Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Խաչատրյան. «Անթույլատրելի է Հայաստանի`ԵԱՏՄ-ից դուրս գալու շուրջ արհեստական գործընթացների ծավալումը»

Օգոստոս 21,2017 19:50

ՌԴ խորհրդարանի խոսնակի`ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու տխրահռչակ հայտարարությունից հետո, հայկական քաղաքական դաշում կրկին օրակարգային դարձավ Հայաստանի`ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Համենայնդեպս, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, իսկ ԵԱՏՄ տարածքում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեց: Էդմոն Մարուքյանի հայտարարությունն արժանացավ խմբակցության անդամների հավանությանը, բացի Նիկոլ Փաշինյանից:

Նա այս առիթով լռում է: Օրերս էլ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը չէր բացառել, որ աշնանը, «Ելք»-ը խորհրդարանում հանդես գա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկով: «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում հստակ գնահատել է ԵՏՄ անդամակցությունը` որպես քաղաքական սխալ, և միանգամայն բնական էր, որ գալու է ժամանակը այդ սխալը շտկելու համար»,- ասել էր նա։

Նման առաջարկ նախորդ գումարման խորհրդարանում արդեն հնչել է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը 2016-ի ապրիլին, օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել խորհրդարանին:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`եթե «Ելք»-ը նման գործընթաց սկսի, «Ազատ դեմոկրատները» կմիանա՞ն դրան, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց. «ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացն սկսվել է դեռևս մեկ տարի առաջ: Ինքս վերջերս պաշտոնապես հայտարարել եմ, որ ԱԺ մեր գործընկերները՝ լինեն իշխանությունից, թե ընդդիմությունից, եթե իրավամբ ունեն ցանկություն, ապա կարող են Խաչատուր Քոքոբելյանի նախագիծը շարունակել»։

«ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օրակարգում է եղել միշտ և մենք, բնականաբար, կողջունենք, եթե որևէ մեկը ԱԺ-ում սպասարկի մեր այդ օրակարգը։ Բայց այստեղ կարևորն այն է, որ հայտարարությունների մակարդակից անցում արվի իրական նախաձեռնությունների մակարդակի, քանզի սա այն կարևոր հարցերից է, որ անթույլատրելի է, որ դրա շուրջ արհեստական գործընթացներ ծավալվեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը նա օրակարգային է համարում Հայաստանի համար, ինչքան էլ, որ փորձ արվի դա օրակարգից դուրս մղելու։ «Օրակարգային է, որովհետև ՀՀ-ն այսօր առավել քան երբևէ տնտեսական և քաղաքական զարգացման կարիք ունի, իսկ ԵԱՏՄ կոչված ակումբում մենք ո՛չ տնտեսական և ո՛չ էլ քաղաքական զարգացում չենք արձանագրել մինչ այս ու վստահաբար չենք արձանագրի նաև առաջիկայում՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների ավելացումը։

Օրակարգային է, որովհետև անվտանգության ապահովման օրախնդիր ունեցող Հայաստանի համար զենքի ձեռքբերման այլընտրանքներ պետք է լինեն, իսկ հայտնի է, որ ԵԱՏՄ-ի անդամ լինելով երրորդ երկրից զինամթերք ձեռք բերելու համար մենք պետք է հավելյալ 18 տոկոս վճարում անենք։ Օրակարգային է, որովհետև տնտեսական ծանր այս իրավիճակում մեզ պետք են օտարերկրյա ներդրումներ, որոնք պակասել են մեծամասամբ ԵԱՏՄ անդամակցության պատճառով։ Միայն մեկ թիվ կնշեմ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2015 թվականին 2014-ի համեմատ նվազել են մոտ 40 տոկոսով։ Չմոռանանք, որ հենց 2015 թվականից ենք մենք ԵԱՏՄ անդամ։ Թերևս այսքանը բավարար է, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը օրակարգային լինի ՀՀ-ի համար»,- ասաց Անժելա Խաչատրյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031