Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսը ներդրում չի անի, ոտքը կախ կգցի, մինչեւ նոր կառավարությունը ձեւավորվի (Տեսանյութ)

Ապրիլ 10,2017 16:30

Խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, գործարարները հետաձգում են իրենց ծրագրերը եւ խուսափում ներդրումներ անելուց: Գործարարները կսպասեն, մինչեւ որ կձեւավորվի նոր կառավարությունը, նոր միայն իրենց ծրագրերը կյանքի կկոչեն: Այսօր, «Հենարան» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Նա ասաց, որ ամբողջ աշխարհում է բիզնեսի ծրագրերը կանգ առնում ընտրությունների շրջանում:

Aravot.am-ի հարցին, թե հաշվի առնելով ընտրությունների ելքը, ներդրումները կգա՞ն, թե՞ կարտահոսեն մեր երկրից, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ նախագահի, վարչապետի նկատմամբ վստահություն կա եւ այդ գործոնը կնպաստի, որպեսզի ներդրումների գործընթացն արագացվի:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ, թե նախընտրական շրջանում քաղաքական ուժերը մեկը մյուսից առավել խոստումներ էին տալիս, թե 15 միլիարդ դոլարի ներդրում կբերեն, 17 միլիարդի կբերեն, իրատեսակա՞ն էին այդ խոստումները, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ ոչ միայն ներդրումների մասով, այլեւ աշխատավարձերի, թոշակների կրկնակի, եռակի բարձրացման վերաբերյալ խոստումները չեն կարող իրականություն դառնալ` հաշվի առնելով մեր բյուջեի եկամուտները:

«Նախընտրական ծրագրերում ոչ իրատեսական դրույթները շատ էին` բացառությամբ մի քանի կուսակցության, որոնք պատասխանատվությամբ էին վերաբերվում իրենց ասածներին»:

Կառլեն Խաչատրյանը գտնում է, որ փոքր բիզնեսին ընդհանարապես հարկերից ազատելու խոստումը, եթե նույնիսկ իրականություն էլ դառնա, ապա, ճիշտ չէ այդ մոտեցումը, քանի որ «հարկատուին չի կարելի սովորեցնել հարկ չվճարել», այսինքն` եկամուտ ստանա, ու հարկ չվճարի. «Պետք է յուրաքանչյուր անհատ ներդրում ունենա հանրային ֆինանսավորմանը: Երբ մարդուն ազատում եք հարկերից, ապա, հետագայում, երբ նրա եկամուտներն աճեն, եւ անցնի հարկման դաշտ, դժվար կլինի նրանց հետ բերել այդ վիճակից»:

Մեր այն հարցին, թե նախորդ շաբաթ` ապրիլի 6-ին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ բյուջեի եկամուտներն ավելացել են, արդյոք դա տեղի է ունեցել ստվերի կրճատմա՞ն հաշվին, եւ քանի որ մշտապես տնտեսագետները մտահոգություն էին հայտնում, թե ստվերը կրճատելու համար քաղաքական կամք է պետք, արդյոք եկամուտների ավելացումը փաստեց, այն, որ մինչ այս իսկապես քաղաքական կամք չկա, Կառլեն Խաչատրյանը փաստեց, որ բյուջեի եկամուտներն ավելացել են ստվերի կրճատման հաշվին. «Եկամուտների ավելացումը առավելապես հարկային վարչարարության կոշտ գործիքի կիրառմամբ պետք է լիներ ստվերի դեմ պայքարում»:

Կառլեն Խաչատրյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում

Տնտեսագետն անդրադառնալով նախընտրական եւ հետընտրական շրջանում արձանագրված գնաճին, ասաց, որ այն պայմանավորված է Կենտրոնական բանկի վարած քաղաքականությամբ եւ կանխատեսելի էր, սակայն այնքան չէ, որ մտահոգություն առաջացնի. «Կենտրոնական բանկը ֆիքսել է, որ գնաճը պետք է լինի 4 տոկոս եւ միեւնույն ժամանակ 1,5 տոկոս շեղման հնարավորությամբ: Այդ թվերը լիովին տեղավորվում են գնաճի նպատակադրման տրամաբանության մեջ եւ արտառոց գնաճային երեւույթի հետ մենք չենք առնչվում: Բնական է, որ տնտեսվարողները, հաշվի առնելով իրենց սպասումները, հետընտրական շրջանում ավելի ագրեսիվ վարքագիծ դրսեւորեն, բայց շատ խուճապային, օրհասական խնդիր այստեղ դրված չէ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930