Լրահոս
Օրվա լրահոսը

Անվերջ հերոսներ, կիսաստվածներ փնտրելու ցանկությունը թույլ չի տալիս տեսնել մարդուն. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 05,2016 11:24

Սոցցանցում Արթուր Սարգսյանին հերոս են համարում։ Հերոսներ են համարում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ու անգամ հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանին։

Մարդկանց «հերոս» դարձնելով, ըստ իս, նսեմացվում են նրանց այնքան պարզ, մարդկայնորեն հասկանալի քայլերը։

Հերոսներ են համարվում, որպես կանոն, պատերազմի մասնակիցները, սահմանին կանգնած զինվորները։ Եթե նկատել եք, նրանց մասին փաստագրական ֆիլմերում, ռեպորտաժներում տեքստերը կարծես գրած լինեն ՀՀ ոստիկանության «02» հաղորդաշարի խմբագիրները։

Կադրում զինվորներ են՝ տխուր, մտամոլոր հայացքներով, իսկ կադրից դուրս ձայնը նրանց աչքերում բացառապես հերոսականություն ու հակառակորդին հաղթելու վճռականություն է տեսնում։ Զինվորները ծխում են, իսկ կադրից դուրս ձայնը վստահ է, որ նրանց ծխախոտի ծուխը հասնում է երկինք՝ ազդարարելու, որ հաղթելու են։

Անվերջ հերոսներ, կիսաստվածներ փնտրելու ցանկությունը թույլ չի տալիս տեսնել մարդուն վախեցած, մոլորված, իրեն կորցրած, մահից մահու չափ վախեցող։ Դաստին Հոֆմանի հերոսը՝ «Հերոսը» ֆիլմում, մանր գրպանահատ է, աննկատ, փոքր մի մարդ։ Պատահաբար հայտնվելով վթարված ինքնաթիռի մոտ՝ նա փրկում է բազմաթիվ ուղեւորների կյանքը։ Դա անում է անգամ անգիտակցաբար, բնազդով, առանց իր արածի մեջ հերոսություն տեսնելու։

Ու աննկատ հեռանում, ինչպես հեռանում էր իր հերթական գողությունից հետո։ Բոլորը փնտրում են նրան, խոստանում մեկ միլիոն դոլար պարգեւ այդ հերոսին, որը, հերոսության կանոններով, պետք է լիներ հաղթանդամ, ունենար Շվարցենեգերի մկաններից, պերճախոս ներկայացներ, թե ինչը ստիպեց իրեն՝ փրկել բազմաթիվ կյանքեր։

Ինձ թույլ եմ տալիս կարծել, որ Արթուր Սարգսյանին, ազատամարտիկներին ու սահմանին կանգնած զինվորներին հերոսացման դափնիներն ամենեւին հարկավոր չեն։ Նրանք, թերեւս, ավելին են, քան հերոսը, նրանք սովորական մարդիկ են։

Ենթադրում եմ՝ ամենաբարդը թե՛ պատերազմի ժամանակ, եւ թե՛ խաղաղ կյանքում, ՄԱՐԴ մնալն է: Իսկ դա չափազանց դժվար է։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031