Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն Վարդան Ղուկասյանի թիկնապահի ընտանիքի ու մարտունական «Չոռնի Անոյի» միջև (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 02,2017 16:42

Գյումրիում ընտրություններն անցնում են բավական լարված․ մի քանի թաղերում՝ օրինակ՝ այսպես ասած «Գծի հետևում», Ավտոկայանի «Զանգակ» մանկապարտեզում գտնվող 31/47 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են հայկական ավանդույթի համաձայն։ Այստեղ թաղի տղաները կամ մականունավոր կանայք ընտրողներին ուղղորդում են դեպի ընտրատեղամասեր, մարդիկ էլ ժամերով հերթ են կանգնում ընտրատեղամասի դիմաց ու միաժամանակ դժգոհում են։

Ավտոկայան թաղամասի «Զանգակ» մանկապարտեզի դիմաց կանգնած էին այսպես ասած՝ «կին դիրիժորներ»։ Ընտրողներին դեպի ընտրատեղամաս էին ուղղորդում Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները, «Ավտոկայանի» տնօրեն «Չոռնի Անոն» ու մի կին։ Այստեղից ահազանգ էինք ստացել, որ դրսում քվեաթերթիկներ էին բաժանում, երբ հասանք ընտրատեղամաս, այնտեղ եկավ նաև Վարդան Ղուկասյանի թիկնապահը՝ Տիգրանը ու նրա կինը՝ «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանը։ Սկսվեց թունդ վիճաբանություն հանձնաժողովի նախագահ Աշոտ Խաչատրյանի ու Արուսյակ Հովհաննիսյանի միջև։

Արուսյակ Հովհաննիսյանն ասում էր, այստեղից քվեաթերթիկներ են դուրս բերվում ու կարուսել է պտտվում։ «Ձեռքերը բռնեք»,- խնդրում էր նա հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Խաչատրյանն էլ պնդում էր, որ նման բան չի եղել։ «Եթե նա ծոցն է դրել, ես իրավունք չունեմ․․»,-ասում էր վերջինս։

Մենք Աշոտ Խաչատրյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ են այսպիսի հերթեր գոյացել, ի պատասխան նա ասաց․ «Թող շատ լինեն․Ուրախ չե՞ք»։

Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանն ասաց․ «Դեռ երեկ թերթիկները հաշվարկելու ժամանակ այստեղ խնդիր է եղել, փորձ է կատարվել թերթիկները չդնել սեյֆի մեջ, պատճառաբանվել է, թե սեյֆում տեղ չկա։ Ոչ ուզել են ծրարները դնել, ոչ՝ թերթիկները։ «Ծառուկյան դաշինքի» վստահված անձանց պահանջով, ոստիկանության ներկայացուցչի միջոցով 6․30 այդ հարցը էդտեղ նոր փակվել է։ Հիմա ևս ստացել ենք ահազանգ, մարդիկ արձանագրել են, որ դրսից թերթիկներ են բերվում, այսինքն` երեկվա թերթիկները, որոնք որ չէին պատրաստվում դնել սեյֆ, այսօր դրսից պտտվում, գալիս են ներս»։ Նա ասաց, որ դրսում ուղղորդող կանանց տեսել է, մեր հարցին՝ ովքե՞ր են նրանք, անուններ չհնչեցնե՞նք, պատասխանեց՝ «կարկառուն դեմքեր են, միայն մականունները գիտեմ»։

Այնուհետ ընտրողների մեծ հոսք լցվեց ընտրատեղամաս, երբ հանձնաժողովի նախագահը նեղվեց, թե «Ծառուկյան դաշինքի» թեկնածուն ի՞նչ գործ ունի հանձնաժողովում, Արուսյակ Հովհաննիսյանն ասաց․ «Ցույց տվեք օրենքի այն կետը, որ իրավունք չունեմ»։

Վիճաբանությունը շարունակվեց դրսում, Վարդան Ղուկասյանի թիկնապահն ու նրա կինը սկսեցին վիճաբանել Չոռնի Անոյի հետ։

Մանրամասները՝ քիչ անց։

Ի դեպ, տարածքը հսկող ոստիկանը բավական խղճուկ վիճակում էր հայտնվել։ Մեր հարցին՝ ինչո՞ւ կարգի չենք հրավիրում ուղղորդողներին, ոստիկանն ասաց․«Մենք մոտեցել ենք քաղաքացուն, ինքն ասել է՝ այդ թաղում է բնակվում, կանգնած է ուղղակի, իր ծանոթների հետ զրուցում է»։ Մեր դիտարկմանը, այդքան երկար է հա՞ զրույցը, ոստիկանն ասաց․«Հա, երևի»։

Մեր մյուս հարցին, թե քվեաթերթիկ բաժանող «Օպել» մակնիշի մեքենային ինչո՞ւ կարգի չեք հրավիրում, ոստիկանն ասաց, որ իրենց մեքենան է, շրջագայում է, ու ինքը իրավունք չունի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930