Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը վերջում հանդիպում Սերժ Սարգսյանին` Ռոհանիի և Էրդողանի հետ հանդիպումից հետո

Օգոստոս 08,2016 17:08

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկում է Ռոհանիի և Ալիեւի հետ հյուսիս -հարավ միջանցքի խնդիրը, իսկ Էրդողանի հետ պիտի քննարկի իրենց փոխհարաբերությունների մասին հայտարարություն, ինչից հետո միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կտեղեկացնի, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մտահոգություն հայտնեց, թե Հայաստանը չի կարողացել Ռուսաստանի հետ  ճիշտ քաղաքական գիծ վարել. «Ռուսաստանի նախագահը Հայաստանի նախագահի հետ հանդիպում է երեք նախագահների հետ հանդիպումից հետո, երբ ընդամենը պետք է եզրակացությունները ներկայացնի, այլ ոչ թե նախօրոք պետք է մասնակից լիներ այդ բոլոր բանակցություններին և իր տեսակետն ու դիրքորոշումը ներկայացներ: Ստացվում է, որ պիտի ստանա այն, ինչ այնտեղ համարյա թե որոշված է»:

Արամ Սարգսյանը նաև մտահոգված է, որ մենք մինչև այժմ չեն կարողացել ձևակերպել մեր մոտեցումը ղարաբաղյան հակամարտության հարցում. «Պահն է, որ Հայաստանը պետք է փոխի գործընթացի վեկտորը, պետք է բացատրենք, թե ինչու ենք պնդում, որ չի կարող ԼՂՀ-ն գոյատևել Ադրբեջանի կազմում այն կարգավիճակով, որն իրեն առաջարկվում է»:

Դառնալով Վլադիմիր Պուտինի` բալանսավորված պկզբունքների մասին հայտարարություններին, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքներին, պարոն Սարգսյանն այդտեղ հակասություն է տեսնում. «Այդ երկու սկզբունքներն արդեն ինքնին հակասում են միմյանց: Սա խոսում է այն մասին, որ Ալիևի բանաձևն է աշխատում: Նա ասում է` պատրաստ եմ ինքնավարության ամենաբարձր մակարդակն առաջարկել ԼՂՀ-ին, բայց իմ տարածքում: Հայաստանն ասում է, որ երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում: ԼՂ ժողովուրդն ինքն է շատ վաղուց ինքնորոշվել, դա փաստ է: Մենք չենք կարողանում դա դարձնել բանակցային գործընթացի հիմնական սկզբունք: Քննարկման առարկա պիտի լինի այն, որ ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով և չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ եթե մենք մնանք Պուտինի նշած բալանսավորման տիրույթում,  ապա կնշանակի ստիպված պիտի լինենք համաձայնել որ այնտեղ ինքնավարության մակարդակով է լինելու»:

Դառնալով տարածքները հանձնելու մասին մտահոգություններին` պարոն Սարգսյանը զայրացավ. «Եթե Աղդամը չենք համարում մեր հայրենիք, ապա Տիգրանակերտը պետք է համարենք ադրբեջանական քաղաք, քանի որ այն ձևավորվել է այդ տարածքում»:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նկատեց, թե Պուտինը հետդարձ է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտին, որը 25 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չտվեց: Ըստ նրա` խնդիրը մտել է փակուղի:

Դառնալով Իրանի հետ հարաբերություններին` պարոն Նավասարդյանը հիշեցրեց, թե բազմիցս զգուշացրել են, որ Հայաստանը, լինելով Եվրասիական միության անդամ, մեծ հնարավորություններ ունի Ռուսաստանի և Իրանի միջև կապող օղակ դառնել, ինչը հիմա Բաքուն է անում. «Իրանը հայտարարում է, որ պատրաստ է հյուսիս-հարավ ճանապարհը զուգահեռ անցկացնել նաև Հայաստանի հետ, բայց այս հարցում մենք չպետք է կրավորական դիրքորոշում որդեգրենք»:

Արամ Սարգսյանը զարմացած է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշման վրա. «Այս պահին անհրաժեշտ էր միջամտությունը: Խնդիրն այն է, որ եթե հարցը հիմա չտեղափոխվի իրավական դաշտ, որտեղ մենք անհամեմատ ավելի բարենպաստ դիրքեր ունենք, ուրեմն մենք իսկապես տանուլ ենք տալիս»: Ըստ նրա` քաղաքական լուծումը միայն այն է, որի մասին խոսում է Ալիևը. «Եթե փորձում ենք կոմպրոմիս գտնել քաղաքական դաշտում, ապա դա անհնար է պատկերացնել Հայաստանի համար, քանի որ այդ երկու սկզբունքների արանքում լուծումն անընդունելի է Հայաստանի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031