Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ անտեսեք եղբայրական  հանդիմանությունը

Սեպտեմբեր 22,2016 22:00

Սխալի համար հանդիմանելը դատել չէ, այլ պատվիրան:  Բայց դա արեք սիրով, որպեսզի դիմացինին շահեք, այլ ոչ թե կորցնեք:

Այս աշխարհի չար մտածողությունը մեզ խաբում է, որպեսզի մենք չկարողանանք կատարել այն կարեւոր գործը, որն անչափ անհրաժեշտ է մեր կյանքերի փոփոխության համար: Օրինակ՝ երբ դիմացինդ ակնհայտ քո դեմ վատ բան է անում, եւ դուք խոսեք այդ մասին, հավանաբար ձեզ կհիշեցնեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, թե՝ «մի դատեք, որ չդատվեք»: Ու սրան դժվար է հակադարձելը, եթե Աստծո Խոսքը լավ չիմանաք:

Այո՛, դատել չի կարելի: Բայց թե դատելն ինչ է՝ այդ մասին մեկ այլ անգամ: Այսօր եկեք տեսնենք, թե Աստծո Խոսքն ինչ է պատվիրում մեզ՝ մեր եղբայրներին սիրով հանդիմանելու ու նրանց չար ճանապարհից ազատելու համար:

Խրատեք սիրով՝ առանց 3-րդ անձի ներկայության

Եղբայրական հանդիմանությունը պիտի սկսվի զուտ անձնական խոսակցությունից, առանց երրորդ անձի ներկայության: Այն պիտի արվի սիրով, որպեսզի դիմացինը տեսնի, որ դու իրեն սիրում ես ու իր համար հոգ ես տանում, այլ ոչ թե ուզում ես իրեն վերեւից թելադրել, ու այն պետք է արվի ճիշտ դրդապատճառով: Այսինքն՝ դու պիտի ուզենաս քո դիմացի մարդու հոգու փրկությունը՝ ինչպես որ մեր Երկնավոր Հայրն է դա ուզում:

Տեսեք մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինչ ասաց. «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր։ Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ։ Իսկ եթէ նրանց էլ չլսի, կասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը» (Մտ 18:15-17):  Տեսնո՞ւմ եք: Տեր Հիսուսը կարգադրում է ապաշխարության կանչել մեղավոր մերձավորին, եւ եթե հարցը լուրջ է ու առանց վկաների զրույցը չի օգնում, ապա աստիճանաբար լայնացնել ապաշխարության կոչի շրջանակը, ընդհուպ մինչեւ որ նա քեզ համար լինի ինչպես հեթանոսն ու մաքսավորը: Դժբախտաբար, այս դեղամիջոցը, որը մեզ սովորեցրեց մեր Տերը, հազվադեպ է օգտագործվում, որովհետեւ կամ մենք հոգ չենք տանում այս բանի համար, կամ էլ քաջություն չունենք սա կատարելու: Ուրեմն պետք չէ մեղադրել դիմացինին, եթե դուք ինքներդ Աստծո հրահանգը չեք կատարում:

Պոռնիկի ու կռապաշտի հետ հաց մի կեր

Պողոս առաքյալը մատնացույց անելով պոռնկություն անողներին՝ գրում է. «Մատնեցէ՛ք այդպիսի մէկին Սատանային՝ նրա մարմնի կորստեան համար, որպէսզի նրա հոգին ապրի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրում» (Ա.Կր 5:5): Շատ խիստ խոսելով այս մասին՝ նա ավելացնում է. «Եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք» (Ա.Կր 5:11): Այստեղ Սբ. Հոգին խոսելով առաքյալի բերանով՝ մեզ հորդորում է առողջ խոհեմություն ցուցաբերել մեր եղբայրների նկատմամբ: «Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում։ Իսկ դրսիններին Աստուած է դատելու։ Վերացրէ՛ք չարը ձեր միջից» (Ա.Կր 5:12-13)՝ գրում է առաքյալը:

Մեղավորին խրատիր սիրով ու հեզությամբ

Ահա մի այլ տեղ մենք կանչվում ենք ուշադիր լինել, որ երբ մեկը բռնվի մեղքով, ապա մենք նրան օգնենք վերահաստատել, բայց դա անել հեզությամբ ու սիրով. «Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ-որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէ՛ք նրան հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք» (Գղ 6:1): Այսինքն՝ եղբորը հանդիմանելը ու նրան ուսուցանելը պետք է լինի միայն սիրով ու խոնարհությամբ: Որ նա տեսնի, որ դուք հոգ եք տանում իր համար:

Անտարբեր մի եղիր, երբ եղբայրդ մեղք է գործում

Մենք իրավունք չունենք անտաբեր լինել իրար մեղքերի նկատմամբ՝ մտածելով, թե՝ «իմ ի՞նչ գործն է»: Իրավունք չունենք, որովհետեւ մենք մի մեծ ընտանիքի անդամներ ենք, ու սիրող եղբայրը երբ տեսնի որ իր եղբայրը դեպի փոսն է գնում, կվազի ու կհասնի նրան օգնության, որպեսզի իր եղբայրը փոսը չընկնի: Օգնության կհասնի եւ իր ծնողին սիրելով, եւ իր եղբորը սիրելով: Ահա այս պատճառով Հակոբոս առաքյալը գրում է. «Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, թող իմանայ, որ ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակ. 5:19-20):

Որպես թշնամի մի վարվիր, այլ խրատիր սիրով

Մի այլ տեղ՝ Թեսաղոնիկեցիներին ուղղված 2-րդ նամակում, Պողոս առաքյալը պատվիրում է հեռու մնալ «ամէն մի եղբօրից, որ ծոյլ կեանքով է ապրում եւ ոչ ըստ այն օրինակի», որ Թեսաղոնիկեցիներն ընդունել էին առաքյալից» (Բ.Թս 3:6): «Իսկ եթէ որեւէ մէկը չհնազանդուի այս թղթի մէջ մեր ասած խօսքին,- գրում է առաքյալը,- նկատի՛ ունեցէք նրան եւ մի՛ յարաբերուէք նրա հետ, որպէսզի ամօթով մնա։ Բայց նրան որպէս թշնամի մի՛ համարէք, այլ խրատեցէ՛ք որպէս եղբայր» (Բ.Թս 3:14,15):

Ուրեմն այս օրինակներից տեսնում ենք, սիրելի բարեկամներ, որ մենք Քրիստոնեական պարտականություն եւ հրահանգ ունենք՝ բարի ու հեզ հանդիմանությամբ չարը վերացնել մեր միջից: Եթե հարցը լուրջ է, ու եղբայրը չի լսում հանդիմանության այն բոլոր աստիճանները, որոնց մասին սովորեցնում է Տեր Հիսուսը, ապա նույնիսկ չշփվել ու հաց էլ չուտել նրա հետ: Բայց նրանց չվերաբերվել որպես թշնամու, այլ խրատել որպես եղբոր:

Սիրով խրատել՝ նշանակում է զգուշացնել, որ դիմացինը չար բան չանի ու փորձանքի մեջ չընկնի: Եթե մենք ինքներս լավ իմանանք Աստծո խոսքն ու մեր կյանքն ապրենք Քրիստոսի մեջ, ապա մենք կիմանանք, թե երբ անենք այդ եղբայրական հանդիմանությունն ու ինչպես դա անենք սիրով: Ու սա դատելու հետ ոչ մի կապ չունի:

 ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/ armen.hareyan?fref=ts

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016թ.

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930