Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ գործի քննությունն էր:
Հիշեցնենք, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության 4 աշխատակիցների:
Ոստիկաններ Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը եւ Դավիթ Փերիխանյանը ընդունել են իրենց մեղքը:
Դավիթ Փերիխանյանը դեպքերի ժամանակ վնասել էր Աշոտ Բոյաջյանի մոտ եղած Canon թվային ֆոտոխցիկը:
Կարդացեք նաև
Այսօր դատարանում տուժողների ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը այդ մասով ներկայացրեց վնասների հատուցման քաղհայց, ըստ որի, ոստիկանությունից պահանջում են հատուցել 4 մլն 270 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, այդ թվում՝ 2 մլն դրամ պահանջում են որպես բարոյական վնասի հատուցում: Նա ասաց, որ որոշակի ծախսեր են կատարել՝ իր իրավունքների վերականգնման նպատակով, մասնավորապես, օգտվել է փաստաբանական ծառայությունից, եւ քանի որ տեսախցիկը կոտրել են, նա դեպքերից հետո օրավարձով վարձակալել է տեսանկարահանող սարք: Տեսախցիկի արժեքը նույնպես ներառվել է: Նա ասաց, որ փաստաթղթեր են կից ներկայացնում դատարանին՝ գույքի վարձակալության պայմանագրի պատճենը, արձանագրություն, թե քանի օր է վարձակալել «Ուտոպիանա.ամ» ՀԿ-ն Աշոտ Բոյաջյանի գույքը:
Դատավորն ասաց, որ հիմա քննարկման ենթակա է միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի փոխհատուցման հարցը: Դեպքից հետո բաց թողված օգուտ, շահույթ, այդ ամենը հասկանալի է, բայց դրանք քաղդատավարական ընթացակարգով լուծման ենթակա հարցեր են:
Դատավորը նաեւ հարցրեց՝ բարոյական վնասի համար հաշվարկներ կա՞ն, թե ինչու եք պահանջում 2 մլն: Նա պատասխանեց, որ հաշվարկները ներկայացրել է դատարանին:
Դատավորը հիշեցրեց, որ ապրանքագիտական 2 եզրակացություններով վնասի չափը 1մլն 235 հազար դրամ է գնահատվել, սակայն տուժող կողմը համաձայն չէ այդ գնահատականի հետ: Դավիթ Գյուրջյանի խոսքերով՝ «Ուտոպիանա.ամ կազմակերպությունը 1 տեսախցիկ է ունեցել, որը կոտրել են, եւ ստիպված ենք եղել օրավարձով վարձակալել տեսախցիկ: Դրա վերաբերյալ հաշվարկը նույնպես ներկայացված է ձեզ»:
Նա հայտարարեց, որ պատասխանողը եւ վնասը հատուցողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ նախաքննությամբ հաստատվել է, որ Դավիթ Փերիխանյանը դեպքի ժամանակ գտնվել է իր պաշտոնական լիազորությունների կատարման մեջ եւ դրա շրջանակներում է կոտրել:
Դատավորը վնասի փոխհատուցման հայցն ընդունեց վարույթ: Դավիթ Փերիխանյանի պաշտպան Տիգրան Գալստյանը խնդրեց իրենց 2-3 օր տրամադրել՝ «Ուզում ենք բանակցություններ վարենք՝ վնասի հատուցման հետ կապված»:
Ավելի ուշ մեզ հետ զրույցում Դավիթ Գյուրջյանն ասաց, որ «Եթե հաշտության գանք, եթե իրենք համաձայն լինեն այդ գումարը հատուցել, գործն այլ ընթացք կստանա»: Մեր հարցին՝ Դուք պատրա՞ստ եք հաշտության գալ՝ նա պատասխանեց. «Եթե հատուցեն ՀԿ-ի կրած վնասը, այո, պատրաստ ենք»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 26-ին ,ժամը 11-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































