսի առաջնորդների կողմից»:

Նրա խոսքով՝ ոստիկանության գործողությունները միտված են վիրավորելու, ոչ թե մահացու հրազենային հարված հասցնելու. «Տղաների գործողություններն անհասկանալի են. անհասկանալի է մեքենայի այրումը, մեքենայով դեպի իրավապահ մարմինների վրա հարձակումը: Այս անհասկանալի քայլերը բերում են իրավապահ մարմինների կողմից ինքնապաշտպանության: Իսկ ինքնապաշտպանությունը միայն ձեռքով չէ, զենքով է, իսկ զենքը բերում է արյան, և սա գիտակցում են նաև «Սասնա ծռեր»-ի տղաները»:

Քաղաքագետի կարծիքով` արդեն գնահատական կարելի է տալ, թե ինչ տվեց այս ամենը. «Եթե անկեղծ լինենք, որևէ քաղաքացու հարցնենք այսօրվա վիճակի վերաբերյալ, որևէ դրական գնահատական չեն տա: Շարքային քաղաքացին ի՞նչ տեսավ, ի վերջո ինչ տվե՞ց. Էլի մարդկանց հանեց ոտքի, էլի հուսախաբություն: Եթե որոշել ես պայքարել ծանր մեթոդներով, դու նաև պետք է փորձես մարդկանց, հայ հասարակությանը, որ առանց այդ էլ շատ խնդիրներ ունեն, դրա պատասխանը տալ: Մի կողմը կրկին կասի իշխանություններն են մեղավոր, իշխանությունն էլ կասի՝ «Սասնա ծռերը»:

Պարոն Ղազարյանը հավելեց, որ «Սասնա ծռերի» որոշ անդամների անցյալը պետք է դնել մի կողմ. «Ներկա պահի գործողությունները մեկը մյուսի հետ կապելը սխալ է, ի վերջո պատմության ընթացքում եղել են դեպքեր` մարդիկ հերոսական անցյալ են ունեցել, բայց եկել է մի պահ` ինչ-ինչ հանգամանքների բերումով պատուհաս են դարձել, օրինակ, իրենց սեփական հասարակության գլխին»:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք իշխանությունների և իրավապահ մարմինների բացթողման արդյունք չէ սա, քաղաքագետը պատասխանեց. «Թերացումներ, բնականաբար, եղել են, բայց փաստը, որպես այդպիսին, իրավապահների կամ ուժային կառույցների խնդիրն է: Համապատասխան մարմինները հետաքննություն են տանում, հետո պատկերը պարզ կլինի: Թաքցնելու բան չկա, պետք է ցույց տան հասարակությանը` ինչ է եղել իրականում, ինչպես է եղել»:

Պարոն Ղազարյանն ավելացրեց, որ պետք է հասկանալ՝ արդյոք նախագահի հրաժարականով և իրենց լիդերների ազատ արձակմամբ լուծվելո՞ւ է հարցը. «Ո՞ւր է այդ ռազմավարությունը, ո՞վ է տեղյակ այդ ռազմավարությունից: Սա նշանակում է թողնել հասարակությանը, ժողովրդին, որ փողոց դուրս գան, բայց ո՞ւր գնան: Քայլերի հաջորդականություն չկա: Միգուցե կա` մենք տեղյակ չենք: Նախագահի հրաժարականը նույնիսկ մարտավարական քայլ էլ չի կարելի գնահատել»:

Քաղաքագետը վստահեցրեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է դասեր քաղեն` այսինքն` ստեղծված վիճակը օդից չէր. «Կան խնդիրներ, բայց արդարացված չէ ծայրահեղ քայլի գնալը: Հայրենասեր, ազատագրական պայքարին մասնակից մարդիկ զենքը վերցնում են և դուրս գալիս պետության դեմ, սրան արդարացում, կարծում եմ, չկա, քանի որ այդ պետությունը մենք ենք, իրենք են: Իրենք իրենց դու՞ռն են դուրս գալիս: Հարցի լուծումը զենքով տեսնելը, քո հայրենիքի դեմ զենքով դուրս գալը արդարացում չունի»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031