Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Բալայան. «Չոպանյանը իրեն նմանեցնում էր Ադամին, որովհետև Ադամն էլ մայր չուներ»

Ապրիլ 14,2017 19:07

Ապրիլի 14-ին Իսահակյան գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Արշակ Չոպանյանի 145-ամյակին:

«Պատկերացնելու համար Չոպանյանի գործունեության ահռելիությունը մի այսպիսի համեմատություն անենք. ակադեմիական մի ինստիտուտ 150 տարում կկարողանար անել այն, ինչ արել է Չոպանյանը իր կյանքի ընթացքում: Նա  շատ լավ էր հասկանում օտար հողում ապրող հայ գրողի հոգսը և անում էր ամեն ինչ, որ այդ գրողը ստվերում չմնա»,-նշում է բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը:

Չոպանյանը գրել է մի շարք բանաստեղծություններ, բայց որպես բանաստեղծ հայտնի չէ:  «Ադամի վիշտը  սերտ աղերսներ ունի սեփական կենսագրության հետ, քանի որ Չոպանյանը որբ է եղել մոր կողմից և ամբողջ կյանքում ընտանիք չի ունեցել: «Այս հանգամանքը ազդեցություն է թողել նրա ամբողջ կյանքի վրա: Չոպանյանը իրեն նմանեցնում էր Ադամին, որովհետև Ադամն էլ մայր չուներ»,-պարզաբանում է բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Բալայանը:

Արշակ Չոպանյանը միշտ նշում էր, որ մենք ստեղծում ենք մեզ համար, իսկ աշխարհը դրանից անտեղյակ է: Դրա համար հայ գրողը պիտի լինի հայ գրականության մշակ՝ առանց առանձնացնելու խորհրդային գրող, սփյուռքահայ, արևմտահայ և այլ մասնատումներ:

«Նա պայքարում էր, որ հայ գրականությունը միասնական լինի, քանի որ մասնատվելով մենք փոշիանում ենք: Նրանից խոսելիս պարզապես չենք կարող շրջանցել «Անահիտը», որի էջերում տպագրվել են ինչպես սփյուռքահայ, այնպես էլ խորհրդային հեղինակներ»:

Ֆրանսահայ գրող, քննադատ, քաղաքական գործիչ Արշակ Չոպանյանի գործունեության ոլորտները բազմազան են: Նա առավել հայտնի է իր հրապարակախոսական թարգմանական և գիտական աշխատանքներով և համարվում է հայ գրականության դեսպանը արտասահմանում:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930