Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփի անկանխատեսելիությունը գուցե նպաստի հայ-ամերիկյան հարաբերություններին». Արա Պապյան

Նոյեմբեր 11,2016 12:32

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ այս պահին կարևոր է, թե ով կլինի ԱՄՆ պետքարտուղարը, քանի որ ԱՄՆ-ում արտաքին քաղաքականության հարցում շատ բան չի կախված նախագահից:

«Հայելի» ակումբում պարոն Պապյանը փաստեց, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկն էլ չէր կարևորում հայկական ձայները, քանի որ իրենք ունեին իրենց կայուն ընտրազանգվածը, սակայն սա ամենևին չի նշանակում, որ հայկական կառույցները պետք է այդքան պասիվ լինեին. «Անկախ նրանից՝ թեկնածուները Հայոց ցեղասպանության հարցով կարծիք հայտնում էին, թե ոչ, հայկական կառույցները պետք է ակտիվություն ցուցաբերեին: Իսկ այսօր դուրս մնալով այդ գործընթացից՝ մենք որևէ ակնկալիք ունենալ չենք կարող»:

Արա Պապյանը շեշտեց, որ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության մասին կանխատեսումներ անելիս պետք է հաշվի առնել, որ Թրամփը որպես թեկնածու և որպես նախագահ տարբեր են: Պարոն Պապյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի դիրքորոշման և վարած քաղաքականության մեջ շատ բան կորոշի հենց Թրամփի թիմը. «Ի վերջո, Ամերիկայում արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի ոչ թե նախագահը, այլ Սենատը»:

Այդուհանդերձ, հայ-ամերիկյան հարաբերություններում Արա Պապյանը լուրջ փոփոխություններ չի ակնկալում, բայց միևնույն ժամանակ նկատում է. «Օբամայի և Քլինթոնի տեսակետները հայերի հուզող հարցերի վերաբերյալ հասկանալի էին: Թրամփը փոքր-ինչ անկանխատեսելի է, ինչը ենթադրում է, որ հնարավոր դրական զարգացումներ լինեն մեզ համար»:

Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ հատկապես այն տեսանկյունից, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ ոգևորված են Թրամփի հաղթանակով՝ պարոն Պապյանն այսպիսի մեկնաբանություն արեց. «Ակնհայտ էր, որ Քլինթոնը պատժամիջոցների իրականացման քաղաքականությունը շարունակելու էր: Իսկ քանի որ Թրամփը անկանխատեսելի է, ապա հույս ունեն, որ միգուցե պատժամիջոցները դադարեցվեն: Ես այնքան էլ լիահույս չեմ, քանի որ պատժամիջոցների իրականացումը Կոնգրեսի որոշումն է, ուստի նա էլ պիտի փոխի»:

Ադրբեջանի վարած քաղաքականության հետ կապված պարոն Պապյանը շեշտեց, թե ՀՀ ԱԳՆ-ն ավելի շատ պետք է հանդես գա պաշտոնական դիրքորոշումներով:

Դառնալով Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու հայտարարությանը՝  Արա Պապյանը նշեց, թե ոչ թե հայկական կողմը պետք է մերժեր այդ հայտարարությունը, այլ հանդես գար կոնկրետ օրինակներով. «Մենք պիտի բերեինք Նախիջևանի օրինակը՝ որպես հայկական ինքնավարություն Ադրբեջանի կազմում և որ այնտեղ այսօր հայեր չկան: Պիտի փաստեինք, որ անգամ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանը կարողացել է նման քաղաքականություն իրականացնել: Կամ պետք է հայտարարեինք, որ Ադրբեջանի կազմում կան այլ կրոնական և էթնիկ խմբեր, ուստի թող իրենց նախ տան ինքնավարություն, կտեսնենք ինչպես է, միգուցե մտածենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930