Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մի թերթի բուդկա անգամ չունեմ, որ կարողանայի փողի մրցակցությանը դիմանալ»․Հովհաննես Մարգարյան

Ապրիլ 04,2017 15:55

Aravot.am-ը «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանին հարցրեց, թե ինչո՞վ է զբաղվելու երբեմնի ամենաակտիվ պատգամավորներից մեկը, և արդյոք նեղվա՞ծ չէ շիրակցիներից, որ իրեն 2140 ձայն են տվել։

«Ժամանակը ցույց կտա՝ ինչով կզբաղվեմ, դեռ այս պահին պատրաստ չեմ պատասխանել ձեր հարցին, ես էլ չէի սպասում նման արդյունք։ Գիտեք աշխատանքը նաև պիտի գնահատվեր, իսկ գնահատականը պետք է լիներ վստահության քվեով։ Բայց մենք ունենք էն, ինչ ունենք, ես շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք այդ վիճակում, դուք տեսաք ինչ կատարվեց, թե ինչպիսի ընտրություն էր, ինչպիսի ակտիվություն էր, մարդիկ հանուն ինչի էին ընտրում․․․ Ընտրությունն անցել է, չեմ ուզում որևէ բան ասել, պիտակավորեմ, ուղղակի մի բան կասեմ՝ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք անշահախնդիր շարունակեցին վստահել ինձ։ Կաշխատեմ օգտակար լինել իմ քաղաքին, մարզին, ես շատ եմ սիրում իմ գյումրեցիներին, իմ շիրակցիներին: Եվ կարծում եմ՝ Գյումրին ամենածանր քաղաքն է, գործազրկության, աղքատության, արտագաղթի ցուցանիշներով։ Ցավում եմ, որ չեմ կարող շարունակել իմ օրենսդրական պայքարը հանուն Գյումրիի, բայց ինչ ասեմ, ի՞նչ արած, կաշխատեմ ամեն ինչ անել, ինչ-որ ինձանից կախված է։ Գիտեմ, որ Գյումրին կարիք ունի առանձնահատուկ ուշադրության, իսկ եթե պարբերաբար չխոսվեն և չբարձրաձայնվեն այդ կնճռոտ խնդիրները, դրանք կմնան արհամարհված ու չլուծված։ Ես որպես ակտիվ մարդ՝ կշարունակեմ իմ գործունեությունը հանուն իմ Գյումրիի։ Շատ ծրագրեր կային, որոնք, ցավոք, կիսատ մնացին, բայց ոչինչ, կյանքը չվերջացավ։ Ես լավատես մարդ եմ», -ասաց Հովհաննես Մարգարյանը։

Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում շիրակցին ձեր քաղաքական ուժի նկատմամբ վատ վերաբերմունք ցույց չի տվել, մոտ 14 հազար ձայն է տվել, մեր զրուցակիցն ասաց․ «Այո, իմ քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունք ցույց տվել են, բայց կարող էր ավելի լավ լիներ։ Դժգոհելու հարց չէ, ուղղակի ես ցավում եմ՝ տեսնելով պատկերը, ակնկալվող ձայները, այդ ձայների բաշխվածությունն անձերի հետ կապված որ նայում եմ, մի քիչ մտահոգվելու տեղիք է տալիս»։

Մեր հարցին՝ ի՞նչն էր խանգարում, որ ավելի լավ լիներ, ընտրակաշառքը դեր կատարե՞ց, Հովհաննես Մարգարյանն ասաց․ «Ամբողջ Գյումրին գիտի և դուք՝ որպես արդարամիտ լրագրող, շատ լավ գիտեք, բոլորդ ինձ ճանաչում եք, որ Հովհաննես Մարգարյանը ավելի քան 15 տարի խորհրդարանում լինելով՝ մի թերթի բուդկա չունի․․․ Մի բիզնես չեմ ունեցել, ես ամբողջությամբ նվիրվել եմ իմ գործին։ Այսինքն՝ օրենսդրական աշխատանքում ակտիվ եմ եղել, ես եղել եմ գյումրեցիների, շիրակցիների զինվորը և շարունակում եմ մնալ Գյումրու զինվորը։ Ես ընտրել եմ պայքարի ճանապարհ՝ հանուն իմ գյումրեցիների ու շիրակցիների պրոբլեմների, չեմ ընտրել հարստանալու ճանապարհ, չեմ ընտրել բիզնեսի ճանապարհ, որ ես կարողանայի մրցակցության դիմանայի, կարողանայի այդ փողի մրցակցության մեջ դիմանայի»։

Մեր հարցին՝ արդեն մոտավորապես հայտնի է, թե ովքեր են դառնալու պատգամավորներ Շիրակի մարզից, ձեր կարծիքով՝ նրանք ակտիվ մարդի՞կ են, կբարձրաձայնե՞ն մեր խնդիրները, պրն Մարգարյանը պատասխանեց.  «Ես բոլորին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք, հաջողություններ․․․Սա այն դեպքն է, որ գործնականում պիտի երևա ամեն մարդու քայլ: Չեմ ուզում գնահատականներ տալ, դա անշնորհակալ գործ կլինի, ընդհանուր առմամբ բոլորին էլ ցանկանում եմ հաջողություններ։ Մնացածը ժողովուրդը թող գնահատի, ժողովուրդն ամենաիմաստունն է, ասում է՝ ինչ ցանես, էն էլ հնձելու ես։ Ժողովուրդը էդպես է ուզել, ի՞նչ ասեմ, որ ուզեր, այլ կերպ կլիներ։ Մենք պայքարի քաղաքական թիմ ենք եղել, բոլորը նկատել են, հանրապետության մեջ քայլում ենք ճակատներս բաց, կյանքը չվերջացավ, շարունակվում է, առաջն Աստված, Աստված պահապան բոլորիս։ Տրամադրությունս լավ է, ընկճված չեմ, ակտիվ մարդ եմ, շարունակելու եմ իմ գործունեությունը քաղաքական կամ տնտեսական դաշտում, դեռ չեմ որոշել, ես գյումրեցուս կողքն եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930