Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռում էր՝ թող, սրանց սաղին պտի մորթեմ». Հարեւանը պատմեց, թե ինչպես է չորեքթաթ գնացող աներոջը փեսան կացնահարել

Հունիս 06,2017 15:58

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվեց նախկին զոքանչին, կնոջն ու աներոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի գործը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել՝ Կարինե Մանսուրյանը փորձել էր աղջկան՝ Թագուհի Մանսուրյանին պաշտպանել վերջինիս նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի բռնի արարքներից. նա մահացել էր՝ Մարտիրոսյանի հասցրած կացնի հարվածներից:

Դատական այս նիստում հարցաքննվեցին Մանսուրյանների հարեւանները, որոնք դեպքի օրը օգնության էին հասել: Հարեւաններից Հովհաննես Գրիգորյանը, որը ձայներ էր լսել դեպքի օրը եւ առաջինն էր օգնության հասել, պատմեց , որ դուրս է եկել տանից ու տեսել, որ Թագուհի Մանսուրյանի հայրը՝ Վաչագանը, իր խոսքերով՝ չորեքթաթ ուզում է գնալ, իսկ Վլադիկը հարվածում է նրան:

Երբ հարցրեցին՝ ինչո՞վ էր հարվածում՝ նա պատասխանեց՝ մութ էր, չէր երեւում, հետո, երբ Վլադիկին բռնեցի, ինչ-որ բան ընկավ ներքեւ՝ մուտքի մոտ, տեսա՝ տապոռ էր:

Դատավորը հարցրեց՝ երեխան ի՞նչ էր անում, երբ դուք դուրս եկաք, եւ տեսաք կացնահարվածներին, նա պատասխանեց՝ ման էր գալիս: Դատավորը զարմացավ՝ զբոսնո՞ւմ էր, թե՞ անհանգիստ էր, իր տեղը չէր գտնում: Հարեւանը պատասխանեց, որ անհանգիստ էր, մեկ տարանք մեր տուն, փախավ, նորից եկավ իրենց տուն, լացում էր:

Վաչագան Մանսուրյանը հարցրեց՝ Օֆելյայի՝ Թագուհու մոր հարեւանն եք եղել, նա կացին ընդհանրապես ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել: Հարեւանը պատասխանեց, որ չի կարող ասել, կարող է ունեցել է, կարող է՝ չի ունեցել:

Տուժողի ներկայացուցչի հարցին՝ Վլադիկ Մարտիրոսյանի մարդ տեսակը կնկարագրե՞ք՝ լա՞վ մարդ էր՝ հարեւանը պատասխանեց՝ իմ հանդեպ ոչ մի բան, ոչ էլ ես իր նկատմամբ: Սովորական խոսացել ենք:

Պաշտպանության կողմը խնդրեց դեպքեր նշել, երբ Վլադիկ Մարտիրոսյանը ցանկացել է տեսնել իր երեխային եւ ի վերջո թույլտվություն ստացե՞լ է, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Վլադիկը գալիս էր, կանգնում էր մեր հայաթում, շենքի մոտը, բայց չէր կարողանում: Թե ինչու չէր կարողանում տեսնել՝ չգիտեմ»:

Վլադիկ Մարտիրոսյանը հարցրեց՝ ինչքան ինձ ճանաչել եք, ինչքան եկել եմ էդ հասցե, իմ բնավորության մասին կարո՞ղ եք նկարագրել՝ նա պատասխանեց, որ հարեւանական է եղել հարաբերությունը, ագրեսիվ պահվածք չի հիշում:

Դատավորը հարցրեց՝ ե՞րբ է Վլադիկը ձեզ ասել՝ թող, պետք ա սրան սպանեմ: Նա պատասխանեց, որ երբ բռնել էր, որ իջեցնի ներքեւ:

Դատարանում հրապարակվեց նաեւ այս հարեւանի տված ցուցմունքը՝ նախաքննական մարմնին: Էական հակասություններ կային: Ցուցմունքում հարեւանը գրել էր. «Վլադիկը ասել է ՝սրանց սենցը, սրանց սպանելու եմ: Գոռում էր՝ թող, սրանց սաղին պտի մորթեմ»:

Դատարանում վկան ասաց, որ լավ չի հիշում: Հիշողությունից այնքան վատ է, որ չի հիշում անգամ թոռան ծնունդի օրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930