Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամ Խաչատրյանն ասել էր՝ գնանք, հրապարակը մաքրենք կապիկներից». Պատմում է վկան

Նոյեմբեր 10,2016 17:10

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով վկաների հարցաքննությունը: Քիչ առաջ դատարանն ավարտեց երկրորդ վկայի հարցաքննությունը:

Նա պատմեց, որ դեպքը տեսել է, թե ինչպես են ոստիկանները խափանել, ցրել հավաքը. «Ոստիկանների կոնկրետ գործողությունները խափանեցին հավաքը, այսինքն, հավաքը բուն նպատակին չծառայեց»:

Նրա պատմելով, ակտիվիստ Սեւակ Մանուկյանի ուշաթափ լինելու ժամանակ միջադեպը դեռ շարունակվում էր, ոստիկանները միջամտել են ոչ թե Սեւակին օգնելու համար, այլ որոշ քաղաքացիների բերման ենթարկելու համար, ապա, ըստ նրա, կարմիր բերետավորները եկան ու ավելի ուշ բերման ենթարկեցին չորս քաղաքացու:

Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը հարցրեց. «Ազատության հրապարակում, երբ վիճաբանությունն ավարտվեց, այդ ժամանակ ինձ տեսե՞լ եք Ազատության հրապարակում, ես մոտեցե՞լ եմ ոստիկաններին ու խոսե՞լ եմ իրենց հետ»:

Ի պատասխան վկան ասաց՝ տեսել է. «Երբ միջադեպն ավարտվեց, ես երկու երեխաներիս տարել եմ տուն ու վերադարձել եմ, այդ ժամանակ Գեւորգ Սաֆարյանին արդեն բերման էին ենթարկել»:

Նա պատմեց նաեւ, որ միջադեպից հետո տեսել է ոստիկան Գեղամ Խաչատրյանին, այդ ժամանակ նրա դեմքին վնասվածքներ չի տեսել. «Միջադեպի ակտիվ մասը երբ հանդարտվեց, Գեղամ Խաչատրյանն ու էլի ոստիկաններ այդտեղ էին, հարվածներ չկային, բանավեճ էր, Գեղամ Խաչատրյանին տեսել եմ, վնասվածք չի եղել դեմքին»:

«Գեղամ Խաչատրյանի աջ աչքի շրջանում արյունահոսություն կա՞ր, կարմրուկ կա՞ր, թե՞՝ ոչ, ուռա՞ծ էր աչքը, թե՞՝ ոչ»,- Գեւորգ Սաֆարյանի այս բոլոր հարցերին վկան պատասխանեց՝ ոչ:

Այս վկան պատմեց նաեւ, որ տարբեր ակցիաներից նկատել է, որ Գեղամ Խաչատրյանը տարբեր առիթներով վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ակտիվ քաղաքացիների հասցեին.

«Ոչ միայն Գեւորգ Սաֆարյանի, այլեւ հավաքներին մասնակցող ակտիվ քաղաքացիների նկատմամբ բացասական կարծիքներ է նա հայտնել, facebook-ում էլ գրել էր՝ գնալու ենք Ազատության հրապարակը մաքրենք կապիկներից: Միջադեպերի ժամանակ ականատես եմ եղել, թե ինչպես է Գեղամ Խաչատրյանը Գեւորգ Սաֆարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տվել, հայհոյանքների ու սպառնալիքների տեսքով»:

Վկան նաեւ պատմեց, որ դեպքի օրը, երբ մոտեցել է, տոնածառի հանդերձանքով ակտիվիստ Հովհաննես Ղազարյանն արդեն ընկած է եղել, նրան հարվածել են ընկած ժամանակ, իսկ դրան նախորդած ժամանակահատվածում ոչինչ չի տեսել, որովհետեւ Ազատության հրապարակում ներկա չի եղել. «Իմ մոտ տպավորություն է, որ դատախազն ուզում է հարց տալ, բայց չգիտի՝ ինչ հարցնի: Ներկայացրել եմ իրադարձություններն այն պահից, որ պահից տեսել եմ, դրանից առաջ ոչինչ չեմ տեսել»:

Դատախազը նաեւ հարցրեց՝ Գեղամ Խաչատրյանին որտեղ է տեսել, երբ պատմում է՝ վնասվածքներ չկային նրա դեմքին, ի պատասխան վկան ասաց. «Ազատության հրապարակի ծառապատ տարածքի դիմաց՝ ասֆալտապատ տարածքում»:

Դատախազը մեջբերեց վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքից մի հակասություն կարմիր բերետավորների գալու վերաբերյալ: Ըստ դատախազի, դատաքննության ժամանակ վկան ասաց՝ միջադեպից հետո են կարմիր բերետավորներն եկել, իսկ նախաքննության ժամանակ ասել էր, որ կարմիր բերետավորներից մեկը հարվածներ է հասցրել քաղաքացիներին:

Գեւորգ Սաֆարյանն առարկեց՝ ասելով, որ հակասություն չի տեսնում, իսկ վկան ճշգրտեց. «Միջադեպի ակտիվ փուլից հետո կարմիր բերետավորների ստորաբաժանումը մոտեցավ, իսկ կարմիր բերետավոր ոստիկանը ներկա է եղել նաեւ մյուս միջադեպերին»:

Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց, որ անցնի մյուս վկայի՝ Արմեն Միքայելյանի հարցաքննությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930