Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանի հետնորդ են դաստիարակում». Սամվել Խուդոյան

Սեպտեմբեր 09,2016 15:59

Հոգեբան Սամվել Խուդոյանի վերլուծությամբ, հանրային որոշակի վերաբերմունք արդեն կա նախկին վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ:

«Այդ վերաբերմունքը արտահայտված է որոշակի դեպքերում՝ հավանության որոշ դեպքերում՝ անտարբերության ձեւով: Հովիկ Աբրահամյանի կերպարը դրական չէր, խիստ բացասական էր, նրան ընկալում էին որպես պաշտոնով հարստացած եւ կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչ, հույսեր չէին կապում՝ որպես բարեփոխում իրականացնողի հետ: Խոսակցություններ տարածվեցին, որ իր բարեկամներին է այս կամ այն պաշտոնի դրել, մի խոսքով, նրա կերպարը խիստ բացասական է»,- այսօր «Երկու երես» ակումբում ասաց հոգեբանը:

Ըստ նրա, վարչապետի հրաժարականը տեղին էր. «Լարվածությունը «Սասնա ծռերի» գործողություններից հետո ոչ միայն չէր թուլացել, այլեւ կուտակվում էր, ու աշնանը պայթյունի հավանականություն կար: Այս քայլը որոշակի թուլացրեց լարվածությունը, գցեց ժողովրդին անորոշության մեջ»:

Հոգեբանը նոր վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի մասին խոսելիս, ասաց, որ նա Հովիկ Աբրահամյանի իմիջը չունի, հակառակը՝ նրա նկատմամբ վերաբերմունքն ավելի դրական է. «Չնայած որ Կարեն Կարապետյանն էլ ընկալվում է ռուսական գծի, կողմի ներկայացուցիչ, դրա համար էլ քննադատվում է «Գազպրոմը» որպես կոռումպացված կազմակերպություն:

Ընդհանուր առմամբ, նա անորոշ ու դրական երանգներով կերպար է, կարծում եմ՝ նա նաեւ Սերժ Սարգսյանի ծրագրերում որպես հետնորդ է դաստիարակվում, հատկապես եթե հաջողի ծրագրերը»:

Պարոն Խուդոյանի խոսքով, եթե կտրուկ գործողություններ լինեն եւ կոռուպցիայի եւ այլ հարցերում, ու ժողովուրդը համոզված լինի, որ իսկական պայքար է գնում, եւ ոչ թե աչքակապություն, ապա. «Նոր վարչապետն ամեն ինչ կանի, որ ժողովրդի սիրտը շահի ու այդ հողի վրա գնա որպես հաջորդ ղեկավար, ՀՀԿ-ի իմիջն էլ կբարձրանա ու կարեւոր դեր կարող է նա խաղալ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930