Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության սայլակի ու լսողական սարքի փոխարեն գումարը կտան

Սեպտեմբեր 05,2017 13:45

Լսողական սարքի եւ հաշմանդամության սայլակի փոխարեն գումարը կտան` հավաստագրի տեսքով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության առաջիկա` սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետին որոշման նախագիծ կներկայացնի, որով առաջարկվում է պետական հավաստագրեր տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց` սայլակ կամ լսողական սարք ձեռք բերելու նպատակով:

Հիշեցնենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց պետությունը, մինչ այս, անվճար տրամադրում էր լսողական սարք կամ սայլակ, պարբերաբար դժգոհություն էին հայտնում, որ դրանք, բազմաֆունկցիոնալ, արդյունավետ ու որակյալ չեն:

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանն էլ առաջարկել էր դրանց փոխարեն գումարը տրամադրել, որպեսզի հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնք ուզում են ավելի որակյալ ապրանք ունենալ, լրացուցիչ գումար ավելացնելով կարողանան իրենց նախընտրածը ձեռք բերել:

Կառավարության նիստում նաեւ կորոշվի սայլակի եւ լսողական սարքերի գնային արժեքը, հավաստագրի ձեւերը:

Նախարարն առաջարկում է 2017 թվականին հաշմանդամություն ունեցող անձի սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը սահմանել 95 հազար դրամ, 30 տարեկան եւ ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը` 30 հազար դրամ, լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին եւ 18-ից մինչեւ 29 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը սահմանել 80 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930