Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Հայրիկյանը, չնայած Կարեն Կարապետյանի նկատմամբ ունեցած հիացմունքին, դրական փոփոխություններ չի սպասում նոր կառավարությունից

Սեպտեմբեր 09,2016 11:58

«Վարչապետ նշանակելով կուսակցության վարչական կառույցներից, կուսակցության աշխատանքներից հեռու գտնվող մարդու՝ Սերժ Սարգսյանը բոլորին ասաց՝ հանրապետականներ, ձեր մեջ մի կարգին տղա չկա, դրա համար կողքից եմ մարդ բերում: Սա ամենածանր ապտակն էր բոլոր հանրապետականներին: Այս քայլով որպես քաղաքական կառույց՝ ՀՀԿ-ն ընդունեց իր սնանկությունը»,- այսօր «Երկու երես» ակումբում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին ու Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա, հրաժարականը պատասխանատու քայլ է, բայց եթե 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տալիս մի թեթեւ ակնարկեց, որ ինչ-որ ուժեր իր վրա ճնշում են գործադրում, ու ինքը վախենալով փախչում է, ապա Հովիկ Աբրահամյանի դեպքում նման բան չկա, ուղղակի հրաժարական է տալիս. «Եթե ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու նպատակով են արվում այս փոփոխությունները, ապա ազգային համաձայնության կառավարության հիմնական դեմքը վարչապետն է, բայց այսօր վարչապետ է նշանակվել մի մարդ, ում մեկ ամսվա աշխատավարձը հինգ անգամ ավելի է, քան որպես վարչապետ ստանալիք աշխատավարձը հինգ տարում: Այսինքն, այդ մարդը աշխատավարձի համար չի եկել: Ուրեմն ինքը վարչապետ լինել չի համաձայնել նյութական նկատառումներով… Կարեն Կարապետյանի հետ մեկ անգամ եմ շատ լուրջ հարցով առնչություն ունեցել, հիացած էի իր գիտական մոտեցմամբ, խոսքը չի վերաբերում իր անձին»:

Պարոն Հայրիկյանի կարծիքով, ամեն դեպքում վարչապետի թեկնածության հարցում քաղաքական ուժերը պետք է քննարկում անցկացնեին. «Գոնե ՀՀԿ-ն պետք է քննարկեր թեկնածուներին, բայց տեղի ունեցավ չեկիստական կարգով: Այսօր գերագույն մարմնի խորհրդի նիստ ենք անում, այս թեկնածուն է, միաձայն ընդունվում է, բոլշեւիկյան, կոմունիստական ոգով, ոչ մի տարաձայնություն»:

Պարոն Հայրիկյանը, չնայած Կարեն Կարապետյանի նկատմամբ ունեցած հիացմունքին, նոր ու դրական փոփոխություններ չի սպասում նոր կառավարությունից, որովհետեւ. «2013 թվականի սեպտեմբերի 3-ից Սերժ Սարգսյանից դրական ոչինչ չեմ սպասում, իրավունք չունենք մեզ խաբելու… իր ժողովրդին դեպի կործանում տանող մարդը այսօրվա իր կառավարության այս փոփոխությամբ որեւէ դրական բան մեր ժողովրդի համար ապահովել չի կարող: Մանավանդ որ, այ այստեղ թող Կարեն Կարապետյանը ոչ թե նեղանա, այլ եթե կարող է բացատրություն գտնի, քաղաքապետի պաշտոնից փախած մարդուն դու հիմա էլ վարչապետի՞ պաշտոն ես տալիս, եթե Կարեն Կարապետյանը չի փախչել, պետք է հիմնավորի՝ ինչու համաձայնեց դառնալ քաղաքապետ, հետո էլ հեռանալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930