Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Մարտուն Գրիգորյանը չպայքարեց Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար

Սեպտեմբեր 19,2016 15:00

ՀՀԿ-ականները դեռ նեղացած են Սամվել Բալասանյանից

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը չի ցանկանում խոսել այն մասին, որ երկարատեւ բանակցությունների արդյունքում ինքը որոշեց չմասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին, քանի որ իրեն խոստացվել է, թե գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդգրկվելու է ՀՀԿ-ի «ռեյտինգային» ցուցակում: Համենայնդեպս, շրջանառվող նման խոսակցություններին վերաբերող «Առավոտի» հարցին Մարտուն Գրիգորյանն ասաց. «Այդ մասին կխոսենք, երբ կգա խորհրդարանական ընտրությունների ժամանակը»:

Մարտուն Գրիգորյանը համաձայն չէ նաեւ մեր այն դիտարկմանը, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններում իշխանական դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին սատարելու իր որոշումը միանշանակ չի ընկալվել գյումրեցիների կողմից: Նա արտառոց չի համարում իր նախկին կուսակից, ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանին չսատարելու որոշումը, քանի որ Սամվել Բալասանյանն էլ իր նախկին կուսակից-թիմակիցն է: Իսկ ում սատարելու իր որոշումը չի պայմանավորում կուսակցական պատկանելություններով: Ասում է` իր համար կարեւորը Գյումրի քաղաքի խնդիրների կարգավորումն է: Նա կարծում է, որ Սամվել Բալասանյանը կարող է քաղաքի համար ինչ-որ բաներ անել. «Ինձ համար կարեւորը թեկնածուի անձը չէ, այլ այն աշխատանքը, ինչ որ այս ընթացքում կատարել է Բալասանյանը: Դրանք են` երկրորդական փողոցների կառուցումը, վերանորոգումը, լուսավորումը: Դա ե՛ւ գործող քաղաքապետի ծրագրում է, ե՛ւ իմ ծրագիրն է, որը հանրապետության նախագահի հետ պայմանավորվածությամբ ենք կատարում, բյուջետային ծրագիր է:

Եթե այս ընտրություններին ես տեսնեի, որ Գյումրին ունի այն խնդիրները, ինչ 2008-ին, ես կմասնակցեի: Բայց իմ մասնակցությունն ինքնանպատակ չի: Սամվել Բալասանյանը չորս տարի աշխատել է քաղաքապետ, արդեն տիրապետում է իրավիճակին եւ կարող է լավ աշխատել: 24 միլիոն եվրոյի խնդիրը կա, շինարարությունը շուտով կսկսվի. Բալասանյան Սամվելը առաջին իսկ օրվանից եղել է այդ ամենի մեջ, ու ամենալավը ինքն է պատկերացնում հետագա աշխատանքը»:
Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով՝ Գյումրու ընտրություններում նոր կրքեր են բորբոքվում` ընդդեմ Սամվել Բալասանյանի: ՀՀԿ-ականների անհամաձայնությունները Սամվել Բալասանյանի կազմած ավագանու ցուցակի հետ չեն հանդարտվում: Սամվել Բալասանյանն այդ ցուցակից դուրս է թողել կամ վերջին հորիզոնականներում է տեղեր հատկացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի եւ Արման Սահակյանի թիմակիցներին: Ինչպես հայտնի է, ցուցակում տեղ չգտավ նաեւ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Նաիրա Կարապետյանի հայրը:

«Ես չգիտեմ՝ ինչ դժգոհությունների մասին է խոսքը: Ուղղակի եղել են տարաձայնություններ` ավագանու անդամների ցուցակի հետ կապված, բայց հիմա որեւիցե դժգոհություն չկա: Հակառակը՝ հիմա փորձում ենք ավելի համախմբված աշխատանք տանել, որպեսզի դաշինքը, որի մեջ է ՀՀԿ-ն, գերակշիռ ձայներ ունենա»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Սուքիաս Ավետիսյանը` հավելելով. «Ոչ թե իմ կամ Արման Սահակյանի մարդ հասկացությունը պետք է ի նկատի ունենալ, այլ այստեղ խնդիր է եղել, որ Գյումրիում կան ՀՀԿ շրջանային կառույցներ, որոնք իրենց առաջարկներն են ներկայացրել ավագանու ցուցակի հետ կապված, այդ առաջարկությունները չեն ընդունվել, այդտեղից եղել են տարաձայնություններ: Տարաձայնությունների հարցը հարթվել է: Հիմա մեր թիվ մեկ խնդիրը Գյումրիում նորմալ արդյունքներ ապահովելն է եւ աշխատանքը: Տարաձայնությունների խորացման մասին տեղյակ չեմ, ինքս ամեն օր զբաղվում եմ այդ հարցով, մեր կառույցներն ամեն օր աշխատում են, որ այդ թիմը կարողանա ապահովել այն, ինչի համար գնում ենք ընտրության»:

Նաեւ խոսակցություններ կան, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է սկսել ակտիվություններ դրսեւորել: «Վարդան Ղուկասյանի ակտիվությունը չեմ էլ նկատել. մարդը կամ պիտի թիմ հավաքի աշխատի, կամ ինչ-որ ձեւով իր կարծիքն ասի: Նա դեռ իր կարծիքը չի ասել: Այլ բան, որ նրա փեսան «Հայկական վերածնունդի» ավագանու ցուցակում է: Դա դեռ չի նշանակում, որ Վարդան Ղուկասյանը ակտիվացել է կամ այլ բան»: Դիտարկմանը` խոսակցություններ են շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանը հավանական է՝ սատարի Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Ըստ իս՝ բացառված է, որ Վարդան Ղուկասյանը «Համախմբմանը» սատարի: Դա ինչ-որ մեկի հորինած բանն է, ինչը ոչ ճիշտ երեւակայության արդյունք է»: Հարցին` իրենց հետ անլուծելի խնդիր ունի՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բայց լուծելու խնդիր էլ չունի»: Նա համաձայն չէ, որ կարող է ուղղակի շահերի համընկնում լինել:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930