Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի («Երրոդմասցի Լյովիկ») եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով հերթական նիստն էր:
Հիշեցնենք, որ նշյալ սպանության մեջ մեղադրվողներն են Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ «Ծգլ»), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ «Տլե») եւ Վահան Հակոբյանը (մականունը՝ «Գաստիկ»): Նրանք մեղադրվում են 2015թ.-ի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունների եւ ապօրինի զենք կրելու, պահելու մեջ։
Այս նիստում ընթերակա Յուրա Գալստյանին (ՀՀ չափահաս քաղաքացի, որը մասնակցում է քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը, արդյունքները եւ ստորագրում համապատասխան արձանագրության մեջ.-խմբ.) այդպես էլ չէր հաջողվել գտնել ու դատարան հրավիրել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրեց՝ ըստ համապատասխան ծանուցագրերի՝ Նուբարաշենի խճուղում գտնվող շենքերից մեկի հասցեն տասը տարի առաջ անվանակոչվել է, մինչդեռ քննչական գործողության արձանագրության մեջ նշված է եղել հին հասցեն: Ըստ հին հասցեով ստացված գրության՝ այդտեղ Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում, իսկ մեկ այլ՝ նոր հասցեով նշված ծանուցագրով՝ այդպիսի անձ գոյություն ունի, բայց օգոստոսից գտնվում է ՌԴ-ում:
«Փաստորեն, մյուս ընթերակայի ասածները ծիծաղելի էին, որովհետեւ չէր հիշում ինչ գործողության էր մասնակցել, այս ընթերական էլ գոյություն չունի: Անհասկանալի է՝ ո՞ւմ ենք փնտրում: Ինչո՞ւ են սխալ գրված տվյալները»,-դժգոհեց ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը:
Այնուամենայնիվ, դատախազ Արամ Արամյանն առաջարկեց կրկին ծանուցում ուղարկել, դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ գտավ, որ այդպես ճիշտ է:
Ամբաստանյալներն էլ իրենց հերթին դժգոհեցին, որ որերորդ նիստն է՝ նույն ընթերակային են սպասում: «Յանիմ շատ ապացույց կար, մի հատ էլ…»,-ասաց Վահան Հակոբյանը (մականունը՝ «Գաստիկ»):
Սարգիս Գրիգորյանն էլ (մականունը՝ «Ծգլ») իր հերթին հավելեց. «Համ հասցեն էր սխալ, համ ընթերակայի ծննդյան թիվը…ոնց որ մաֆիա խաղանք՝ իրենք «սեւերն» ենք, մենք «կարմիրները»: Վեց ամիս է՝ այս վիճակն է…»:
Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 24-ին, 12:30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































