Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի ընտրություններում միջազգային դիտորդները որոշ խախտումներ են գրանցել

Հոկտեմբեր 10,2016 11:02 Share

Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդները որոշ խախտումներ են գրանցել, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Ընտրություններն ընթացել են մրցակցային միջավայրում, բայց նախընտրական շրջանում այնուամենայնիվ, գրանցվել են թեկնածուների նկատմամբ անթույլատրելի արարքներ և գործողություններ: Նման արարքները չպետք է կրկնվեն»,- ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, Լիտվայի Սեյմի պատգամավոր Էմանուելիս Զինգերիսը:

ԵԽԽՎ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել նաև քաղաքական ուժերի ոչ հավասարաչափ ֆինանսավորման վրա: «Մեր դիտարկումների շարքում հիմնականներից մեկը. քաղաքական ուժերի ֆինանսավորումը նախընտրական շրջանում եղել է անարդար, քանի որ որոշ կուսակցություններ շատ ավելի մեծ գումարներ են ստացել, քան մյուսները: Եվ այդ տարբերությունը նրանց միջև շատ մեծ է»,- ասել է նա՝ հավելելով, որ արդարադատության համակարգը պետք է արագ արձագանք տա ընտրախախտումներին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հայտարարության մեջ նշվում, որ ընտրություններն անցել են «մրցակցային և լավ կազմակերպված միջավայրում, որտեղ հիմնական ազատությունները, ընդհանուր առմամբ, պահպանվել են»:

Այնուամենայնիվ, նրանք նույնպես որոշ խախտումներ են գրանցել, մասնավորապես, ձայների հաշվարկի ժամանակ, երբ հաշվարկին մասնակցել են չլիազորված անձինք: Որոշ դեպքերում էլ ընտրատեղամասերի մոտ գրանցվել է լարվածություն և անկարգություններ:

Հիշեցնենք, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին: Հիմնական ընտրապայքարն ընթանում էր երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնած իշխող «Վրացական երազանք» և երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջև:

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քվեաթերթիկների 99.92 տոկոսի հաշվարկի արդյունքում «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 48.6, իսկ «Ազգային միացյալ շարժումը»՝ 27.14 տոկոսը: 5 տոկոսի շեմը հաղթահարել է ևս մեկ կուսակցություն՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ հավաքելով ձայների ուղիղ 5 տոկոսը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31