Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թ.-ի բյուջեում ծախսերը 100 միլիարդ դրամով կկրճատվեն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 16:23

«Մենք բավական կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին՝ մոտ 100 մլրդ դրամով ծախսերի նվազեցում է նախատեսվում բյուջեով»,-կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ եկող տարվա բյուջեով ամրագրված ամենակարեւոր սկզբունքը հարկաբյուջետային եւ պարտքի կայունությունն է. «2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով՝ ամենայն հավանականությամբ կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետեւանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը»:

Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում:

Պարոն Արամյանը նաեւ ասաց, որ պետական պարտքը 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից բարձրացել է եւ այս տարվա վերջին կկազմի 54.4 տոկոս:

Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան Վարդան Արամյանն ասաց, որ Հայաստանի պետական պարտքն այդքան էլ շատ վտանգավորության գոտում չէ, ինչպես որ ներկայացվում է:

Ֆինանսների նախարարը նաեւ պարզաբանեց, թե ինչու է որոշվել 2017-ի բյուջեով 100 մլրդ դրամով նվազեցնել ծախսերը. «Որոշումը կայացվել է, քանի որ նպատակը մեզ համար ֆիքսվել է՝ դա պարտքի ցուցանիշն է եւ կայունությունը: Պարտքը ծնող ուղղությունը դա պակասորդն է: Մենք երկու տարի անընդմեջ ունեցել ենք բավական բարձր պակասորդի մակարդակ ՀՆԱ-ի մեջ: Գերնպատակ է եղել, որպեսզի մենք կարողանանք ծախսերի մասով ավելի պահպանողական լինենք, ծրագրերն ավելի հետեւողական իրագործենք»:

Ըստ պարոն Արամյանի, փողը պետք է ծախսվի նպատակային եւ պետք է բերի ավելացված արժեք. «Սա ուղղություն է, որին հետագայում մեծ ուշադրություն է դարձնելու նոր կառավարությունը»:

Նախարարի խոսքերով, վարկ վերցնելը խնդիր չէ, խնդիրն այն է, երբ վարկը վերցնում ու անկայուն քաղաքականություն ես իրականացնում. «Նախկինում այնպիսի իրավիճակ էր տնտեսությունում, որ պարտքի միջոցով պետք էր լրացուցիչ շունչ հաղորդել, հակառակ դեպքում տնտեսական ցուցանիշները ոչ թե կլինեին 3 կամ ավելի տոկոսանոց աճ, այլ շատ ավելի ցածր: Եթե մենք պարտքն ավելացնեինք շատ ավելի կտրուկ, դա ավելի բարձր տնտեսական աճ կապահովեր: Բայց մենք գնացինք ավելի համեստ տարբերակի: Մյուս տարի կլինենք ավելի պահպանողական»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930