Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան վերլուծաբանները՝ ԼՂ հիմնահարցի ներկա փուլի շուրջ (տեսանյութ)

Օգոստոս 03,2016 09:08

Հարավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակում աճել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հավանականությունը, համոզված է «American Enterprise Institute» հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը,-հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով, առաջին հերթին փոխվել է տարածաշրջանի կարեւոր դերակատար՝ Ռուսաստանի դիրքորոշումը.

«Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հակամարտության փոխարեն Ռուսաստանի շահերից է բխում երկու երկրների միջեւ խաղաղությունը: Դա փոխում է Մոսկվայի հաշվարկները Երեւանի նկատմամբ»:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների բարելավումն իրականում կարող է դրական հետեւանքներ ունենալ.

«Մինչ այդ Ռուսաստանը լիովին բավարարված էր ղարաբաղյան խնդրի սառեցված կարգավիճակով, սակայն, եթե Ռուսաստանը դիտարկի Հայաստանն ու Ադրբեջանը որպես իր դաշնակիցներ, ապա այն կարող է փորձել մեկընդմիշտ կարգավորել այս խնդիրը»:

Մայքլ Ռուբինի հետ համամիտ չէ «Ատլանտյան Խորհուրդ» հաստատության վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը.

«ԼՂ խնդրում առաջընթացի հեռանկարները չափազանց փոքր են, մասնավորապես, որովհետեւ այս խնդրում ներգրավված հիմնական դրսի ուժը Ռուսաստանն է եւ չեմ կարծում, որ Կրեմլը հետաքրքրված է այս հակամարտության կարգավորման մեջ»:

Միեւնույն ժամանակ, դեսպան Հերբսթի խոսքով, Միացյալ Նահանգները հաջորդ ամիսներին զբաղված է լինելու նախընտրական ներքին հարցերով եւ եթե տեղի չունենա ապրիլյան պատերազմի նման արտակարգ իրավիճակ, հավանաբար ակտիվորեն չի ներգրավվելու կարգավորման մեջ: Ի դեպ, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Ջոն Հերբսթը նշեց, որ իր կարծիքով այն միանշանակ սկսել էր Բաքուն.

«Այն իրականում նախաձեռնել էր ադրբեջանական կողմը եւ, իմ համոզմամբ դա լուրջ սխալ էր»:

Միացյալ Նահանգները սակայն կարող է ղարաբաղյան խնդրի իրական կարգավորման գործընթաց նախաձեռնել ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում, կարծում է նախկին դիվանագետը.

«Պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի ԼՂ խնդրի կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ դա լինելու է նրա առաջնահերթ հարցը, սակայն համոզված եմ, որ նա գործընթացին նոր շունչ կհաղորդի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Հարավային Կովկասում ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, ապա երկու վերլուծաբանները համաձայնեցին, որ այն կարող է լինել անկանխատեսելի:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031