Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի 1-ին դասարանցի թոռնուհու ուսման վարձը կլինի 2 միլիոն 100 հազար դրամ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2016 15:23 Share

Այսօր սեպտեմբերի 1-ի առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Նոր-Նորքի 5-րդ զանգվածում գործող Անանիա Շիրակացու անվան ճեմարան:
Վարչապետի թոռնուհին` Ջուլիետան առաջին դասարան է գնալու հենց այս ճեմարանում, որի ուսման տարեկան վարձավճարը 2 միլիոն 100 հազար դրամ է: Նա դպրոց եկավ պապիկի` Հովիկ Աբրահամյանի ձեռքը բռնած:

Aravot.am-ը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցների հաշվին են վճարելու թոռնուհու դպրոցի վարձավճարը, որը 2 միլիոնից ավելի է: Ի պատասխան պարոն վարչապետն ասաց` «Կվճարենք, կմտածենք, միջոցների մասին կհայտնենք»:

Հարցին էլ, թե ինչո՞ւ են հենց այս դպրոցն ընտրել, վարչապետն ասաց` նրա մայրն էլ է այս դպրոցը գնացել:

shirakaci-Hovik_Abrahamyan

Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց. «Այսօր մեր ծնողների, մեր մանկավարժների, մեր երեխաների, մեզ բոլորիս համար տոն է եւ մենք համոզում ենք բոլորին, որ գիտելիքահենք տնտեսությունը, գիտությունը, կրթությունը շատ կարեւոր է մեր երկրի զարգացման, բարգավաճման համար»:

Shirakaci-chemaran

Մեր հարցին, թե աղավնաձորցի երեխաների համար սեպտեմբերի 1-ը տոն չէր, քանի որ դպրոց գնալու փոխարեն, նրանք ծնողների հետ գնացել են գյուղապետարան բողոքի ակցիայի, քանի որ խաղողի գումարները չստանալու պատճառով դպրոցական հագուստ, պարագաներ չեն ունեցել, Հովիկ Աբրահամյանն ասաց` «Դուք ազնիվ չեք, ձեր հարցը շատ սխալ է»:
Այդուհանդերձ պարոն վարչապետը «անազնիվ» հարցը մեկնաբանեց.
«Աղավնաձորցիների բողոքը վերաբերում է խաղողի մթերման գումարների չվճարելուն, հիմա այնտեղ են մարզպետը եւ համապատասխան գործարանի ղեկավարը, որը որ խաղողը մթերել է, եւ հիմի նրանց միջեւ բանակցություններ են գնում, եւ այդ հարցը առաջիկա 10-15 օրը կլուծվի»:
Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    գոնէ այս մէկ թերեւս վիճելի իշխանաւորը մարդավարի ուսում է տալիս թոռնիկին… իր դասակարգում միւսներից շատերի գահաժառանքները փայլում են նաեւ իրենց – իսկական – ուսումի պակասով եւ ընդհանուր զարգացումի սարսափելի սահմանափակումներով

    (ինչ անենք… ձեւով մը մենք մեզ պիտի մխիթարենք, չէ՞…
    իսկ ամէն դէպքում, փոքրիկն Ջուլիետան հանցանք չունի, հաստատ…)

Պատասխանել