Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեւ ու թիկունք» Ալիեւի ռեժիմին

Դեկտեմբեր 21,2016 12:00

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները՝ «ռազմավարական մակարդակում»

Սպասե՞նք ՌԴ-ի կողմից Ադրբեջանին «Իսկանդերի» վաճառքի

Ռուսաստանի կողմից ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը, ինչպես երեւում է, բավական թանկ է նստելու Հայաստանի եւ Արցախի վրա:

Ռուսաստանը վերջին շրջանում անցել է Ադրբեջանին չկորցնելու քաղաքականության ցուցադրության: Մոսկվայի հաճոյախոսությունները Բաքվին զուգորդվում էին ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում Անկարայի կողմից ԼՂ խնդրով Մոսկվային սիրաշահելու հայտարարություններով:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, որտեղ կայացել է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Այցի նախօրեին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը հայտնեց, թե Ռոգոզինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդին՝ Հայաստանին, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարում»։ «Ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից բացի՝ օրակարգում առանձնացված է երկու միջոցառում. փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ եւ բանակցություններ զենքի արտահանման վերաբերյալ, որին մասնակցելու է նաեւ ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բոյցովը»,- հայտնում էր պարբերականը` հավելելով. «Ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկը կլինի պարզաբանելը Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ։ Ադրբեջանցի գործընկերները շատ բացասական են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»։

Պարբերականը հիշեցրել էր, որ 2010-2014թթ. Բաքուն եւ Մոսկվան կնքել էին երկու С-300ПМУ-2 զենիթային հրթիռների, «Тор-М2Э»  հրթիռային համակարգերի, հարյուրական ուղղաթիռների, տանկերի ու զրահամեքենաների, «Смерч» եւ ТОС-1А համակարգերի գնման մասին պայմանագրեր: Զինտեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին Ռուսաստանը շարունակել է նաեւ ընթացիկ տարում, եւ ընդհանուր առմամբ մինչեւ այսօր Ադրբեջանը Ռուսաստանից շուրջ 5 մլրդ դոլարի զենք է գնել:

Բանագնաց Ռոգոզինն իր առաքելությունում ու «բացատրական աշխատանքներում», ըստ ամենայնի, հաջողել է: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը Ռոգոզինի այցին անդրադառնալով՝ նշել էր, թե Մոսկվան Բաքվին երաշխիքներ պետք է տա, որ այդ համակարգերը չեն հայտնվի Լեռնային Ղարաբաղում։ «Ռուսաստանը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է»,- Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին, որին մասնակցել է նաեւ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյղուբովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի, եւ Ադրբեջանը բարձր է գնահատում այդ հարաբերությունները: «Երկու երկրների միջեւ տնտեսական կապերը ռուսաստանյան տնտեսության ճգնաժամի պատճառով զգալի անկում են ապրել 2014 թվականի համեմատ, սակայն Ռուսաստանն այսօր էլ Ադրբեջանի կարեւորագույն առեւտրային գործընկերն է: ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը երկրորդ տեղում է»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետն ու հավելել, որ նախորդ տարի Ադրբեջանի ներդրումները Ռուսաստանում կազմել են շուրջ 1 միլիարդ դոլար, իսկ ռուսական ներդրումները Ադրբեջանում շուրջ 3 միլիարդ դոլարի են հասնում։ Մինչդեռ ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի տնտեսությունում 2015թ. ռուսական ներդրումները կազմել են ընդամենը 1,2 միլիարդ դոլար:

Իսկ Դմիտրի Ռոգոզինն ավելի հստակ էր: Մոսկվան եւ Բաքուն մի շարք հարցեր են լուծել, որոնք նախկինում բանավեճեր են առաջացրել՝ ասել է նա Բաքվում կայացած՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։ «Մենք շատ ժամանակ ենք ծախսել բանակցությունների վրա, լուծել ենք մի շարք հարցեր, որոնք բարդ բանավեճերի առիթ էին հանդիսացել»,- ասել է Ռոգոզինը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյղուբովին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու 21-րդ էներգետիկ ֆորումին։

Ռոգոզինին Բաքու գործուղելով` Ռուսաստանը ցույց տվեց, որ փաստացի, Ադրբեջանին որպես գործընկեր չկորցնելու, նույնիսկ սիրաշահելու հստակ քաղաքականություն է վարում: Սա իսկապես վտանգավոր մթնոլորտ է Ալիեւի ռեժիմին կրկին «թեւ ու թիկունք» դառնալու եւ ԼՂ հարցում հայկական կողմին հոգեբանորեն ճնշելու հարցում: Բացի այդ, չի կարելի բացառել, որ առաջիկայում այս այցի արդյունքում Ռուսաստանն Ադրբեջանին նույնպես վաճառի «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:

Թուրքիան ու ՌԴ-ն ակտիվացնո՞ւմ են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վերջերս Ռուսաստան էր ժամանել: Այս այցը նշանավորվեց այն տեղեկությամբ, որ Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման շուրջ։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել էր Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեջաի Բերբերը։ Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունն ի սկզբանե եղել է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի խնդիրը. «Անկասկած է, որ այդ խնդրի լուծումը կհանգեցնի տարածաշրջանի կայունությանն ու նրա քաղաքացիների բարեկեցության մեծացմանը։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչպիսին որ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն են։ Սակայն Երեւանի ու Անկարայի լավ հարաբերությունների ուղին անցնում է Ղարաբաղով»։ Բերբերը հավելել էր, որ Յըլդըրըմի այցի ընթացքում քննարկվել են նաեւ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձեւաչափի եւ, մասնավորապես, միջխորհրդարանական բարեկամության եռակողմ խմբի ստեղծման մանրամասները։

Այն, որ պաշտոնական Անկարան Մոսկվայի հետ քննարկում է ԼՂ խնդիրը` վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ Անկարան շեշտում է Մոսկվայի առանձնահատուկ դերը ԼՂ կարգավորման գործընթացում՝ փաստելով, որ, այնուամենայնիվ, գոյություն ունի ռուսական առանձին նախաձեռնություն ԼՂ խնդրում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` դեկտեմբերի սկզբին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով. «Մենք հարգում ենք Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու Ռուսաստանի կամքը»:

Ռուսական պլանի գոյության մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ավելի վաղ` հոկտեմբերին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում խոսեց: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Չավուշօղլուն շոշափեց Հայաստանի` հինգ շրջանների զիջման հարցը. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է: Այս քայլերի ձեռնարկման դեպքում հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի, կարգավորում է ցանկանում նաեւ Ադրբեջանը: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:

Պաշտոնական Երեւանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մակարդակով, անշուշտ, պատասխանեց Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթին` նշելով. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության: Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը եւս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից»:

Թուրքիան առանց այն էլ ԼՂ խնդրում կողմնակալ պետություն է, չի թաքցնում, որ ձգտում է ադրբեջանանպաստ լուծման, Անկարան ԼՂ խնդրի պատճառով շրջափակել է Հայաստանը: Այն, որ ԼՂ խնդիրն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները միմյանց փոխկապակցված են` ոչ ոք չի հերքում: Սակայն խնդիրը այլ տեղ է. ինչո՞ւ պաշտոնական Երեւանը չի ցանկանում պատասխանել մի քանի այլ հարցերի` ո՞վ է Թուրքիային մոտ թողել ԼՂ կարգավորման գործընթացին: Կամ հաջորդ հարցը` այդ ի՞նչ խելամիտ առաջարկություններով է հանդես եկել Մոսկվան, որն էլ քննարկում է Թուրքիայի իշխանությունների հետ: Պաշտոնական Երեւանի համար դրանք ընդունելի՞ են: Մոսկվայի առանձին ջանքերը որքանո՞վ են ընդունելի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար: Եթե Մոսկվայի առանձին ջանքերը նույն «Լավրովի պլանն» է, ապա պաշտոնական Երեւանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե նման ծրագիր գոյություն չունի:

Հետեւաբար ինչի՞ մասին են անընդհատ խոսում Թուրքիայի իշխանությունները… Ի վերջո, Անկարայի կողմից արդեն որերորդ հայտարարությունն է հնչում այս թեմայով, դրանք չեն հերքվում պաշտոնական Մոսկվայի կողմից, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանն իսկապես հետեւողականորեն շարունակում է իր առանձին պլանը քննարկել Թուրքիայի հետ: Ավելին` դատելով թուրքական կողմի հիացական հայտարարություններից` դրանք այնպիսի առաջարկներ են, որոնք լիովին բավարարում են թե՛ Անկարային, թե՛ Բաքվին:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 20.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031