Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթություն չստացած օլիգարխներին գցում են հրապարակ, լուրջ մարդկանց՝ դուրս շպրտում պրոցեսներից»

Օգոստոս 01,2016 14:30

Համակարգային թերություններ՝
ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը վերջին իրադարձությունների համատեքստում դիտարկելով ՀՀ կրթական համակարգը, ասում է, որ այն ձախողված է: Նրա ձեւակերպմամբ, աշխարհի առաջատար մի շարք երկրներ, օրինակ՝ Կանադան, Սինգապուրը, որոնք վերջին տարիներին կրթության համակարգում էական փոփոխություններ են արել, կրթության համակարգի արդյունքները չեն չափում զուտ քննությունների թվանշաններով կամ համալսարան ընդունվածների թվով:

«Հիմա նոր մոտեցում է տարածված՝ կրթության որակը եւ արդյունքները պետք է չափել հասարակության առողջության մակարդակով, առողջ մտածելակերպով: Այս տեսանկյունից նայելիս՝ երեւում է, որ մեր կրթության համակարգը ձախողված է: Ըստ պետական տվյալների, Հայաստանի երեխաների 100%-ը գրագետ է, քննությունները լավ են հանձնում, կտրվող համարյա չունենք, եւ օլիմպիադաներից մեդալներ են բերվում, այսինքն ստացվում է՝ հպարտանալու տեղ ունենք: Իրականում սրանք ավելի շատ անհատների ձեռքբերումներ են, քան համակարգի:

Փաստորեն, մեր կրթական համակարգը տարիների ընթացքում կարող է նպաստել միայն առանձին անհատների կրթությանը, ու ինքն ըստ էության դարձել է այն բեւեռացման կրողն ու արմատավորողը, որ այսօր առկա է հասարակության մեջ: Հասարակության մի մասը՝ հիմնականում հարուստներն ու մտահոգ ծնողները իրենց զավակներին տանում են լավ դպրոցներ, սովորական դպրոցներում էլ մնում է հասարակության սովորական խավը: Արդյունքում՝ էդ սովորական դպրոցներում սովորելու միջավայրը կտրուկ վատանում է, ու հասարակության այս բեւեռացման մեջ մտնելով՝ կրթությունը չի կատարում իր հիմնական գործառույթներից մեկը: Իսկ կրթության հիմնական գործառույթներից մեկը հասարակության հավասարեցումն է՝ պետությունը ֆինանսավորում է կրթությանը, որ առկա սոցիալական, ինտելեկտուալ եւ այլ անհավասարությունները փորձի չափավորել-մոտեցնել իրար, որովհետեւ ցանկացած ծայրահեղացում հասարակության համար վտանգավոր է: Բայց մենք դա չենք անում, ընդհակառակը՝ ավելի ենք բեւեռացնում: Օրինակ, հենց հիմա, երբ արձակուրդ է, հասարակության բարեկեցիկ խավի երեխաները շարունակում են մասնավոր պարապել՝ հայերեն, անգլերեն, մաթեմատիկա եւ այլն, մյուս երեխաները, քանի որ դպրոց չկա, ոչ մի կրթական ծառայություն չեն ստանում: Ցանկացած նման բեւեռացում շատ վտանգավոր է»,- «Առավոտի» հետ զրույցում փաստում է կրթության փորձագետը:

Նրա ձեւակերպմամբ, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ կրթության բովանդակության մեջ հարկ է էական փոփոխություններ կատարել: «Տեսնում ենք, թե մեր հասարակությունը ինչքան մակերեսային եւ էպիզոդիկ է մտածում նման իրավիճակներում. փոխանակ մենք խնդիրների արմատները տեսնենք, օրինակ, վերցնում ենք մի ոստիկանի կերպար, որն ընդամենը մի ծառի տերեւ է, էդ տերեւի վրա ենք սեւեռվում: Հասարակությունն արմատին չի նայում, նայում է այդ տերեւին, որը փտած արմատի ու բնի արդյունք է: Նկատի ունեմ, որ մեր կրթական համակարգը մեծ թերություն ունի այն իմաստով, որ մարդկանց չի կարողանում սովորեցնել կարեւորը տեսնել, ոչ թե երկրորդական, երրորդականը: Այո, տգեղ է, որ կին ոստիկանն իրեն վատ է պահել, բայց դա ընդամենը էպիզոդիկ դրսեւորում է:

Մարդիկ չեն կարողանում ամբողջական մտածել այս իրավիճակներում, այսինքն՝ իրենք վերցնում են իրենց ձեռնտու մի փաստ, ու դրանով են իրավիճակը գնահատում: Ամբողջական նկարը տեսնել չեն սովորեցնում, դա էլ է լուրջ կրթական խնդիր: Մենք անընդհատ խոսում ենք, որ այս տարիներին Հայաստանի երեխաները հեղինակավոր համալսարաններ են ընդունվել, լավ կրթություն են ստանում, վերադառնում են Հայաստան, բայց այս օրերին չենք տեսնում այդ մարդկանց, որ ասենք՝ ահա Հայաստանը նման ծայրահեղ վիճակի մեջ ընկավ, ու եկան Հարվարդի, Օքսֆորդի մեր շրջանավարտները ու կարողացան իրավիճակը հանգուցալուծել: Կրթված մարդիկ չեն կարողանում նման իրավիճակներում դեր խաղալ… Իշխանության եւ առանձին խմբերի միջեւ միշտ էլ կարող են լինել այս տեսակի հակամարտություններ, բայց արդյոք կարողանո՞ւմ է հասարակության մի խումբ մտնել ու ի շահ պետության ապագայի՝ հարցը լուծել:

Դա չե՛նք տեսնում, նույնը քաղաքական համակարգում է: Այդքան առաջնորդության ծրագրեր են արվել, այդքան առաջնորդություն են սովորել, քաղաքագիտություն եւ այլն, իսկ ո՞ւր են այդ առաջնորդները: Շատերն են փաստում, որ մի տեսակ ամայություն է դաշտում: Այս պահին մենք ի՞նչ ունենք՝ երկու զինված խումբ, մեկը ոստիկանությունն է իր ամբողջ ապարատով ու նրա դիմաց կանգնած է մեկ այլ՝ փոքր զինված խումբ: Իսկ ո՞ւր են այն մարդիկ, որ պետք է կանխեին այս ամենը, միջամտեին»,- տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը:

Սերոբ Խաչատրյանի խոսքով, շատ կարեւոր է, որ պետության ղեկավարները լինեն գաղափարական մարդիկ, նոր պետությունը պետք է իր հիմքում գաղափարներ դնի, թե չէ միայն փողով պետություն չի լինում:

Նաեւ ասում է, որ անչափ կարեւոր է սրտացավ մարդկանց առկայությունը. «Հաճախ վաղվա հանդեպ սրտացավ չենք լինում, ու հենց վաղը գալիս է, ասում ենք՝ բա ինչու էսպես պատահեց: Մոռանում ենք, որ ախր վաղվա վրա սրտացավ ներդրում չէինք արել: Հիմա ոչ մեկը չի հասկանում՝ մեր երկիրն այսօր ի՞նչ գաղափարների է դավանում, շուկայակա՞ն, բիզնեսայի՞ն, թե՞ ուրիշ մի բան… Արդյոք մենք համերա՞շխ հասարակություն ենք ստեղծել, ի՞նչ պետություն ենք դառնում: Ինձ նաեւ մտահոգում է, թե այս վիճակում ոնց ենք գնում խորհրդարանական մոդելի, ու այս ամայության պարագայում ի՞նչ կլինի, եթե էլի ինչ-որ բաներ կատարվեն: Եթե այսօր էլիտա չկա, նշանակում է՝ մի բան կրթության համակարգում կամ սխալ է աշխատել, կամ աշխատել է, բայց չի օգտագործվում: Չեմ կարող ասել, թե հասարակության մեջ ընդհանրապես չկան լուրջ մարդիկ, իհարկե՝ կան, բայց տներում նստած են կամ տներից թողել-գնացել են: Չի՛ մոբիլիզացվում առողջ միջուկը: Կարծես դիտմամբ նշաձողը իջեցվում է, քաղաքական համակարգը եւ պետությունը դառնում են անլուրջ մի բան, կրթություն չստացած օլիգարխներին գցում են հրապարակ, հասարակությունը սկսում է քննադատել, զբաղվել դրանով, իսկ լուրջ մարդիկ դուրս են շպրտվում այս պրոցեսներից»:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ boon.am-ի:

 

«Առավոտ»

30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031