Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գիրքը շատ ավելի խորքային մարդկային հարաբերությունների մասին է». Էդգար Հարությունյանը հրատարակել է իր երկրորդ գիրքը

Փետրվար 19,2017 23:49

2015 թվականին Էդգար Հարությունյանը, որը հանրությանը հայտնի դարձավ որպես լուսանկարիչ, հրատարակեց իր առաջին գիրքը, որը կոչվում էր «Նվիրվելու արվեստը կամ Ձոն վարդին»: Այն ունեցավ մեծ հաջողություն, մի քանի ամիս շարունակ ճանաչվեց բեսթսելլեր: Այսօր` փետրվարի 19-ին` գիրք նվիրելու օրը, հեռու չմնալով օրվա խորհրդից` նա ընթերցողներին «նվիրեց» իր երկրորդ գիրքը` «Չգտնված երիցուկներ»-ը: Հեղինակը մեզ հետ զրուցեց  իր նոր գրքի, առաջինի հաջողության և պլանների մասին:

-Մի փոքր կպատմե՞ք ձեր երկրորդ գրքից, ինչի՞ մասին է այն:

-Գիրքը պատմում է ամուսնալուծված կնոջը սիրահարված ամուսնալուծված տղամարդու սիրո մասին: Բայց իրականում սյուժեն այդքանով չի սահմանափակվում, գիրքը շատ ավելի խորքային մարդկային հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Փորձել եմ այդ 2 կերպարների հարաբերությունների հիման վրա անդրադառնալ շատ ուրիշ հարցերի, որոնք դուրս են հենց բուն սիրային հարաբերություններից:

-Ինչո՞ւ եք գիրքն անվանել «Չգտնված երիցուկներ»:

– Երիցուկները գրքում իրականում շատ խորհրդանշական նշանակություն ունեն, էպիզոդիկ դեր ունեն որպես ծաղիկ: Բացատրել չեմ կարող ինչու, ընթերցողը պետք է կարդա և կհասկանա: Գրքի մեջտեղում արդեն պարզ է դառնում, թե ինչու հենց չգտնված երիցուկներ:

Մի պահ դադար տվեց և շարունակեց խոսքը:

-Լավ, ամեն դեպքում գաղտնիքը բացեմ :(Մտափոխվեց, լավ է` կիմանանք գաղտնիքը.-Ռ. Հ.): Հերոսուհին ինչ- որ առիթով փնտրել է երիցուկներ և չի գտել, հետագայում` տարիներ շարունակ տառապում է այն մտքից, որ չի կարողանում գտնել,  իսկ տղամարդը օգնում է նրան փնտրել ծաղիկները: Գտնում է, թե ոչ կիմանաք գրքի վերջում:

-Ովքե՞ր են  աշխատել գրքի վրա:

-Գրքի խմբագիրը  ինչպես առաջին գրքի դեպքում, այնպես էլ հիմա Դավիթ Գյուրջինյանն է: Գրքի դիզայները նույնպես առաջին գրքի դիզայնի հեղինակ Արմեն Հայրապետյանն է, որակյալ գործ է արել էջադրողը` Գոհար Գրիգորյանը, հրատարակել է «Անտարես» հրատարակչատունը: Բոլորը որակյալ գործ են արել, շնորհակալ եմ նրանց: Դե իսկ հեղինակն էլ ես եմ ` Էդգար Հարությունյան (ծիծաղում է.- Ռ. Հ):

Էդգարի խոսքով  իր երկու գրքերն իրարից շատ տարբեր են թե′ գրելաոճով, թե′ բովանդակությամբ.

– Մարդիկ կան, որ հասցրել են կարդալ երկրորդ գիրքս ու ասում են, որ առաջինից շատ տարբեր է, չեն ասում լավ առումով թե վատ, ուղղակի ասում են` շատ տարբեր են: Եթե առաջին գիրքս շատ եթերային, երազային էր, կար սեր, հրապուրանք, սիրահարվածություն, նվիրվածություն իհարկե այդ ամենն իրականության սահմաններում` ո′չ չափազանցված, ո′չ հեքիաթային, ապա 2-րդն անդրադարձել է հարաբերությունների ավելի իրական ու խորքային մասին: Էլի կա սեր, նվիրում, ամուսնություն, բաժանում. այս անգամ փորձել եմ այդ ամենն ավելի համապարփակ վերլուծել և ներկայացնել հանրությանը:

– Ո՞րն է այս գրքի նպատակը, ո՞ւմ է այն հասցեագրված:

-Ընդհանրապես ի սկզբանե իմ նպատակն էր գիրքը հասցեագրել այն աղջիկներին, որոնք պատրաստվում են ամուսնանալ, հիմա էլ է հասցեագրված , բայց ոչ միայն նրանց, ուղղակի գիրքը գրելիս շատ ուրիշ թեմաներ  առաջացան. դրա համար հասցեագրել եմ ընթերցող լայն շրջաններին:

Երբ խոսեցինք այն մասին, թե ի՞նչն է ներշնչում իրեն թե′ որպես լուսանկարիչ, թե′ որպես ստեղծագործող, նա ասաց, որ միշտ ասում է` իրեն ներշնչում է գեղեցիկը, և ամենևին կապ չունի, թե դա ինչ կլինի. կարևորը` լինի գեղեցիկ:

-Կարո՞ղ ենք ասել, որ ձեր գրած պատմությունները սեփական կյանքի փորձից են վերցված:

-Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են իմ անձնականին թե′ առաջին գրքի դեպքում, թե′ երկրորդ, ես ընդհանրապես չեմ պատասխանում, նույնիսկ իմ ամենամտերիմ մարդկանց: Ես մեծ հաճույքով կլսեմ գրքի գեղարվեստական, բովանդակային մասին ուղղված գովեստներ կամ քննադատություններ, եթե դրանք զերծ լինեն անձնական բնույթի հարցերից: Ուզում եմ, որպեսզի ընթերցողը գնահատի գիրքը որպես գեղարվեստական գործ, ոչ թե այն հեղինակի անձնական կյանքը փորփրելու առիթ դարձնի: Ես ոչ ասում եմ գիրքը իմ մասին է, ոչ էլ ասում եմ` իմ մասին չէ: Իրականությունը միայն ես գիտեմ ու վերջ:

-Առաջին գիրքը մեծ հաջողություն ունեցավ, մի քանի ամիս բեսթսելլեր էր,  մտավախություն չկա՞ր, որ երկրորդը չի գրանցի նույն հաջողությունը:

-Առաջինի դեպքում հաջողության չէի սպասում, նույնն էլ երկրորդի դեպքում. ոչ հաջողություն եմ ակնկալում, ոչ էլ անհաջողություն: Եթե  լավն է կտարածվի, ձեռքից ձեռք կանցնի, մարդիկ կգրեն, կխոսեն դրա մասին, եթե ոչ` կմնա գրախանութներում: Ես արել եմ այն ինչ կարող էի, ինչ ուզում էի ու ցանկանում առանց կեղծելու: Հաջողության կարժանանա, թե ոչ որոշում է ընթերցողը:

Էդգարն իրեն գրող չի համարում ու չի կոչում, և երբ հարցրի, թե ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ գրողներին որպես այս ասպարեզում հաջողության հասած մարդ, ասաց.

-Ես ինձ ընդհանրապես գրող չեմ համարում, բոլոր հեղինակներին անվանել գրող սխալ կլինի: Միայն խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր ստեղծագործում են. ստեղծագործե′ք անկեղծ:

Դե, քանի որ այսօր գիրք նվիրելու օրն է, հարցրինք` հասցրե՞լ է ինչ-որ մեկին գիրք նվիրել, նա էլ կես կատակ-կես լուրջ պատասխանեց.

-Այսօր շատ զբաղված եմ, դեռ ոչ մեկին չեմ հասցրել գիրք նվիրել, բայց նվերներ սիրով ընդունում եմ:

Վերջում հեղինակը հույս հայտնեց, որ սա իր վերջին գիրքը չի լինի և ասաց, որ մտադրություն կա շարունակելու. մի խոսքով կարող ենք սպասել իր 3-րդ գրքին, բայց, թե ինչի մասին կլինի այն, հեղինակն ինքը, չգիտի:

Ռոզա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728