Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք՝ պաշտպաններդ, անտեղի ձգձգում եք, դրա համար էլ Պավլիկ Մանուկյանի ներվերը չհերիքեց». դատավորը կրկին բարկացավ (Տեսանյութ)

Հուլիս 26,2017 17:48

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես ամբաստանյալների պաշտպաններից Հրանտ Գեւորգյանը, Հարություն Բաղդասարյանը եւ Ինեսսա Պետրոսյանը հայտարարեցին՝ քանի որ դատավորն ավելի վաղ սանկցիայի ենթարկեց եւ հեռացրեց իրենց պաշտպանյալներ Պավլիկ Մանուկյանին եւ Սմբատ Բարսեղյանին, իրենք չեն կարող նրանց բացակայությամբ շարունակել ներկա լինել նիստերին: Ապա նրանք միջնորդեցին քննարկել նշյալ ամբաստանյալներին դահլիճ վերադարձնելու միջնորդությունը, որին միացան մյուս պաշտպանները:

Կարծիք հայտնելիս փաստաբան Արա Զաքարյանն ասաց. «Ցավում եմ՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ դուք խոչընդոտում եք ամբաստանյալների պաշտպանությանը…»:

Դատավորը կրկին բարկացավ. «Դուք՝ պաշտպաններդ, արհեստականորեն եւ անտեղի ձգձգում եք նիստը, այդ պատճառով էլ Պավլիկ Մանուկյանի ներվերը չհերիքեց՝ ներվայնացավ, անպարկեշտ արտահայտություններ արեց, դատարանն էլ սանկցիա կիրառեց նրա հանդեպ: Ես հարգում եմ նրան, ձեռնափայտով է գալիս, բայց դուք անհարկի ձգձգում եք: Մեկ ու կես ամիս է՝ նիստն ընթանում է, մենակ թարգմանիչ ենք ներգրավել էսքան ժամանակ»:

Դատարանը քննության առնելով Բարսեղյանին եւ Մանուկյանին նիստերի դահլիճ վերադարձնելու միջնորդությունը, որոշեց այն մերժել:

Ըստ այդմ, պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը եւ Հրանտ Գեւորգյանն առանց դատավորի թույլտվության դուրս եկան դահլիճից: Ինեսա Պետրոսյանը եւս հեռացավ, սակայն այն պատճառաբանությամբ, որ մեկ այլ նիստի է:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 7-րդ անգամ ընդմիջեց նիստը՝ Գեւորգյանի եւ Բաղդասարյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31