Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Երկիրը կողոպտած հանցագործներն այսօր նորից մեծարվեցին»

Սեպտեմբեր 21,2016 16:49

«Հազար փառք էն տղերքին, ովքեր, պատկերավոր ասած, «է~խ» արեցին ու գնացին` հանուն այս օրվա, որպեսզի մեր երկիրն ու պետությունը կայանան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով Հայաստանի անկախության 25-ամյակին:

Նա այլեւս պատվաբեր չի համարում  «ուղտին նստած կուզեկուզ ման գալը» եւ կարծում է, որ սեպտեմբերի 21-ն ամբողջ Հայաստանում պետք է նշվի. «Արցախը Հայաստան է: Բակո Սահակյանին բերել-ներկայացնել, որպես Արցախի նախագահ… արդեն հոգնել ենք կապիկություններից: Երկրի իշխանությունը պիտի տղամարդ լինի եւ «ուղտին նստած կուզեկուզ չանի»:

Սուրեն Սարգսյանը անձամբ չի ճանաչում օրերս աշխատանքից ազատված նախագահի օգնական Սեւակ Լալայանին, բայց այսօր, անկախության 25-ամյակի զորահանդեսին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը լսելուց հետո հորդորում է. «Ետ բերեք Սեւակ Լալայանին: Գոնե ականջներիս երկու նախադասություն, երկու միտք նորմալ էր հնչում: Էսպիսի խեղճ ու կրակ, կեցցեյախեղդ պառադ ես չէի տեսել: Հետո մի ծանր տպավորություն ստացա. Սեյրան Օհանյանը ոչ թե պաշտպանության նախարարի ձայնով ու տեսքով էր խոսում, այլ մանկապարտեզի վարիչի: Ես երբեք այդքան «գազը հանած» հրաման տվող չէի տեսել: Շատ վատ էր: Ոգեշնչման լուրջ պակաս կար: Հետո, այնտեղ անունով կաթողիկոս ունեինք, բայց ամանում չկար: Ես ամաչում եմ, որ այդ մարդը խաչակնքում է մեր զորքերին: Ինձ թվում է` պղծում է: Եթե նա կաթողիկոս լիներ, Էջմիածնում տեղի ունեցած հարայ-հրոցին, կեղծված ու քանդված ընտրություններին գոնե մեկ անգամ կարձագանքեր: Էդ էլ չարեց»:

Ի դեպ, կիրակի օրը Էջմիածնում կայացած քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընտրողների 36 տոկոսը: Հիշեցնենք, այդ ընտրություններին նախորդեցին կրակոցներն ու ծեծը : Ընտրություններին մասնակցության թիվը մեր զրուցակիցը համարում է ժողովրդի պատասխանն իշխանություններին:

Զորահանդեսի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն»:

Սուրեն Սարգսյանը նկատում է. «Բոլոր հանցագործները, ովքեր կողոպտեցին երկիրը` բանակի գեներալների մեծամասնությունը, նորից այսօր մեծարվեցին: Իսկ ազատություն ապահոված սերունդը` Խաչիկ Ավետիսյան, Վոլոդյա Ավետիսյան, ԶԻՄ-ը, Ապարը, Վլադիմիր Առաքելյանը եւ շատ-շատ կարգին տղերք այսօր բանտերում են: Իսկական ազատատենչ շատ-շատերին էլ Սերժ Սարգսյանն այսօր պատրաստ է փտեցնել բանտերում` հանուն իրենց ազատության: Դրա համար իր ասածներն ավելի քան ծիծաղելի են»:

Տոնի առիթով շնորհավորելով բոլորին՝ Սուրեն Սարգսյանը նաեւ ասում է, որ իր խորին համոզմամբ Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, հասկանալով, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է, որ մարդիկ այլեւս չեն հանդուրժելու եւ կարող են հաշվեհարդարներ տեսնել, համաձայնության են եկել ու վարչապետի պաշտոնում բերելով Կարեն Կարապետյանին, «գելթոզի անելով», փորձելու են 2017 թվականին նորից համարժեք տոկոսներով «բաժանել երկիրը»:

Նա ցավում է այս իրականության համար եւ ցանկանում է, որ այս ամենի ականատես ժողովուրդը հասկանա, թե իրականում ինչ է կատարվում: «Մեկ էլ շատ ցավում եմ իմ հավատի համար, որ երբեւէ ունեցել եմ մի քիչ ավելի շատ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, հետո մի քիչ էլ Սերժ Սարգսյանի նկատմամբ… մտածել եմ` մարդ են, երկիր է, սիրել է պետք: Էնքան է սիրտս ցավում: Սրանց մեջ մի պտղունց սեր չկա: Էնպես որ` մեր ժողովրդին շնորհավոր: Իսկ իշխանություններին ու նրանց լակոտներին` հարամ լինի էն մի կտոր հացը, որն այս ժողովրդից գողացան»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Նա կարծում է, որ ոչ նման «թույլ» զորահանդեսի կարիքը կար, ոչ «անգրագետ տեքստեր կարդալու», կարելի էր մի մամուլի ասուլիս անել, ներկայացնել Իսկանդերը. «Դա ավելի պատվաբեր կլիներ, քան էդ ծաղրածությությունը եւ ծախսերը, որ էլի արվեցին ժողովրդի հաշվին: 100 տղա կա զոհված ապրիլի քառօրյայում, նրանց ընտանիքները սոված են: Այդ զորահանդեսի փողերով կարելի էր նշանառու հրացաններ ու էլի այլ բաներ առնել, այդ մարդկանց ընտանիքներին փող տային, որ հերոսի ծնողները փող չմուրային: Հալալ լինի մեր ժողովրդին, որ իր տառապանքով դեռ կարողանում է դիմադրել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930