Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանականները գրքեր կարդացին երեխաների համար (Ֆոտոշարք)

Փետրվար 19,2017 19:28

Գիրք նվիրելու օրը` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում. մեկնարկել է «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը:

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է այս օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը: Այս համատեքստում ամեն անգամ գրադարանի գողտրիկ անկյուններից մեկում` Հեքիաթի սրահում, Երևանի պետական համալսարանի նախկին և ներկայիս ուսանողները, դասախոսները կհանդիպեն գրադարան այցելող  փոքրիկ գրքասերների հետ և նրանց համար կկարդան պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ:

«Կարդում են համալսարանականները» խորագրով շարքի առաջին հանդիպումը մեկնարկել է գերմանացի հայտնի մանկագիր Վալտեր Քրումբախի  «Ճանապարհորդ ոզնին» չափածո հեքիաթի ընթերցմամբ: Ոզնու արկածների մասին պատմող այս գեղեցիկ պատմությունը ՀՀ մարզերի և մայրաքաղաքի դպրոցականների համար  ընթերցեցին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը (ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը), Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ` Կարոլինա Հարությունյանը, Գոռ Դարմանյանը,  Համլետ Պետրոսյանը: Նշենք, որ Գոռ Դարմանյանը և  Համլետ Պետրոսյանը ծառայել են ՀՀ բանակում և մեր Հայրենիքի պաշտպաններից են:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը  փետրվարի 17-21-ը գրադարանում անցկացնում  են Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Տոնավաճառին իրենց հրատարակություններով մասնակցում են «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ, ՀՀ ԳԱԱ, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:

Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում գրադարանում անցկացվում է  «Նվեր զինվորին» ակցիան. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գնելով նախընտրած գիրքը, յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի այն նվիրել զինվորին: Ցուցահանդես-տոնավաճառում գործում է տաղավար, որտեղ և կարելի է թողնել ընծայագրով գիրք` զինվորին փոխանցելու համար: Այսօրվա հեքիաթասաց-համալսարանականներն  իրենց գրքերով ևս  միացան այս գեղեցիկ ակցիային:

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները` Նարեկ Ավանեսյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728