Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկված իրանցի ռեժիսոր. «Չեմ սիրում կոմպրոմիսի գնալ»

Հուլիս 12,2017 11:18

Հուլիսի 12-ին իր «Անկաշառը» ֆիլմի համար Կաննի միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի այս տարվա գլխավոր մրցանակակիր իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆը հանդիպեց լրագրողների հետ: Ֆիլմը մասնակցում է նաեւ «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրին:

«Ուրախ եմ, որ ֆիլմի ցուցադրությունը առիթ եղավ, որ ես էլ այցելեմ Հայաստան: Իմ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես հասարակական կառույցը կարող է բախվել անհատի հետ, հետո կլանել նրան: Արծարծում եմ այն հարցը, թե ինչպես է այդ կառույցը փոխկապակցված պետության հետ»,- նշեց ռեժիսորը:

Հարցին`Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ի՞նչ ճանապարհ բացեց ֆիլմի համար հենց Իրանի ներսում, նա պատասխանեց. «Իրանում արձագանքն այնպես է, որ պետությունն ավելի զգայուն է ընկալում ֆիլմս, իրենց կարծես դուր չի գալիս…Իրանի լրատվական դաշտում Կաննի մրցանակն այնպես են մեկնաբանում պետական ուժերը, որ այս ֆիլմը մրցանակ է ստացել քաղաքական կողմնորոշման, ոչ թե գեղարվեստական արժեքի համար»:

Անդրադարձ եղավ Ջաֆար Փանահիի անորոշ ճակատագրին:

Մոհամադ Ռասուլոֆը, որ նրա մտերիմ ընկերն է, ասաց, որ ցավոք, Փանահիի համար դժվար է ֆիլմ չնկարելը, քսան տարի արգելված է Փանահիի կինոգործունեությունը. «Այսօր Փանահին յուրահատուկ պայմաններում է ապրում, ասես մեծ բանտում լինի, բայց շարունակում է իր շփումը ժողովրդի հետ, մտածում իր ֆիլմերի մասին»:

Aravot.am-ի հարցին` իր բնորոշմամբ այսօրվա իրանական կինոն ինչպիսի՞ն է, Ռասուլոֆը պատասխանեց. «Երկու տեսակ դժվարության դիմաց է կանգնած իրանական կինոն, մեկը հոլիվուդյան ֆիլմերի ազդեցության տակ նկարված սերիալներն են, երկրորդը` լիամետրաժ մեծ ֆիլմերը, որոնք փակում են հեղինակային կինոյի ճանապարհը»:

Նա երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ տվեց անպայման ճանապարհ գտնել` ասելիքը տեղ հասցնելու համար:

Aravot.am-ի հարցին`ինչու որոշեց փշոտ ճանապարհ ընտրել եւ ավելի անմեղ թեմաներով ֆիլմեր չնկարեց, իրանցի ռեժիսորը պատասխանեց. « Անկաշառը» ֆիլմի վրա շատ եմ աշխատել, հատուկ չեմ մտածել հակադրվելու մասին, ի վերջո որպես ռեժիսոր կարող եմ նաեւ ինքս ինձ հետ էլ հակադրվել, բայց մյուս կողմից էլ` չեմ սիրում կոմպրոմիսի գնալ»

Իսկ իր եւ «Անկաշառը» ֆիլմի հերոս Ռեզայի ճակատագրերում կա՞ն ընդհանրություններ: Այս հարցին էլ Մոհամադ Ռասուլոֆն այսպես պատասխանեց «Այո, որոշ բաներ ինձանից կան այդ կերպարի մեջ»: Ռեժիսորը կարծում է, որ ֆիլմի ավարտը բավականին հուսալի է, թեեւ իր առաջ նպատակ չի դրել հույս ներշնչել. «Չեմ կարծում, որ իմ պարտականությունն է հույս ներշնչելը, ես հարցեր եմ բարձրացնում: Նաեւ կարծում եմ, որ Ռեզայի կերպարը կամրացնի մեր կողքին ապրող իր նմաններին»:

Իրանցի ռեժիսորը ցավով նշեց, որ Իրանում չկա կինոինդուստրիա, եղածն ընդամենը կինոշուկա է: Նրա խոսքերով, կինոյի մարդիկ մշտապես աշխատում են գրաքննության ներքո, եւ Իրանում կինոն ստեղծվում է ռեժիսորների մեծ ջանքերի, անձնվիրության ու աշխատասիրության հաշվին:

Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել Ռասուլոֆի «Անկաշառի» եւ Զվյագինցեւի «Լեւաֆանի» միջեւ եղած ընդհանրությունները: «Ես «Լեւիաֆանը» հավանում եմ, բայց կարծում եմ, որ մեծ տարբերություն կա երկու ֆիլմերի միջեւ: Նաեւ գտնում եմ, որ կոռուպցիան պետության մեջ արդիական թեմա է եւ շատ լուրջ խնդիր է ողջ աշխարհում»:

Հետաքրքրվեցինք, թե «Ծիրանի շրջանակում» ինչ ֆիլմեր է դիտել եւ հատկապես որը կառանձնացներ: «Շատ լավ ֆիլմեր տեսել եմ, ուզում եմ առանձնացնել հատկապես Սոֆի Գուայետի «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմը, կարծում եմ` շատ լավ օրինակ է եւ ներշնչող է մարդկանց համար, որոնք ուզում են ֆիլմ նկարել, բայց արգելքների են հանդիպում»,-պատասխանեց ռեժիսորը:

Հավելենք, որ 2009-ին Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերին հետևելու ընթացքում Մոհամադ Ռասուլոֆն ու Ջաֆար Փանահին տեղում նկարահանումներ կատարելիս ձերբակալվեցին: Ռասուլոֆը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող «հավաքների կազմակերպում և դավաճանություն» մեղադրանքով, և մեկ տարի՝ հակաիշխանական քարոզչության մեջ ընդգրկվելու համար: Վերաքննիչ դատարանն առաջին մեղադրանքը հանեց, և Ռասուլոֆի ազատազրկման ժամկետը կրճատվեց մինչև մեկ տարի: 2011-ին նրա «Մնաս բարով» ֆիլմն ընդգրկվեց Կաննի միջազգային կինոփառատոնի ծրագրում, ինչի շնորհիվ Ռասուլոֆի՝ երկրից դուրս գալու արգելքը հանվեց: 2013-ին «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմի թողարկումից և Կաննի 66-րդ ՄԿՓ-ում դրա ցուցադրությունից հետո Թեհրանի օդանավակայնում առգրավվեցին նրա անձնագիրն ու անձնական իրերը: Ներկայումս Ռասուլոֆը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրա ընտանիքը ապրում է Իրանից դուրս:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31