Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ Սուքիասյանը գումարներն «օֆշոր» է փոխանցել, հափշտակել 4 միլիարդ դրամ». «Օֆշորի» գործով պաշտպաններ (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 16:27

«Օֆշորի» հայտնի  գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի հանդեպ մեղադրող դատախազը քաղաքացիական հայց ներկայացրեց՝ նրանից հօգուտ պետբյուջեի 82 միլիոն դրամ բռնագանձելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրողն իր ճառով Սուքիասյանի համար 15 տարվա ազատազրկում էր պահանջել:

Հիշեցնենք, որ «Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդմամբ` իր 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել եւ Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար` Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման նպատակով: Սուքիասյանն էլ, ըստ մեղադրանքի, գումարը փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, եւ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Սուքիասյանի պնդմամբ էլ` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առնչություն չունեն օֆշորային սկանդալի հետ:

Փայլակ Հայրապետյանի պաշտպաններից Աշոտ Գեւորգյանն իր եզրափակիչ ճառում կարծիք հայտնեց առկա ապացույցների մասին. «Աշոտ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում 2009-ին քննարկվել է ոսկու արտադրության զարգացման հարցը: Գործարարների ժողովի ժամանակ Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է, թե ունի արտադրություն եւ զբաղվում է ոսկու եւ ադամանդի մշակմամբ, թե Աֆրիկայում ձեռք է բերել հանք եւ արտադրական տեխնիկա եւ հիսուն տոկոս էժան գնով կարող է ադամանդ ներմուծել Աֆրիկայից: Նա առաջարկել է գործարարներին աշխատել իր հետ: Ասել  է, որ 12 միլիոն դոլարի վարկ է պետք՝ գործը զարգացնելու համար: Սա իրավիճակ է, երբ կեղծ տվյալներ ներկայացնելով՝ նա գիտեր, որ չի կարող նման բիզնեսով զբաղվել: Նրա մտադրությունը ոսկերչության ոլորտը տապալելու, հուղարկավորելու ծրագիր էր, ոչ թե զարգացնելու…Գրությամբ հերքվել է, նա հանքեր չունի: Աշոտ Սուքիասյանի նպատակն էր՝ մոլորության մեջ գցել գործարարներին եւ խաբեության ճանապարհով նրանցից օգուտ քաղել»:

Աշոտ Գեւորգյանն ընդգծեց՝ ըստ գործում առկա ցուցմունքներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանն ունի հատուկ սարք, որով մարդկանց ստորագրություններ եւ փաստաթղթեր է կեղծել: «Իր լրացուցիչ ցուցմունքում, երբ հարց է հնչում, թե ինչու է գումարներն «օֆշոր» փոխանցել, նա պատասխանում է՝ «բանկը պահանջում էր գումարային շարժ ցույց տալ, ես էլ փոխանցել եմ տարբեր ընկերությունների եւ հետ ստացել, որ երեւա, թե դա նույն գումարն է»: Այդ կերպ նա ապացուցում է, որ խարդախություն է կատարել»,-նշեց Աշոտ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ վերջին 25 տարում խարդախության եւ դրա հետեւանքով պատճառված մեծաքանակ վնասների այլ դեպք չի հիշում, ինչպիսին «Օֆշորի» գործն է:

Տուժող Փայլակ Հայրապետյանի մյուս պաշտպանը՝ Լուսինե Աղլամազյանն էլ հավելեց, որ այս գործով Աշոտ Սուքիասյանն, ընդհանուր առմամբ, խաբեությամբ հափշտակել է մոտ 4 միլիարդ դրամի գումար, իսկ Փայլակ Հայրապետյանին պատճառել առանձնապես խոշոր չափի վնաս: Պաշտպանները պահանջեցին Աշոտ Սուքիասյանի համար երկարաժամկետ ազատազրկում սահմանել:

Ամբաստանյալն էլ իր հերթին ներկայացրեց իր տեսակցությունների արգելանքը վերացնելու միջնորդություն, որը դատարանը բավարարեց: Հաջորդ նիստում, որը կկայանա հուլիսի 21-ին, 14:30-ին, Աշոտ Սուքիասյանն ու իր պաշտպանը հանդես կգան պաշտպանական ճառով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31