Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամո՜թ-ամո՜թ». «Սասնա ծռերի» գործով նիստը 1 օրում ընդմիջվեց 6 անգամ (Տեսանյութ)

Հունիս 21,2017 19:15

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատական նիստն այսօր արդեն վեցերորդ անգամ ընդմիջվեց, որպեսզի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացնի այն փաստի առթիվ, որ նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը որոշել է առանց իր պաշտպանյալի նիստերին չմասնակցել: Դատավորն անհարգալից վերաբերմունք համարեց այն, որ փաստաբանն առանց իր թույլտվության՝ որոշել է նիստին այլեւս չներկայանալ: Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել Մուշեղ Շուշանյանի հանդեպ, որն իրենից ներկայացնում է պատասխանատվության ենթարկելու որոշում՝ ՀՀ փաստաբանների պալատի կողմից:

Հիշեցնենք, որ նույն սանկցիան այսօր կիրառվեց Տիգրան Եգորյանի հանդեպ: Դատարանի որոշումը լսելով՝ պաշտպանական ապակուց այս կողմ գտնվող՝ «Սասնա ծռերի» հարազատներն ու համակիրները բացականչեցին՝ «ամո՜թ-ամո՜թ»: Նրանք դժգոհեցին, որ մեկ օրում դատավորը վեց անգամ ընդմիջում է նիստը:

Նշենք նաեւ, որ դատավորի որոշմամբ՝ նախազգուշացում կիրառվեց դահլիճում ներկա քաղաքացիներից երկուսի հանդեպ, իսկ ակտիվիստ Ստելլա Աղաջանյանը դատարանի հասցեին անպարկեշտ արտահայտություններ ասելու համար հեռացվեց նիստերից՝ մինչեւ դատաքննության ավարտը:

«Սասնա ծռերի» գործով հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 28-ին, ժամը 11-ին՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930