Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք ուզում ենք ՀԱՊԿ-ի զորքը գա այստեղ կանգնի, թե Բաքուն ռմբակոծի». Սամվել Մարտիրոսյան

Դեկտեմբեր 30,2016 14:05

«Ապրիլյան պատերազմը չի ավարտվել, երեկ տեղի ունեցած դեպքերը դրա շարունակությունն են», այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին, որոնց արդյունքում երեք զինծառայող էր զոհվել:

Ըստ պարոն Գրիգորյանի, միայն «միամիտ մարդիկ կարող են մտածել, որ ապրիլյան պատերազմը ավարտվել է, ո՛չ, այն շարունակվում է»:

Ըստ քաղաքագետի, պատերազմը ժամանակից աշխարհում բարդ հասկացողություն է եւ այսօր պատերազմը ոչ թե մարտի դաշտում է, ինչպես տարիներ առաջ էր, այլ՝ դիվանագիտական ու քաղաքական դաշտում.

«Պարզ է, որ մենք ՀԱՊԿ-ում խայտառակ պարտվեցինք եւ Ադրբեջանի ազդեցությունը ավելի ուժեղ է ՀԱՊԿ-ում: Ադրբեջանը դեմ էր, որ Հայաստանի ներկայացուցիչը նշանակվի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար եւ այդպես էլ եղավ»: Ըստ պարոն Գրիգորյանի,  Ադրբեջանն իր դաշնակիցների՝ մասնավորապես Բելառուսի միջոցով ապացուցեց, որ կարող է անել այն, ինչ ուզում է եւ այսօր արդեն նրա ոտնձգությունը Հայաստանի դեմ է. «Ինչո՞ւ Ղարաբաղի վրա չհարձակվեց, այլ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ը չի պաշտպանում Հայաստանին»:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը չի կարծում, որ Ադրբեջանին կրկին հարձակվելու հիմք տվեցին այս օրերին բուռն քննարկումների տեղիք տված այն միտքը, թե պետք է գնալ փոխզիջումների: Նրա խոսքերով, պատերազմը երբեք էլ չի ավարտվել եւ կշարունակվի, քանի դեռ չի կնքվել պայմանագիր: Ըստ նրա, Հայաստանի սահմանի դեմ ոտնձգությունը Ադրբեջանն արել է դեռեւս կոլեկտիվ անվտանգության պայմանագրի ուժի մեջ եղած ժամանակ էլ, երբ գրավել է Արծվաշենը եւ դրա համար որեւէ մեկը Հայաստանի շահերը չի պաշտպանել:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Նիկոլայ Բորդյուժայի երեկվա հայտարարությանը՝ կապված երեկվա միջադեպի հետ, որտեղ նա կատարվածը որակել էր որպես սադրանք, պարոն Հակոբյանն ասաց, որ մենք՝ հայերս, ՀԱՊԿ-ը շատ ենք կարեւորում, մինչդեռ պարզ չէ ինչու են մեզ տարել այնտեղ: Ըստ նրա, ավելի ճիշտ կլինի Հայաստանը ուժեղացնի սահմանային վերահսկողությունը եւ փորձի զարկ տալ դիվանագիտությանը. «Որքան էլ ասենք՝ անիմաստ է, բայց շատ կարեւոր է, որ Հայաստանը նախաձեռնող լինի: Հայաստանը պետք է նոր նախաձեռնությամբ հանդես գա եւ պետք չէ ձեռքերը ծալած նստել»:

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունն է կարեւոր, այլ՝ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների. «Չեմ կարծում, որ բավարար է այդ հայտարարությունը: Համոզված չենք, որ Բորդյուժայի հայտարարությունը կարծիքն է բոլոր անդամ երկրների»:

Ըստ պարոն Գրիգորյանի Ադրբեջանը վաղուց դադարեցրել է բանակցությունները եւ կոշտ դիրքորոշում է որդեգրել, այն է՝ դուրս եկեք մեր տարածքներից, մենք կմտածենք Ղարաբաղում հայերը ապրեն, թե՝ ոչ:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, միջադեպից հետո  Ադրբեջանում մոտ յոթ ժամ լռություն է եղել եւ ինչպես ապրիլյան պատերազմի դեպքում էր, լրատվամիջոցները հրահանգ չունեին ինչ գրել,  «Հայկական մամուլ չէին ցիտում այդքան ժամ: Դրանից հետո խառնաշփոթ իրավիճակ էր: Գրեցին, որ Ակնայի գյուղերից է ռմբակոծվել, տուն է այրվել, հետո գործակալությունները տվեցին, որ տունը հոսանքի պատճառով է այրվել: Գրեցին, որ հայկական դիվերսիոն խումբը մտել է գյուղ եւ նույնիսկ մի հոգուն կարողացել է տանել իրենց հետ եւ այլն»:

Անդրադառնալով մամուլում, սոցցանցերում ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննադատություններին՝ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ դատելով արձագանքներից Հայաստանում ՀԱՊԿ-ից պահանջում էին գործողություններ եւ հանրությունը չհստակեցված պահանջներ ունի ՀԱՊԿ-ից. «Արդյոք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ի զորքը գա այստեղ կանգնի, թե ՀԱՊԿ-ը ռմբակոծի Բաքուն»:

Այն հարցին էլ, թե ՊՆ-ից շուտ Տավուշի մարզպետը տեղեկատվությունը հրապարակեց զոհերի մասին, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ նախ ՊՆ-ն հստակ չէր ասում՝ ինչ է եղել եւ մարզպետից գնաց արտահոսք. «Հետո ՊՆ-ն անուններ հրապարակեց: Պետք է թղթի վրա գրվի նման դեպքերում՝ ով ինչ պետք անի, ով ինչի իրավունքն ունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031