Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ն պետք է իմանար Կոստանյանի հրաժարականի մասին, ոչ թե կոֆեի բաժակ նայեր, թե հիվանդ չի, դուխով տղա է եղել». Զոհրաբյան

Սեպտեմբեր 13,2016 16:02

Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազի թեկնածուին լսելով՝ դեժավյու էր ապրել. «Ոչ մի բան չի փոխվում, ինչ Գեւորգ Կոստանյանի դեպքում: Նույն ելույթներն են արդարության մասին, վստահության վերականգնման մասին, համակարգում ճիշտ կանոններ սահմանելու…Ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվում: Կարող է բարդ համադասական նախադասությունը պարզ համադասական նախադասությամբ ասվի: Ընդամենը փոխվում է բառամթերքն ու բառերի շարադրությունը: Ոչ մի բան ավելի: Բնական է դահլիճում այս անտարբերությունը, որովհետեւ չկա հավատ, որ մեր այլանդակ արդարադատության համակարգը կարող է ուղղվի: Մարդիկ վախենում են դիմել դատարան, որովհետեւ գիտեն՝ արդար մարդը դիմեց դատարան, եթե չունի տանիք, ուրեմն ինքն է նստելու: Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ-ն պարտավոր է անընդհատ վճարել մեր 3 ատյանների կայացրած վճիռների համար ու ՄԻԵԴ-ում մենք ստիպված ենք լինում փաստի առաջ կանգնել: Դրեք այդ գումարը սխալ վճիռ կայացնողի վրա»:

Գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց, որ հակված չէ այն տեսակետին, որ նմանատիպ իրավիճակում դատավորի պատասխանատվության խնդիր պետք է բարձրացվի: Կայացված ակտերը պետք է հաշվառվեն հետագայում դատաիրավական պրակտիկայի համար: Նա ասաց, որ Հայաստանի դեմ ավելի քիչ դատական ակտեր են կայացվել, քան մեր հարեւան երկրների:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե խոսքը մեր նման աղքատ երկրի մասին է, որի բյուջեից տարեկան հսկայական գումարներ են վճարվում մեր դատավորների կայացրած ապաշնորհ կամ քաղաքական ենթատեքստ ունեցող որոշումների համար, ապա թող բարի լինեն այդ դատավորների գրպանից էլ վճարեն:

Հետո Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Նախորդ դատախազին ԱԺ-ն ընտրել էր ձայների մեծամասնությամբ: Չե՞ք կարծում, որ ԱԺ-ն պետք է իմանար իրական պատճառը Գեւորգ Կոստանյանի հրաժարականի մասին, ոչ թե կոֆեի բաժակ նայեր ու մամուլում տարբեր վարկածներ քննարկեր՝ հիվանդ է, հիվանդ չի, դուխով տղա է եղել, չի ցանկացել «Սասնա ծռերի» գործունեությունը ահաբեկչություն որակել՝ հանել են: Հիմա ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը դուք չեք անհետանա մի օր ու ձեր պաշտոնանկության մասին մենք կիմանանք, որ դուք մի քիչ տրամադրություն չունեք, կամ մի քիչ ձեր ճնշումը բարձր է, եւ այն մարմինը, որը պարտավոր էր իմանալ ձեր հրաժարականի պատճառների մասին, ոչինչ չի իմանա»:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես ավելին չեմ կարող ասել, քան պաշտոնական մեկնաբանությունն է: Ես կարծում եմ, որ կոռեկտ չի այլ պատճառ փնտրել կամ մեկնաբանել»:

Նաիրա Զոհրաբյանը պնդեց՝ մենք իրավունք ունենալ իմանալ, թե ի վերջո ի՞նչ պատահեց, որ այդ առողջ մարդը հանկարծ հիվանդացավ. «Գոնե քաղաքական ուժերին պետք է տրվեր ոչ թե մանիպուլյատիվ, այլ հստակ պատճառները»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930