Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն «Սասնա ծռերի» պատահե՞ց գոնե մի հավաք, որին տասը կամ տասներկու հազար քաղաքացի մասնակցեր. «Հրապարակ»

Օգոստոս 17,2016 11:17

Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից Երեւանի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ, չնայած չավարտվող ղարաբաղյան խնդրին, անվերջ անկումներ արձանագրող տնտեսությանը, սոցիալական անարդարություններին, զզվանք հարուցող ՀՀԿ-ին, պատգամավորներին ու նախարարներին, ընտրությունների նկատմամբ կորսված հավատին, ոչնչացած քաղաքական դաշտին, չգործող արդարադատության համակարգին, քաղաքագետի անվան ներքո չորսկողմը վխտացող պատերազմական հրձիգներին ու էլի մինուսներին, մինուսներին… Հայաստանում ապրում է ամեն գովասանքից վեր մի ժողովուրդ, որը, զարմանալիորեն, ինչպես հրաշքում, չունի չարացածության ոչ մի կաթիլ։

Հենց այդ չարացածության բացակայությունն էր այն գործոնը, որ «Սասնա ծռերի» տապալումը դարձրեց անխուսափելի։ Դրա շնորհիվ Երեւանը կատարելապես մերժեց «Սասնա ծռերի» առաջարկած բռնությունն եւ զինված գործողությունները ներքին կյանքում, ինչպես մարգինալիզմն ու արկածախնդրությունն արտաքին քաղաքականությունում։

Ի վերջո, «Սասնա ծռերի» առաջ քաշած երկու հիմնական պահանջները, որ հասարակական ռեզոնանս ունեին, եւ որոնցով «Սասնա ծռերը» հույս ունեին հասարակությունը մոբիլիզացնել, ամփոփված էին Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ Ղարաբաղում «ոչ մի թիզ հող չհանձնելու» կարգախոսներում։ Մինչդեռ այդ երկու կարգախոսները, երկու շաբաթ շարունակ կրկնվելով, ողջ աշխարհի աչքի առջեւ, փաստացիորեն, Երեւանի բնակչության անգամ մեկ տոկոսին չկարողացան դուրս բերել հրապարակ։ Երեւանի բնակչությունը մեկ միլիոնից ավելի է, երեւի միլիոն հարյուր կամ երկու հարյուր հազար։ Մինչդեռ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» երթերի կամ ցույցերի թվում պատահե՞ց գոնե մի հավաք, որին տասը կամ տասներկու հազար քաղաքացի մասնակցեր։ Իհարկե՝ ոչ։ Թեեւ, եթե մասնակցեր էլ, դա կլիներ բնակչության ընդամենը մեկ տոկոսը, այդքան չնչին մի թիվ։

Դա նշանակում է, որ Երեւանի 99%-ը գոհ է իրականությունից, երկրի վիճակից ու իշխանություններից կամ ղարաբաղյան կարգավորման հարցում զիջումների մասին է երազում։ Իհարկե՝ ոչ, ամենեւին ոչ։ Բայց երկու շաբաթ շարունակ Երեւանի բնակչության նույնիսկ մեկ տոկոսին հրապարակ բերելու «Սասնա ծռերի» անկարողությունը, եւ դա այն Երեւանում, որտեղ ոչ միայն 88-90-ին, այլեւ 96– ին, 2003, 2008-ին եւ այլ տարեթվերի, հարյուր հազարավոր մարդիկ են փողոցում կանգնել, ցույց է տալիս, որ Երեւանը, եւ համոզված եմ՝ ողջ Հայաստանը, որքան էլ իրականությունը մերժի ու ընդվզի, երբեք դեպի անհայտություն քայլ չի կատարի, երբեք ինքնակոչ փրկիչների չի հետեւի եւ երբեք բռնության չի գնա։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031