Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին նիստին ինչով է զբաղվելու Երեւանի ավագանին

Հունիս 09,2017 10:32

Այսօր Երեւանի քաղաքապետարանում Երեւանի նորընտիր ավագանին առաջին նիստը կանցկացնի: Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, ավագանիներն առաջին նիստում մայրաքաղաքի հետ կապված հարցեր չեն քննարկի. ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով կձեւավորեն, Երեւանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր կքննարկեն, կկազմավորեն Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովները, մշտական հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ կընտրեն եւ կորոշեն ավագանու հերթական նիստի օրը:

Նշենք, որ քաղաքապետարանում գործելու է 4 հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը ընտրվում են ավագանու նիստում: Հանձնաժողովի կազմը հաստատվում է քաղաքապետի որոշմամբ:

Հանձնաժողովը կազմավորված է խմբակցություններին հատկացված տեղերի թվաքանակին համապատասխան:

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը զբաղվում է Երեւանի բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների, առեւտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, ճանապարհաշինության եւ գույքի կառավարման հարցերով:

Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի գործառույթների մեջ մտնում են մշակույթին, կրթությանը, զբոսաշրջությանը, երիտասարդությանը, սպորտին, առողջապահությանը, սոցիալական ապահովությանը, այդ թվում նաեւ մայրությանն ու մանկությանը, հաշմանդամությանը, աշխատանքին, զբաղվածությանը, ինչպես եւ հասարակայնության եւ արտաքին կապերին առնչվող հարցերը:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովը զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, բնապահպանության, բնակարանային ֆոնդի եւ կոմունալ տնտեսության հարցերով:

Իրավական հարցերի հանձնաժողովում կքննարկվեն ավագանու, քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ակտերի ուսումնասիրության եւ գործող օրենսդրությանը դրանց համապատասխանեցման, Երեւանին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների նախագծերի առաջադրման, ինչպես նաեւ շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման եւ հասարակական կարգի պահպանության հարցեր:

Ի դեպ, երեկվա դրությամբ Երեւանի քաղաքապետարանի կայքում «Երեւանի ավագանի» խորագրի ներքո նախկին ավագանիների ցանկն էր հրապարակված:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

09.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930