Լրահոս
Օրվա լրահոսը

Շահի տիկնոջ հավաքածու գլուխգործոցները հնարավոր է ցուցադրվեն Հայաստանում

Հունվար 17,2017 14:16

Հունվարի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) կայացավ տնօրեն Արման Ծատուրյանի եւ գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանի մամուլի ասուլիսը: Նրանք ամփոփեցին 2016 թ., անդրադարձան նաեւ 2017 թ. նախատեսված աշխատանքներին, այդ թվում` մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի միջոցառումներին: Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Եվրոպական, Ռուսական, Հայկական և Արևելյան արվեստի սրահներում կարելի է ծանոթանալ Այվազովսկու, Սարյանի, Կանդինսկու, Դոնատելլոյի և նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործություններին:

2016-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել են կարեւոր ցուցահանդեսներ՝ նվիրված Սարգիս Խաչատուրյանի ծննդյան 130-ամյակին, Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին, Ալեքսանդր Բաժբեուկ- Մելիքյանի ծննդյան 125-ամյակին: Վերջինում ներկայացվել են նույն ընտանիքի անդամների՝ նաեւ Լավինիա, Զուլեյկա եւ Վարդգես Բաժբեուկ Մելիքյանների աշխատանքները: Արման Ծատուրյանն ասում է, որ նման ցուցահանդեսով ցանկացել են ցույց տալ, թե որքան տարբեր կարող են լինել նույն ընտանիքի անդամները: Առաջին անգամ փորձ է արվել համագործակցել մասնավոր հավաքորդների հետ, Ծատուրյանի խոսքով, սառույցը հալվել է, եւ նրանք այլեւս վախ չունեն ցուցադրելու իրենց հավաքածուների նմուշները:

Պատկերասրահի 2016թ ինքնատիպ նախագծերից էին «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը», Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի, իրանական արվեստը ներկայացնող ցուցահանդեսները:

Պատկերասրահի տնօրենը շեշտեց, որ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը բացառիկ հավաքածու ունի, որը 4 մլրդ դոլար է գնահատվում, այն հավաքել է Իրանի նախկին շահի կինը: «Մեր ցանկությունն է այդ գլուխգործոցներից 1-2-ը ցուցադրել Հայաստանի ազգային պատկերասրահում»,-հույս հայտնեց պատկերասրահի տնօրենը:

Անդրադարձ եղավ նաեւ XVIII-XX դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկայի ցուցադրությանը եւ մասնավորապես Հովհ. Այվազովսկու ծննդյան 200 ամյակին նվիրված ցուցահանդեսին, որը կայացել էր Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Վերջինիս 12 աշխատանքով մասնակցել էր Հայաստանի ազգային պատկերասրահը, որը Այվազովսկու աշխատանքների թվով երկրորդն է աշխարհում: Մեր պատկերասրահում Այվազովսկու 57 գեղանկար եւ 31 գրաֆիկական աշխատանք կա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031