Լրահոս
Օրվա լրահոսը

Պիպոյանը ՍԱՊԾ-ին՝ «Տանեմ 30 օբյեկտ ցույց տամ, 30-ում էլ խախտում լինի»

Հունվար 16,2017 20:45

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր կառավարության մոտ 4 ամսվա աշխատանքին եւ թե ինչ է նախատեսվում ծրագրով սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, ասաց՝ «Գների կարգավորման խնդիրը ներառված չէ, սա կարեւորագույն խնդիր է, որը հաշվի չեն առել»:

Պիպոյանի ներկայացմամբ՝ «Սպառողին հետաքրքիր է, որ ապրանքը լինի հասանելի, գրպանին հարմար, հնարավորինս մատչելի, մատուցված ծառայությունն ու ապրանքը լինեն որակյալ եւ անվտանգ: Ցավոք սրտի, գների կարգավորման խնդիր դրված չէ, հատկապես գյուղմթերքի: Անգամ այդ ոլորտի ախտորոշումը, որ արել են, եւ կարեւորագույն խնդիրները, որոնք համարում են, որ պետք է լուծեն, իմ նշած կարեւորագույն խնդիրները դրանց մեջ ներառված չեն»:

Իսկ թե ինչպես՞ է հնարավոր գյուղմթերքի գները կարգավորել, Պիպոյանն ասաց՝ աշխարհում չկա մի պետություն, որը ունենա զարգացած գյուղատնտեսություն եւ չունենա գների կարգավորման մեխանիզմ. «Ես պնդում եմ սա, ու պատրաստ եմ բանավիճել այս թեմայով: Չի բացառվում, որ գյուղացին ապրանք է արտադրում, որը ստիպված է վաճառել ինքնարժեքից ցածր: Այսինքն, գյուղացու արտադրած ապրանքի ինքնարժեքը 100 դրամ լինի, բայց ստիպված վաճառի 70 դրամով: Այս դեպքում  պարենային ապահովության եւ անվտանգության խնդիր կառաջանա: Ուստի, պետությունը պետք է կանգնի նրա կողքին, որպեսզի գյուղացին շարունակի արտադրել տվյալ ապրանքը: Իսկ երբ պետությունը կանգնի գյուղացու կողքին, չի թողնի, որ գինը շահարկի, որովհետեւ, կասին՝ 100 դրամից ավելի իրավունք չունես վաճառել»:

Պարոն Պիպոյանի դիտարկմամբ՝ մյուս խնդիրները, որոնք հարկավոր է լուծել՝ ինքնարժեքի վրա ազդեցությունն է, եւ ներմուծմամբ բալանսավորումն է՝ արտադրությունների տարանջատումով. «Գների կարգավորման մեխանիզմն աշխարհը ներդնում է, իսկ մենք՝ ոչ»:

Մեր այն հարցին՝ գյուղապրանքների գները վերավաճառողներն են, կարելի է ասել՝ սահմանում, այսինքն՝ բարձր գին նրանք են դնում, Պիպոյանը պատասխանեց. «Որովհետեւ մենք որեւէ ապրանքի իրական գին չգիտենք:

Հենց ապրանքի իրական գինն ունենանք, իմանանք՝ այդպես չի լինի»:

Մեր այն դիտարկմանն էլ, որ այսօր ասուլիսի ժամանակ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի հարցին՝ պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ սուպերմարկետների ներքնահարկերում հատուկ տեխնոլոգիաներով թե՛ սննդամթերքի եւ թե՛ կենցաղային ապրանքների, որոնց ժամկետները անցնում են, կամ մոտենում են ավարտին, նոր` կեղծ ժամկետներ են փակցվում, պատասխանել է, որ նման փաստ չունեն, որ պիտանելիության ժամկետի փոփոխություններ են իրականացվում եւ, եթե նման փաստ լինի, տրամադրեն ծառայությանը, Պիպոյանն այսպես արձագանքեց՝ «Որովհետեւ ստուգման մեխանիզմ, ձեւ չունեն, չգիտեն՝ ինչպես ստուգել: 2012-ին ներդրված է եղել շտրիխ կոդով ստուգելու մեխանիզմը: Հիմա ծառայությունն այդպիսի բան չի անում: Որպեսզի նման մեխանիզմ մշակվի, մասնագիտական որակ է պետք: Ծառայությունում կան մասնագետներ, բայց նրանց լսող չկա»:

Բաբկեն Պիպոյանը ՍԱՊԾ-ի ներկայացրած ստուգումների վիճակագրություն էլ կասկածի տակ է առնում, եւ պնդում՝ ոչ մի լուրջ գործ չեն արել. «Ասում են՝ ստուգել են հանրային սննդի 25 օբյեկտ, միայն 1-ում են խախտում հայտնաբերել: Սա խոսում է այն մասին, որ կամ մտածված եւ ընտրովի գնացել են այնտեղ, որտեղ, իրոք, չկա խախտում, կամ էլ՝ հայտնաբերելու ձեւը չգիտեն: Իրականում Երեւանում կարող եմ, ասենք՝ 30 օբյեկտ տանեմ ցույց տամ, 30-ում էլ խախտում հայտնաբերեն: Իսկ եթե 20-30 հոգով ստուգումներ են անում ու բան չեն գտնում, ուրեմն ռեսուրսն անարդյունավետ են ծախսում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031