Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին արձանախեղդ են անում․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2017 19:12

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր։ Օրակարգի հարցերից մեկը Գյումրու կենտրոնական՝ Աբովյանի անվան ճեմափողոցում գյումրեցի անվանի մարդկանց նվիրված հուշարձաններ տեղադրելու մասին էր։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շեշտեց, որ ֆինանսավորումը քաղաքի բյուջեի հաշվին չէ, այն խոստացել է տալ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ Սամվել Բալասանյանի, ճեմափողոցում 12 հենասյուն կա, ամեն մի հենասյան մոտ 12 արձան պիտի լինի։ Նա որպես օրինակ մեջբերեց Պոլոզ Մուկուչին, որը գյումրեցիների համար հումորի խորհրդանիշն է։

«Արձանների վրա պետք  է լինեն նաև գրառումներ, ասենք՝ Մհեր Մկրտչյանը՝ մեր Ֆռունզը ի՞նչ կարող է ասել, պիտի ասի՝ է՜, նըստի նայեմ, ինչ կենես․․․Իհարկե, սա որոշելը բոլորիս խնդիրն է, բայց որ մեծ հետաքրքրություն պիտի առաջացնենք, որպեսզի հանրաճանաչ դարձնենք մեր մեծերին, ինչու չէ տուրիզմը զարգացնենք։  Ամենակարևոր փողոցն է մեր Գյումրի քաղաքի, դա Հայաստանի Հանրապետության ամենագեղեցիկ փողոցն է արդեն դարձել, ես ուղղակի առաջարկել եմ այսպիսի բան, և հանրապետության նախագահը ընդառաջ գնաց, ասաց՝ ես կֆինանսավորեմ, այսինքն` ինքը ֆինանսավորելու է այս ծրագիրը։ Այնպես որ բյուջեից գումար չենք ծախսելու։ Մեր մեծերը այնքան շատ են, որ բոլորիս որոշելու խնդիրն է, ոչ թե միայն իմ։ 3 մարդու  արձան տեղադրելուն բոլորս համաձայն ենք՝ Շիրազն է, Ավետիք Իսահակյանն է, Մհեր Մկրտչյանն է, մնացած 9 արձանները դնենք հանրային քննարկման»,-ասաց քաղաքապետը։

Սամվել Բալասանյանի մեկնաբանմամբ, ամբողջ աշխարհում՝ արձան դնելու մշակույթը կա։ Քաղաքապետը եղել  է թե՛ Բրյուսելում, թե՛ Հռոմում, արձաններ եղել են։ «Մարդը նստում է կողքը, խոսում է, ասում է՝ վայ վարպետ ջան, ըսպես է վիճակը , նայած թե ինչ ենք գրում մենք ցուցատախտակի վրա։ Ճիշտն ասած, ես եմ առաջարկել, հանրապետության նախագահն ասաց ես կֆինանսավորեմ, ընդհուպ մինչև սյուների սարքելը, պատվանդանը»,- մեկ անգամ ևս կրկնեց Սամվել Բալասանյանը։

«ԳԱԼԱ»  խմբակցության բոլոր անդամները հարցեր ուղղեցին քաղաքապետին։ Քրիստինե Մկրտչյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ  Սերժ Սարգսյանը  չի ֆինանսավորում, որպեսզի անօթևանությունը վերանա Գյումրիում, այլ արձաններ տեղադրելն է ֆինանսավորում։ «Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր միայն արձանների պարը», -ասաց Քրիստինե Մկրտչյանը։ Սամվել Բալասանյանը նետեց․ «Էկեք  էդ պարը չպարենք, լավ, ի՞նչ օգուտ կստանանք»։ Քրիստինե Մկրտչյանը շարունակեց․«Ինչո՞ւ արձանները տեղադրել այդ փողոցում, ու չտեղադրել ասենք Կոշտոյան փողոցում»։ Սամվել Բալասանյանն էլ պատասխանեց․ «Այդ որոշումը դուք կայացրեք։ Իսկ սա  որոշում չէ, իմ առաջարկն է, հանրային քննարկման արդյունքում  ինչ-որ ստացանք, լուրջ հանրային քննարկում կազմակերպենք»։

«ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն էլ, որը բոյկոտից հետո առաջին անգամ էր մասնակցում ավագանու նիստի, ասաց․ «Ուրախալի է իմանալ, որ քաղաքը ոչ մի լումա չի ծախսելու  այս արձանների համար։ Ժողովրդական ասացվածք կա, թույլ տվեք հիմա չասեմ՝  ինչ էլ գա քաղաք, էլի քյար է։ Ես մտահոգություն ունեմ քաղաքի կենտրոնն արձաններով ծանրաբեռնելու հետ կապված, և կիսում եմ ձեր հետ այդ մտահոգությունը։ Բազմաթիվ թաղամասեր ունենք, որտեղ պատշաճ ժամանցի վայրերը դեռ երազանք են, մարդիկ իրենց թաղամասերից անընդհատ գալիս են քաղաքի կենտրոն լավ ժամանցի համար։ Այս և հնարավոր նման գաղափարների դեպքում առաջարկում եմ մտածել քաղաքի մշակութային ապակենտրոնացման մասին, ինչպես հաճախ դժգոհում ենք, թե Հայաստանում ամեն ինչ Երևանում է, այնպես էլ  ստացվում է, որ Գյումրիում ամեն ինչ կենտրոնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Եվ մինչ քննարկում էին այս հարցը, դահլիճում հայտնվեցին ցուցապաստառներ՝ «Արձանախեղդ Գյումրի» վերտառությամբ։ Քաղաքի կենտրոնում արձաններ տեղադրելու գաղափարին դեմ են Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի երիտասարդները։ Նրանք լրագրողների հետ զրույցում դժգոհեցին, որ Գյումրին մեծ թվով խնդիրներ ունի, որոնք լուծման կարիք ունեն, մինչդեռ ամեն քայլափոխի արձաններ են տեղադրում ու դրա համար գումարներ հատկացնում, թեկուզև ֆինանսավորումը  քաղաքային բյուջեից չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031