Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Ոնց որ ասես` կնիկ, արի խմենք հորս կենացը»

Հոկտեմբեր 07,2016 22:20

Հոկտեմբերի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ տեր  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առաջնորդարանում  հանդիպեց թեմի երիտասարդական միությունների անդամների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին: Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ hանդիպումը նախաձեռնել էին թեմի երիտասարդական միությունների անդամները:

Նավասարդ սրբազանը խոսեց Թարգմանչած տոնի խորհրդի, ազգային, եկեղեցական դիմագծի ու բացառիկ նշանակության մասին: Նա անդրադարձավ նաեւ Սահակ Պարթեւ, Մեսրոպ Մաշտոց եւ Վռամշապուհ արքա եռամիասնությանը, որոնց շնորհիվ, Նավասարդ սրբազանի ձեւակերպմամբ, Աստված խոսեց հայերեն ու մենք դարձանք ազգային քրիստոնյա ժողովուրդ:

Հեթանոս Հայաստանի ու Գրիգոր Լուսավորչի մասին խոսելիս էլ սրբազանն ասաց. «Գրիգոր Լուսավորիչը տեռորիստների հետ չի եկել ամեն ինչ ավերել…. Լուսավորիչը քրիստոնեական կրոնը զարդարել է ազգային պատմուճանով… Իսկ ո ՞ւր են հեթանոս ժողովուրդները հիմա: Ոչ մի ժողովուրդ հեթանոս չմնաց»:

Սրբազանը հավելեց. «Վռամշապուհ արքան դատարկեց պետական գանձանակը, որ ունենանք աննման գանձեր, ու մեր ինքնության լույսը ճառագի»:

Աստիճանաբար հոգեւոր զրույցի ձեւաչափը փոխվեց ավելի ինտերակտիվի: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հարցեր էր ուղղում, երիտասարդները`պատասխանում էին, կամ հենց երիտասարդներն էին հարցեր բարձրացնում: Սրբազանը քաջալերում էր ակտիվ լինել ու չամաչել անգրագետ երեւալուց: Ասում էր`դրա  համար պետք է սովորել, ինքն էլ է ամեն օր սովորում: Սրբազանը հարցնում էր` oրինակ, ո՞րն է ամենահազվադեպ հանդիպող ունակությունը, ամենալավը, ամենակարեւորը եւ այլն: Կամ ո՞վ է ամենաաղքատ մարդը: Վերջին հարցին ինքն էլ պատասխանեց` ով ամենից շատ դրամ է սիրում:

2

3-1

Այնուհետեւ անդրադարձ եղավ գիտելիքներին, դաստիարակությանը, 21-րդ դարի մարտահրավերներին: Նավասարդ սրբազանն ասաց, որ գիտելիքն առանց դաստիարակության վտանգավոր է: Երիտասարդները մարտահրավեր համարեցին ֆեյսբուքն ու ընդհանրապես սոցիալական ցանցերը: Սրբազանն ի պատասխան ասաց. «Եթե չար նպատակով ես օգտագործում մարտահրավերները, ինքդ ես մարտահրավեր դառնում, որովհետեւ գործիքները չեն կարող մարտահրավեր լինել, մարդիկ են այդպիսին դառնում: Նույն դանակը վտանգավոր է, բայց նաեւ կարագ ես կտրում»: Նա  ներկաներին խորհուրդ տվեց չկորցնել իրենց եսը, չխառնել այն եսի հետ, որ  տեսնում են սերիալներում:

Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր`եթե Թարգմանչած տոնն այդքան կարեւոր է, ինչո՞ւ բոլոր եկեղեցիներում այդ օրը պատարագ չի մատուցվում: Սրբազանն ասաց, որ փոխանակ  Մաշտոցից հեռու ամեն եկեղեցում պատարագ մատուցելու, պետք է գնալ Օշական ու խոնարհվել նրա շիրիմի առաջ: «Դա նույնն է, որ հորդ ծնունդը լինի, ինքը քեզանից մի քանի մետր հեռու լինի, դու ասես` կնիկ, արի խմենք հորս կենացը …Ի միջիայլոց, մեր սրբերի 99 %-ը Արեւմտյան Հայաստանում է, իսկ Մաշտոցը այն բացառիկներից է, որ մեր կողքին է…»:

Հանդիպումն անցավ ջերմ եւ անմիջական մթնոլորտում: Ավարտին  հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի  Նշխարք վոկալ անսամբլը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` qahana.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31