«Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում նոյեմբերի 12-13-ը Ծաղկաձորում: Առաջնության կազմկոմիտեի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, այս առաջնությունը 14-րդն է, արդեն ամփոփվել են հայտերը. «Միջոցառումը կազմակերպվում է «Ինչ, որտեղ, երբ» միջազգային ասոցիացիայի հետ համատեղ եւ անցկացվում է նախագահի բարձր հովանու ներքո: Նման միջոցառումները պատիվ են բերում նախ եւ առաջ ցանկացած երկրի, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ շարժումը վայելում է իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն ու ուշադրությունը»:
Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում Արմեն Աշոտյանը նաեւ ասաց, որ Ծաղկաձորում առաջնությունն անցկացնելով՝ Հայաստանը զբոսաշրջային տեսակետից ավելի ճանաչելի դարձնելու նպատակ ունի. «Հրավիրել ենք նաեւ Ադրբեջանի թիմերին՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը, չնայած ադրբեջանցիներն անվտանգության խնդիրներ ու անվտանգության երաշխավորման խնդիր Հայաստանում չունեն, Հայաստանը շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանից, բայց պաշտոնապես որոշեցինք ծանուցել, նրանք հրաժարվեցին մասնակցությունից: Պետք է շեշտեմ, որ երբ աշխարհի առաջնությունն անցկացվում էր Ադրբեջանում, Ադրբեջանի կազմկոմիտեն չէր հրավիրել մերոնց՝ չէր երաշխավորում հայկական թիմերի մասնակցությունն ու անվտանգությունը: Մենք, ի տարբերություն մեր հարեւանների, ամեն ինչ արել ենք»:
Պարոն Աշոտյանի խոսքով, խաղը ռուսալեզու է, բայց այն միջազգային է, այդ են շեշտել նաեւ ԱՄՆ-ից, Իսրայելից, եվրոպական երկրներից ժամանող թիմերը:
Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանն էլ ասաց, որ կհյուրընկալեն մոտ 400 գիտակի՝ զարգացած, գիտելիքներով: Ըստ նրա, խաղի շրջանակներում կարեւոր է նաեւ Հայաստանը՝ ինտելեկտի երկիր ներկայացնելը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ