Ըստ ճանապարհային ոստիկանության պաշտոնական ցուցանիշների, այս տարվա առաջին 8 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը 60-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Պարոն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ մի գրություն կարդաց՝ ուղղված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Ինչպես ասաց Էդուարդ Հովհաննիսյանը, այդ գրությամբ դիմում է վարչապետին, քանի որ մինչ այս դիմել է արդարադատության նախարարին, ոստիկանապետին, Ազգային ժողովի նախագահին, սակայն պատասխան, հիմնավորում չի ստացել: «Աքիլեսի» ղեկավարի ներկայացմամբ՝ 2015 թվականին օրենսդրական փոփոխության արդյունքում վարորդներն անհավասար պայմաններում են հայտնվել, իսկ ճանապարհային ոստիկանությունը կամայական մոտեցում է դրսեւորում:
Բանն այն է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում թույլատրվում է 75% գունամշակված ապակիներով մեքենաներով երթեւեկել, իսկ նույն 75% -անոց թաղանթապատ , այսպես ասած՝ «պլյոնկա քաշած» մեքենաներով արգելվում է երթեւեկել: Ընդ որում, ինչպես նկատեց Էդուարդ Հովհաննիսյանը, օրենսդրական փոփոխությունից հետո կարգ չի ընդունվել, թե ինչ չափանիշներով պետք է ճանապարհային ոստիկանը մեքենան կանգնեցնի ու ստուգի ապակու վրա «պլյոնկա է», թե՝ գործարանային գունամշակում է եւ ըստ այդմ էլ տուգանի, կամ ոչ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ տարիներ առաջ հատուկ սարքավորումներ կային, որոնց միջոցով ճանապարհային ոստիկանը կարող էր ստուգել մեքենայի ապակու թափանցելիության աստիճանն ու գունամշակված լինել-չլինելը: Դիտարկումներին, թե հիմա ճանապարհային ոստիկանները կարող են ասենք՝ ձեռքով կամ սուր գործիքով ստուգել ապակին գունամշակվա՞ծ է, թե՝ թաղանթապատ, պարոն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.«Ինքն ի՞նչ գործ ունի ձեռքը մտցնում է իմ սրահի մեջ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































