Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների պրոթեզները բելգիացի մասնագետները ցածրորակ են համարել

Հունվար 25,2017 17:30

«Այժմ մենք ունենք ռազմաբժշկական ծառայություն, որը կարելի է ասել, կատարում է իր խնդիրները, տարվա պլանում կատարվող միջոցառումները, զորքերի խաղաղ եւ պատերազմական ժամանակահատվածի բժշկական ապահովումը եւ բոլոր այն ծառայությունները, որոնք նշված են ռազմաբժշկական ծառայության համար»,- «Արմենպրես» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նա՝ ամփոփելով նախորդ տարին, ասաց, որ 2016-ը լարված տարի է եղել ոչ միայն ռազմական բժշկության, այլ նաեւ ամբողջ զինված ուժերի համար. «Տարին սկսեցինք, փետրվար ամսում համաճարակային իրավիճակի սրացմամբ: Մեզ հաջողվեց ժամանակից շուտ «հաղթել» համաճարակը եւ կարողացանք բանակում խուսափել մահվան դեպքերից: Համաճարակային իրավիճակից դուրս գալուց հետո, ապրիլից սկսվեցին ռազմական գործողությունները եւ ունեցանք պատերազմին բնորոշ զոհեր եւ վիրավորներ: Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորների թվաքանակը եղավ 125, նախորդող օրերին՝ եւս 34 վիրավոր»:

Նրա խոսքերով` հայ մասնագետներն ամեն ինչ արել են վիրավորների կյանքը փրկելու համար, չնայած հոսպիտալում մահվան 3 դեպք է գրանցվել, որից մեկի ժամանակ, ըստ պարոն Խաչատրյանի, զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել արդեն մահացած. «Իսկ երկուսին` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ ենք կորցրել»:

Ընդհանուր առմամբ, ծայրահեղ ծանր վիճակում ապրիլյան դեպքերի ժամանակ, ըստ գնդապետի, ունեցել ենք 9 զինծառայող` գլխուղեղի եւ ողնաշարի վիրավորումներով: «Ներկա պահին վերականգնողական բուժումը շարունակում են 3 հոգի, որից 2-ը՝ կենտրոնական հոսպիտալում, մեկը` «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Բացի այդ եւս 6 հոգի կարիք ունի շարունակական վերականգնողական բուժման: 3-ից մեկը ամենայն հավանականությամբ վաղը կտեղափոխվի Մոսկվա` վերականգնողական բուժումը շարունակելու»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է պետական մակարդակով բուժում կատարվում, երբ վիրավոր Արման Ավետիսյանին ցանկանում են տեղափոխել Բելգիա` նոր պրոթեզ տեղադրելու համար, որպեսզի Հայաստանում դրված ցածրորակ պրոթեզը, այդպես են բնորոշել Բելգիայի մասնագետները, փոխարինվի բարձրորակով:

Հարցին ի պատասխան, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ պրոթեզավորման գործընթացը այնպես չէ, որ ոտքը կամ ձեռքը ամպուտացվեց եւ անմիջապես դրվի այնպիսի պրոթեզ, որ մինչեւ կյանքի վերջ նրան ծառայի. «Սկզբնական շրջանում, մենք պրոթեզավորվում ենք հարմարվելու համար, որոշակի ժամանակով, որը հետագայում փոխարինվում է նորով: Մենք ունենք հայ-գերմանական պրոթեզավորման կենտրոն է, որտեղ պրոթեզավորվել են նախկին պատերազմից եւ վերջին ժամանակահատվածից բոլոր այն վիրավորները, որոնց ստիպված ամպուտացրել են վերջույթները: Այդ մարդիկ ապրում են այդ պրոթեզներով եւ գոհ են: Հարց է, թե պրոթեզ կրողը ինչքանով է ուզում ավելի լավ պրոթեզ»:

Կամավոր Խաչատրյանի փոխանցմամբ, մենք ունենք բավականաչափ բժշկական անձեռնմխելի պաշար, որոնց միայն 10 տոկոսն է օգտագործվել ռազմական գործողությունների ապահովման ժամանակ:

Գնդապետի խոսքերով ռազմական դեպքերը վերջին 3 տարիների ընթացքում ավելացել են:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031