Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան Մագան աշխատանքի է ընդունվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ

Օգոստոս 03,2016 18:32

Հուլիսի 27-ին Խորենացի փողոցում մի տարեց կնոջը բերման ենթարկող ոստիկանության «Հրեշտակների» գումարտակի ոստիկան Մարգարիտա Կարապետյանի անվան շուրջ բարձրացված աղմուկից  հետո Aravot.am-ը հարցում էր ուղարկել ոստիկանությանը:

Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք՝  ինչպե՞ս է Մարգարիտա Կարապետյանն  ընդունվել աշխատանքի ոստիկանական համակարգում: Ի՞նչ քննություններ է հանձնել, եւ ինչպիսի՞ն են  քննության արդյունքները: Խնդրել էինք նաեւ տրամադրել Մարգարիտա Կարապետյանի քննության արդյունքները: Հետաքրքրվել էինք՝ արդյոք ոստիկանությունը որեւէ մեկին համակարգ ընդունելիս հաշվի՞ է առնում տվյալ անձի անցյալը. մասնավորապես՝ սոցցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում է, որ Մարգարիտա Կարապետյանը նախկինում աշխատել է «Քրեյզի» ստրիպտիզ ակումբում:

Aravot.am-ն այս հարցերը ուղղել էր ոստիկանությանը, քանի որ, երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց «Հրեշտակների» գումարտակը  եւ կանայք ընդունվեցին այս գումարտակում ծառայության, ոստիկանության ղեկավարությունը հպարտությամբ հայտարարում էր, որ պարեկապահակային այս գումարտակում ծառայության անցնելուց առաջ ոստիկանները հատուկ վերապատրաստում են անցնում: Այս գումարտակում պատահական անձինք չեն լինում, ըստ ոստիկանության այն ժամանակվա հայտարարությունների, գումարտակում ծառայողները տիրապետում են օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, քաղաքացիների հետ բանակցելու հմտություններին, առաջին բուժօգնություն տրամադրելու մեթոդներին: Գումարտակի բոլոր ոստիկանները, կամ գրեթե բոլորը բարձրագույն կրթություն պետք է ունենան, համենայնդեպս, գումարտակի ստեղծման ժամանակ այդպես էր  ներկայացվում: Այս առավելությունների համար էլ պարեկապահակային ծառայության այս գումարտակին «էլիտար» ոստիկաններ էին ասում:

Ինչ վերաբերում է թե Մարգարիտա Կարապետյանն ինչպե՞ս է ընդունվել աշխատանքի, եւ քննության արդյունքներն ինչպիսին են, ոստիկանությունից Կարապետյանի հանձնած քննությունների արդյունքները չբացահայտեցին:

Ոստիկանության պարազաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ձեր 28.07.2016 թ. հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Մարգարիտա Կարապետյանը ոստիկանությունում ծառայության է անցել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում՝ թե ծառայության անցնելիս, թե ներկայումս նրան կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու համար անձնական բնույթի իրավական խոչընդոտներ գոյություն չունեն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն անձնական տվյալները կարող է փոխանցել միայն աշխատողի համաձայնությամբ: Նկատի ունենալով հայցվող տեղեկությունների անձնական բնույթը, ինչպես եւ այն հանգամանքը, որ Մ. Կարապետյանը տվյալների փոխանցման վերաբերյալ հայտնել է իր անհամաձայնությունը՝  տեղեկությունների տրամադրումը մերժվում է»;

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031