Լրահոս
Օրվա լրահոսը

Քսանհինգ տարի է անցել

Օգոստոս 18,2016 14:00

1991թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրվում է ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ 11-րդ նստաշրջանը՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ։ Նստաշրջանին մասնակցում են մարզային խորհրդի 147 պատգամավորից 102-ը, ԽՍՀՄ եւ ՀՀ 90 պատգամավորներ, մարզի տարբեր բաժինների վարիչներ, վարչությունների պետեր, շրջանային եւ քաղաքային խորհուրդների պատգամավորներ, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարներ, լրատվության եւ ռադիոյի ներկայացուցիչներ։ Քննարկման էր դրված երեք հարց։ Նստաշրջանի ընթացքում, ելնելով ելույթ ունեցողների առաջարկություններից, օրակարգը լրացվել է նոր հարցով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։

Նման նստաշրջանի հրավիրումը բխել էր տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Մինչ այդ, օգոստոսի 29-ին Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը հռչակագիր էր ընդունել ադրբեջանական պետության անկախության վերականգնման մասին։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից։ Ըստ էության՝ Ադրբեջանի Հանրապետությունը մերժեց խորհրդային քաղաքաիրավական ծառայությունը եւ հրաժարվեց լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Նա անբարոյականորեն հրաժարվեց Ադրբեջանում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունից, Ադրբեջանից բռնագաղթվածների թողած գույքի եւ բնակարանների փոխհատուցումից, քայլեր ձեռնարկվեց արցախցիներին զրկել 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքից օգտվելու իր պետաիրավական ստատուսից՝ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում եւ այլն։

Ըստ էության Ադրբեջանի անկախությունը լեգիտիմ չէր, որովհետեւ նա մասնակցել էր 1991 թվականի մարտի 17-ին քվեարկած ԽՍՀՄ պահպանման օգտին։ Ակնհայտ է, որ 1990թ. ապրիլի 3-ին ընդունվել է ԽՍՀՄ օրենքը՝ «ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին», ըստ որի կարգավորվում էր Միությունից միութենական հանրապետությունների դուրս գալը, այդ նպատակով հանրաքվեի անցկացումը եւ այլն։ Այդ օրենքի 3-րդ հոդվածում հստակ ասված է. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, մարզեր եւ ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետությունում հանրաքվեն անցկացվում է յուրաքանչյուր ինքնավար կազմավորման համար առանձին։ Ինքնավար հանրապետությունների եւ ինքնավար կազմավորումների ժողովուրդներին է վերապահվում ինքնուրույն լուծել ԽՍՀ Միության կազմում կամ դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցի լուծման, ինչպես նաեւ իր պետական-իրավական կարգավիճակի հարցի առաջադրման իրավունք։

Այն միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղավայրի բնակության վայրեր, հանրաքվեի արդյունքները որոշելիս այդ տեղավայրերի քվեարկության արդյունքները հաշվի են առնվում առանձին»։
Այդ օրերին ընդունվելուց մեկ տարի անց, 1991թ. մարտի 17-ին տեղի է ունենում հանրաքվեն, որին մասնակցում է Ադրբեջանի Հանրապետությունը, սակայն այն ԼՂԻՄ տարածքում ձախողվում է, որովհետեւ այնտեղ արտակարգ շրջանի պարետություն էր, որը իրավունք չուներ իրենով փոխարինել տեղական իշխանություններին։ Հանրաքվեի նախօրյակին՝ մարտի 14-ին հաղորդվեց Մ. Գորբաչովի դիմումը Ադրբեջանի ժողովրդին եւ ԼՂՀ բնակչությանը, որը առաջ բերեց արցախահայության վրդովմունքը։ Երկրի նախագահը կրկին անտեսում էր արցախահայության ազգային շահերը եւ խճճում բազմակնճիռ հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Հետագա իրադարձություններն ավելի սրեցին իրավիճակը։ Օգոստոսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցած խռովությունը լիովին մերժվեց արցախահայության կողմից եւ ստեղծվեց Վ. Պոլյանիչկոյի ղեկավարած կազմկոմիտեն։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Զորի Բալայանը երկրի բարձրագույն իշխանություններին ուղարկած հեռագրում պահանջում էր պատասխանատվության ենթարկել խունտայի գործակալ Վ. Պոլյանիչկոյին, որի գլխավորությամբ էին տեղի ունենում Արցախում տեղի ունեցող վայրագությունները։

Մարզխորհրդի նստաշրջանը, ինչպես երեւում է արձանագրությունից, ընթացել է վիճաբանություններով։ Ելույթ ունեցան 16 հոգի, որոնք պահանջել են վերջնականապես վճռել մարզի քաղաքական ճակատագիրը։ Նրանք բոլորն էլ ջերմորեն պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հանրապետություն հռչակելու առաջարկությունը։ Նստաշրջանը, բազմակողմանիորեն քննության առնելով ստեղծված իրավիճակը, ընդունում է որոշում եւ հռչակագիր՝ ԼՂԻՄ-ի եւ նրա կից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ) հռչակելու մասին։ Հռչակագրում շարադրված բոլոր սկզբունքային հարցերը հիմնավորված էին, ապացուցված, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը պատմական անհրաժեշտություն է, որը կարող է «ինքնուրույն որոշել իր պատմական իրավական կարգավիճակը» եւ «ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը եւ նրա գործադիր կոմիտեն համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության եւ կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին՝ մինչեւ համաժողովրդական ընտրություններ, իշխանության եւ կառավարման հանրապետական նոր մարմինների ձեւավորում»։

Նստաշրջանից ոչ շատ անց, 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂՀ-ում տեղի է ունենում անկախության հանրաքվե, որին ներկա էին 40 անկախ դիտորդներ։ Քվեարկության իրավունք ունեցող 132328 արցախցիներից քվեարկության ներկայացան 108736-ը (82.2%), որոնցից 108615-ը (99.89%) քվեարկեցին Արցախի անկախության օգտին։ Դիտորդներն արձանագրեցին, որ ԼՂՀ-ում անկախության հանրաքվեն անցել է միջազգային բոլոր նորմերին համապատասխան, եւ ոչ մի խախտում չի արձանագրվել։ Նրանք հատուկ դիմում հղելով աշխարհի խորհրդարաններին ու Ռուսաստանի Դաշնության նախագահին, որտեղ մերկացված է ադրբեջանական կողմը, որը ամեն կերպ փորձել է խոչընդոտել հանրաքվեի անցկացումը։

Արցախցիների մյուս կարեւոր հարցը Հանրապետության Գերագույն խորհրդի ձեւավորումն էր։ Դեկտեմբերի 28-ին, ընտրությունների օրը, արցախահայությունը ընտրում է իր ազգային խորհուրդը։ Այն 1992թ. հունվարի 6-ին, 48 պատգամավորի եւ 80 դիտորդների մասնակցությամբ, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության Հռչակագիրը, որտեղ շեշտված է, որ ԼՂՀ-ում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նրա տարածքում ապրող բոլոր բնակիչները հանրապետության քաղաքացիներ են, որոնք գտնվում են ԼՂՀ պաշտպանության տակ։ Հանրապետության ամբողջ տարածքը, նյութական եւ հոգեւոր հարստությունները պատկանում են հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ ԼՂՀ պետական լեզուն հայերենն է։

1992թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում 33-ամյա պատմաբան Արթուր Մկրտչյանը։ Այսպիսով իշխանության եկան Ղարաբաղյան պայքարում կոփված նոր ուժեր, որոնք անելու շատ բան ունեին։
Մինչեւ հիմա, անցած այս ամբողջ շրջանում, վայրագացած Ադրբեջանի իշխանությունները փորձում են ուժի միջոցով վճռել իրենց անօրենությունները։ Դրա ամենավառ օրինակն է հանդիսանում ընթացիկ տարվա ապրիլի 2-5-ը կատարած բարբարոսական հարձակումը ղարաբաղյան ճակատում, որը վերջացավ նրանց համար խայտառակ պարտությամբ։ Հայ ժողովրդի միասնական կամքը ճզմեց հակառակորդին, չնայած նա իր զինվածությամբ գերազանցում էր մի քանի անգամ։

 
ՀՐԱՆՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր

 

«Առավոտ»

17.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031