Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն ուզում է նոր պարտքե՞ր վերցնի». «Պետպարտքի մասին» օրենքը փոխում են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 13:42

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Բյուջետային համակարգի մասին» եւ Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը սահմանում է, որ եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը 50 տոկոսը գերազանցում է, պետք է իրականացնես այնպիսի քաղաքականություն, որ քո դեֆիցիտը նախորդ 3 տարիների միջին ՀՆԱ-ների նկատմամբ 3 տոկոսը չգերազանցի: Եթե 60 տոկոս է, չես կարող նոր պարտք վերցնել: Հիմա կառավարությունը գտնում է, որ սա կոշտ մեխանիզմ է եւ ուզում է փոխել օրենքը. «Մենք շեմերին ձեռք չենք տալիս, 50 եւ 60 տոկոս պարտք-ՀՆԱ-ի շեմերը պահպանում ենք, ավելացնում ենք եւս մեկ շեմ՝ 40%: Եթե քո կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը, ապա պետք է իրականացնես այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որ քո կապիտալ ծախսերը ավելի լինեն, քան կո պակասորդն է: Եթե պարտք ես վերցնում, անպայման կապիտալ ծախսեր արա, որ տնտեսությունն աճի»: Եթե գերազանցում է 50 տոկոսը, 60 տոկոսը, այս կանոնը կոշտացվում է:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հարցրեց՝ 2018-ին պետական պարտքի շեմն անցելո՞ւ է 60 տոկոսը եւ գոնե ձեր պաշտոնավարման ընթացքում ներգրաված վարկային միջոցներն ինչպե՞ս են օգտագործվել, արդյունավե՞տ են օգտագործվել, թե՞ չէ: Նա ասաց, որ հասարակության մոտ տրամադրվածություն կա, որ վարկերը անարդյունավետ են ծախսվում ու դուք ի՞նչ ջանք եք գործադրում, որ հասարակությունը այդ մտահոգությունը չունենա:

Վարդան Արամյանը պատասխանեց. «Որպեսզի արդյունավետությունը չափենք, պիտի ունենանք չափողականության գործիքներ, դրա համար ծրագրային բյուջետավորման գործիքը երբ լինի, հնարավորություն կտա ինչ-որ գնահատականներ տալ արդյունավետության մասին»: Նա ասաց, որ Գերմանիայում էլ են խոսում արդյունավետության մասին:

Ինչ վերաբերում է պետական պարտքին, Արամյանն ասաց, որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կլինի 55.4 տոկոս, մեկ կետով նվազեցում են նախատեսում:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հարցրեց՝ արդյոք սա անում եք նրա համար, որ կառավարությունը նոր պարտքեր վերցնի: Նախարարը պատասխանեց, որ այս ամբողջ փաթեթի իմաստը ոչ թե նոր պարտք վերցնելու համար է, այլ՝ կանոն սահմանելու:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ այս փոփոխություններով փաստվում է, որ նախորդ կառավարությունները վարել են ապաշնորհ քաղաքականություն եւ ոչնչով չեն տարբերվում այսօրվա կառավարությունից, բացի այն, որ Վարդան Արամյանը արհեստավարժ կերպով կարողանում է բացատրել յուրաքանչյուր թերացում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031