Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ամենախոցելի վիճակում Հայաստանն է

Հունիս 09,2017 12:00

Հարցազրույց Ժողովրդավարության, անվտանգության
եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ

– Ի՞նչ գնահատական կտաք ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին, Թրամփի հայտարարությանը, թե` դաշնակիցները եւս պիտի վճարեն ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի համար: Այնքան էլ հարթ փուլ չի՞ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների հարցում ոչ միայն ՌԴ-ի, այլեւ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ նախագահ Թրամփի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերությունները:

– ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը յուրահատուկ էր ոչ միայն նրանով, որ կայացավ քաղաքական եւ անվտանգության տեսակետներից բավական բարդ, ճգնաժամերով լի միջազգային իրավիճակում, այլ նաեւ նրանով, որ սա առաջին գագաթնաժողովն էր դաշինքի երեք անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի՝ իրարից սկզբունքորեն տարբերվող ղեկավարների համար: Հաշվի առնելով նախկինում ՆԱՏՕ-ի հասցեին Դոնալդ Թրամփի հնչեցրած սուր քննադատությունը, ինչպես նաեւ ս.թ. փետրվարին ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմ Մեթիսի նախազգուշացում-կոչը դաշնակիցներին՝ ավելացնել ռազմական ծախսերը կամ առերեսել իրենց ամենահզոր դաշնակցի «դաշինքի հանդեպ չափավոր հանձնառությանը», գագաթնաժողովը չէր կարող հարթ անցնել: Դաշինքի անդամ պետությունները դեռ 2006թ.-ին սահմանել եւ 2014թ.-ի գագաթնաժողովի ընթացքում վերահաստատել են իրենց պարտավորությունը մինչեւ 2024թ.-ը ռազմական բյուջեները հասցնել իրենց ՀՆԱ-ի 2%-ին:

Այսօր Միացյալ Նահանգները ռազմական կարիքների համար ծախսում է իր ՀՆԱ-ի 3,6%-ը եւ ծածկում ՆԱՏՕ-ի բյուջեի 22.1%-ը: ՆԱՏՕ-ի մնացած 28 անդամ պետություններից միայն չորսն են այս պահին կատարում 2%-ի պարտավորությունը: Այս առումով ԱՄՆ-ի պահանջները բավական արդարացված են եւ նույնիսկ անհրաժեշտ՝ ինչպես հավաքական անվտանգության սկզբունքի իրականացման տեսանկյունից, այնպես եւ դաշինքի անխափան գործունեության ապահովման համար: Դաշնակիցների կողմից ռազմական բյուջեների ավելացման հարցը նախկինում եւս բարձրացվել է ԱՄՆ նախագահների՝ ներառյալ Բարաք Օբամայի կողմից, այնպես որ՝ սա, ըստ էության, բացարձակապես նոր խնդիր չէր:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի ներկայիս նախագահը գագաթնաժողովում ֆինանսական խնդիրների վրա շեշտը դնելուց բացի՝ իր ելույթի ընթացքում չհիշատակեց ԱՄՆ-ի հանձնառությունը դաշնագրի 5-րդ՝ հավաքական անվտանգության վերաբերյալ դրույթին, ինչը նույնիսկ ավելի մտահոգիչ էր շատերի համար, քան ֆինանսական պահանջը: Այս ամենը՝ գումարած, իհարկե, Թրամփի անձնական առանձնահատկությունները եւ պահվածքը, չէին կարող բացասական ազդեցություն չունենալ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մնացած անդամ պետությունների հարաբերությունների վրա: Անգելա Մերկելը գագաթնաժողովից հետո աննախադեպ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն այլեւս վստահելի գործընկեր չէ, եւ որ Եվրոպան պետք է իր բախտը վերցնի իր ձեռքերի մեջ: Միեւնույն ժամանակ պարզ է, որ, չնայած հնչած փոխադարձ քննադատությանը եւ ծագած խնդիրներին, ինչը, թերեւս, նորմալ երեւույթ է ցանկացած կազմակերպության համար, ԱՄՆ-ը, ինչպես նաեւ մնացած անդամ պետություններից եւ ոչ մեկը, որեւէ մտադրություն չունի լքել դաշինքը, եւ անդամ պետությունները, այնուամենայնիվ, շարունակելու են համագործակցել եւ համատեղ լուծել իրենց խնդիրները:

– ԱՄՆ-ը դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Միջազգային հանրությունը դատապարտեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ գործ ունենք ամերիկյան լիովին այլ վարչակազմի հետ, եւ այս համատեքստում ի՞նչ կարելի է սպասել Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունից:

– Այն, որ Թրամփի ընտրության դեպքում աշխարհը գործ կունենա ամերիկյան լիովին այլ նախագահի հետ՝ պարզ էր դեռ նախընտրական շրջանում: ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ամերիկյան խոշոր, ավանդական բիզնեսի շրջանակներից է եւ համապատասխան ոլորտներում պաշտպանում է այդ շրջանակների շահերը՝ անտեսելով ինչպես միջազգային հանրության կարծիքը, այնպես էլ մասամբ ազգային շահերը: Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն, անշուշտ, դրա վկայություններից է:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությանը, ապա կարծում եմ, որ կտրուկ գործնական փոփոխություններ մոտ ժամանակներս չեն լինի, ընդհանուր առմամբ կնկատվի որոշակի սպասողական պահվածք: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ներկայիս ԱՄՆ նախագահի եւ վարչակազմի առ այսօր դրսեւորած քայլերը, կարելի է ենթադրել, որ ապագայում ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասում ավելի քան նախկինում կարող է պայմանավորվել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններով, ինչպես նաեւ նախագահ Թրամփի եւ իր շրջապատի անձնական նախասիրություններով:

Ընդհանրապես, հաշվի առնելով Հարավային Կովկասի երեք պետությունների միջեւ գոյություն ունեցող սկզբունքային տարբերությունները, մասնավորապես իրենց վարած արտաքին քաղաքականության եւ միջազգային հարթակում դիրքավորման, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերությունների տեսանկյունից՝ ավելի ճիշտ կլինի դիտարկել ամերիկյան քաղաքականության հնարավոր փոփոխությունները տարածաշրջանի ամեն առանձին պետության համար: Այս առումով եթե հաշվի առնենք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ԱՄՆ-ի նոր վարչակազմի հակաիրանական տրամադրվածությունը, ինչպես նաեւ Թրամփի եւ իր մերձավորների գործնական կապերն Ադրբեջանի հետ եւ բազմաթիվ այլ գործոններ, կարող ենք արձանագրել, որ հարավկովկասյան երեք պետություններից ամենախոցելի վիճակում է գտնվում Հայաստանը:

– Մայիսի 26-29-ը Վրաստանում անցկացվեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, ընդունվեց հռչակագիր «Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցելու մասին», որում նշվեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Դաշինքը Ռուսաստանին կոչ արեց հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, իսկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլին նշեց, որ ՌԴ-ի կողմից «սողացող բռնազավթումն անթույլատրելի է»: Սա ՆԱՏՕ-ի կողմից կարելի՞ է առավել կոշտ քաղաքականություն համարել, եւ առհասարակ՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության որոշակի թուլացման քաղաքականություն կտարվի ապագայում Արեւմուտքի կողմից:

– Եվ ՆԱՏՕ-ն, եւ ԵՄ-ն, ինչպես նաեւ մյուս միջազգային կազմակերպություններն ի սկզբանե աջակցել ու աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները: Շեշտադրման կոշտությունն այսօր վկայում է նախեւառաջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների միջեւ հիմնականում ուկրաինական ճգնաժամով պայմանավորված ներկայիս լարվածության աստիճանի մասին: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության թուլացման արեւմտյան քաղաքականությանը, ապա ես կասեի, որ Արեւմուտքի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի քաղաքականությունն ավելի շուտ ուղղված է ընդհանուր առմամբ Ռուսաստանի թուլացմանը, մեկուսացմանն ու չեզոքացմանը, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցնի նաեւ մեր տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի եւ ազդեցության էլ ավելի թուլացման: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ ԵՄ-ի կողմից Վրաստանի քաղաքացիներին Եվրոպա ազատ մուտքի արտոնություն տրամադրելը նույնպես գործոն էր, որն իր բացասական ազդեցությունն ունեցավ Հարավային Կովկասում ՌԴ-ի դիրքերի վրա:

– Նոյեմբերին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ ակնկալվում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը չի լինի այն, ինչ ենթադրվում էր ԵՄ Ասոցացման համաձայնագրի դեպքում, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի համար որքանո՞վ դրական փոփոխություններ կարելի է արձանագրել դրա կյանքի կոչման դեպքում: Եվ շատ են վերջերս հնչում կարծիքներ, թե հնարավոր է վերջին պահին Հայաստանը նորից հրաժարվի ստորագրումից` Մոսկվայից անբարյացակամ վերաբերմունք նկատելով, հնարավո՞ր եք համարում:

– Նույնիսկ փոփոխված, համեմատաբար սահմանափակ դրույթներ պարունակող համաձայնագրի ստորագրումը կարելի է միայն դրական քայլ համարել: Դա կապահովի ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ինստիտուցիոնալ շարունակականությունը, որն ամեն դեպքում ի նպաստ կլինի ՀՀ-ին, հիմք կհանդիսանա Հայաստանում ԵՄ-ի ներկայության եւ ակտիվ գործունեության շարունակության համար: Սա կարող է մասնավորապես կարեւոր դառնալ Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակման ենթատեքստում: Ենթադրում եմ, որ այս համաձայնագրում ներառված դրույթները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, եւ եթե ՌԴ-ն վերջին պահին հերթական անգամ խոչընդոտի դրա ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով ներկայիս Ռուսաստանի վարքագիծը, չի կարելի բացառել, ապա դա պայմանավորված կլինի նախեւառաջ որեւէ երրորդ կողմի հետ ՌԴ-ի հարաբերություններով:

– Ադրբեջանի քայլերի պատճառով Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը փակվեց: 2015-ին փակվեց Բաքվի գրասենյակը, Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը ավարտվեց 2008թ. դեկտեմբերին` ռուս-վրացական պատերազմից ամիսներ անց՝ ռուսական կողմի պահանջով, այժմ էլ երեւանյանը փակվեց: Ի՞նչ ազդեցություն կունենա այս քայլը Հայաստանի վրա, եւ շատ են հնչում տեսակետներ, որ այս քայլը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ՌԴ-ի շահերից էր բխում, այդպե՞ս է:

– Գրասենյակի բացակայությունը բնականաբար կդժվարացնի ԵԱՀԿ-ի հետ համագործակցության գործընթացը, կազմակերպության կողմից Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ընտրական համակարգի կայացման եւ շատ այլ ոլորտներում գործող ծրագրերի իրականացումը: Բնականաբար, ԵԱՀԿ-ն կշարունակի իր գործունեությունը մեր երկրում՝ ենթադրաբար ուղիղ կապ հաստատելով Հայաստանում իր գործընկերների եւ իր հիմնական գրասենյակի ու մասնագիտացած կառույցների հետ: Սակայն այդ գործընկերության արդյունավետությունը, իմ կարծիքով, կլինի ավելի ցածր, քանի որ կազմակերպության անմիջական կապը Հայաստանի, հայաստանյան իրականության հետ այլեւս չի գործի: Մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ Ռուսաստանում ԵԱՀԿ-ի ներկայությունը եւ գործունեությունը սահմանափակելու ՌԴ-ի ձգտումը եւ դրան ուղղված քայլերը նորություն չեն:

Հիշեցնեմ, որ դեռ 2007թ.-ին Ռուսաստանը, կասեցնելով իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, փաստորեն փլուզեց Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող եւ անվտանգության ոլորտին վերաբերող այդ մեխանիզմը, որը սահմանափակում ու վերահսկում էր ԵԱՀԿ անդամ պետություններում՝ ներառյալ Ադրբեջանը, սովորական զինված ուժերի քանակը: Կարծում եմ, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակման գործընթացն Ադրբեջանը նախաձեռնել է նվազագույնը Ռուսաստանի համաձայնությամբ եւ կարող է պայմանավորված լինել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի հեռահար նպատակներով:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 08.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930