Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը շփոթվել էր, չէր հիշում, թե ում էին ասել, որ ընտրի. թեկնածուի նկարը տեսավ, վերջապես ճանաչեց

Ապրիլ 05,2017 11:54

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անկուսակցական անդամ Գոհար Արշակյանը (թիվ 3/18 . Քանաքեռ-Զեյթուն ) նշեց, թե սկզբից ուներ այն դիրքորոշումը, որ ժողովուրդը չպետք է գնա քվեարկության, քանի որ ընտրության օրը չփոխվեց:

«Նոյյան տապան» մամուլի սրահում հրավիրված քննարկմանը տիկին Արշակյանը պատմեց, որ երեկոյան 20.00-ին է գլխի ընկել, թե ինչ կեղծիքների են դիմել. «Ամաչում եմ, որ իշխող կուսակցությունը շռնդալից հաղթանակ տարավ: Անհարմար էր. գոնե համազարկեր չտային, երբ լույս երեխաներն էին, որ մարտիրոսվեցին մեկ տարի առաջ»:

Գոհար Արշակյանն ասաց, որ արտաքուստ ամեն ինչ թափանցիկ էր, բայց այնքան նրբորեն են այդ կեղծիքներն արել, որ գլխի է ընկել միայն շատ ուշ. «Սկզբում ուրախանում էի, որ տասնյակներով նույն հասցեին գալիս էին: Փաստորեն ուղղորդված էին: Ուրեմն նրանք բերման ենթարկված մարդիկ էին առնվազն: Հարևաններիս տեսա, որ երկու տարի առաջ տունը վաճառել, գնացել էին Կոտայքի մարզ, բայց հինգ հոգով եկել էին քվեարկության: Այդքան քաղաքականապես հասո՞ւն էին: Մարդիկ հետները պատրաստ ծրարները բերել էին, մեկը պայուսակից, մյուսը ծոցագրպանից կարող էր հանել: Եթե նա իր ծրարով պատրաստ եկել էր, բնականաբար, նա մեր տված ծրարը պետք է թաքցներ: Մեր ժողովուրդը ո՞նց կարողացավ այսպես ծախվել: Մի ամբողջ ժողովրդի խաբել և ոչ մեկ պատասխանատվություն չկրի՞, դա անընդունելի է: Այս ընտրությունները նոր թափով արտագաղթի զարկ կտան»:

Գոհար Արշակյանը մի զավեշտալի դեպք պատմեց, երբ մի ընտրող ուղղորդված եկել էր, որ ընտրի Միհրան Պողոսյանին, բայց անուն ազգանունն էր մոռացել. «Մեկը վերցրել է 6-րդ համարի քվեաթերթիկը, բայց մոռացել է անուն ազգանունը, ասում էին, գուցե Ռոբերտ Սարգսյանին եք ընտրելու, նա դժգոհում էր, թե անուն ազգանունը չկա այս թերթիկում, մեկ էլ պատուհանից Միհրան Պողոսյանի նկարը տեսավ, ուրախացավ, թե հենա, նրան եմ ուզում ընտրել: Ուղղորդված էր»:

Ըստ Գոհար Արշակյանի՝ ՀՅԴ-ն, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, «Ելքը» գումար չեն բաժանել. «Ելքը» մեր ընտրատեղամասից անգամ «Բարգավաճին» անցավ: Քիչ տոկոս հավաքած ուժերի ներկայացուցիչները ուրախանում էին «Ելքի» հաղթանակով»:

ՕՐՕ դաշինքը ներկայացնող հանձնաժողովի (թիվ 3/9 Քանաքեռ-Զեյթուն) անկուսակցական անդամ Լիլիթ Քլունգյանն էլ նշեց, թե իր արձանագրած խախտումներն ու կեղծիքներն էլ գրեթե նույն շրջանակում են. միայն հավելեց մի դեպք. «Ընտրողների մոտ այնպիսի տպավորություն էր, որ եթե հանձնաժողովական ես, ուրեմն իշխանության թևում ես գտնվում: Սկսեց ազատ արտահայտվել: Ասում է՝ ինձ ասացին այս-այս համարները, բայց այդպես էլ չիմացա կոնկրետ ում՝ 4-ին, թե՞ 6-ին պետք է ընտրեի: Այդտեղից հասկացա, որ իրեն շահագրգռել էին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930