Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սիրով ողջունում է Համագումարի Վիրջինիայում նահանգային նոր նախագահ Մեգանուշ Ավագյանին: Նահանգային նախագահի պաշտոնում Ավագյանը կառաջնորդի Վիրջինիա նահանգում Համագումարի անդամներին և ակտիվիստներին՝ համայնքին իրազեկելու Հայաստանի ու Արցախի անվտանգության և բարգավաճման վերաբերյալ առաջնային կարևորության հարցերի շուրջ, ի լրումն տեղական կառավարման մարմինների հետ աշխատանքներին՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Ավագյանի ներգրավվածությունը հայկական համայնքում շարունակվում է նրա՝ American Network of America, Inc (ArmNet) ընկերությանը միանալուց ի վեր: Նա այժմ ArmNet-ի ազգային խորհրդի նախագահն է (2010թ. առ այսօր) և ArmNet-ի Վաշինգտոնյան գրասենյակի նախագահը (1998թ. առ այսօր): 2013-2015թթ. Ավագյանը նաև աշխատել է որպես Հայ-Ամերիկյան մշակութային ընկերակցության ծրագրային աջակցման մասնագետ:
«Պատրաստ եմ փորձս գործադրել՝ օգնելու Ամերիկայի հայկական համագումարի՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման կարևոր աշխատանքի առաջխաղացմանը», – ասել է Ավագյանը:
Վիրջինիա նահանգը Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակության գործուն պատմություն ունի: Վիրջինիա նահանգը ապրիլի 24-ը ճանաչել է որպես «Հայ նահատակների օր» 1990, 1996 և 2001 թվականներին: 2000թ. մարտի 9-ին Վիրջինիայի նահանգային խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ապրիլի 24-ը հիշատակելով որպես «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության Վիրջինիայի հիշատակության օր»:
Բացի այդ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքը Հայաստանի ներկայիս Գյումրիի (20-րդ դարի սկզբում` Ալեքսանդրապոլ) հետ քույր քաղաքներ են: Այս երկու քաղաքների միջև «Քույր քաղաքների փոխանակման ծրագիրն» առաջնորդել էր Համագումարի երկարամյա անդամ տիկին Ռիտա Բալյանը, ով աշխատում էր նախկին կոնգրեսական և այդ ժամանակվա Ալեքսանդրիայի քաղաքապետ Ջիմ Մորանի (դեմոկրատ, Վիրջինիա) հետ: Այս քույր քաղաքների համագործակցությունը սկսվեց 1990թ. մայիսի 16-ին՝ որպես նշանակալից ապացույց զորակցության՝ 1988թ. երկրաշարժից հետո: Տիկին Բալյանը նաև հիմք դրեց քաղաքի ամենամյա Հայկական փառատոնի, որի կազմակերպմանը նաև վերջին տարիներին մասնակցել է Ավագյանը: Այն ժամանակից ի վեր, այն դարձել է Ալեքսանդրիայի Միջազգային փառատոն, որտեղ ներկայացված է Հայաստանը, ի թիվս այլ ժողովուրդների և մշակույթների:
«Ալեքսանդրիայի առաջին միջազգային փառատոնը հզոր սկիզբ էր Ալեքսանդրիայի քաղաքում ձևավորված նոր ավանդույթի համար: Կարծում եմ, այս նոր բազմամշակութային փառատոնն Ալեքսանդրիայի հայկական փառատոնի արժանի շարունակությունն է, որը կազմակերպվում էր 21 տարի», – ասել է Ավագյանը: «Հիմնական գաղափարը մշտապես եղել է մեր հարևաններին և համայնքին հաղորդակից դարձնել հայ մշակույթին ու պատմությանը: Մեր ջանքերը հանգեցրին Ալեքսանդրիա քաղաքի հետ երկարամյա հաստատված բարեկամությանը, որից ամեն տարի հրավեր ենք ստանում՝ վերադառնալու և մեր հարուստ ժառանգությունը ցուցադրելու», – նա հավելել է:
Ավագյանն ավարտել է Ջորջ Մեյսոն համալսարանը բիզնես կառավարման և մարքեթինգի գիտությունների բակալավրի աստիճանով: Նա KT Consulting Inc. ընկերությունում ծրագրային ապահովման փորձարկող-մասնագետ է և այժմ Booz Allen Hamilton ընկերության հետ համատեղ աշխատում է Կենտրոններ բուժսպասարկման և բուժօգնության համար նախագծի վրա:
«Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում Մեգանուշի նվիրվածությունը և խանդավառությունը՝ մեր գործի առաջխաղացման հարցում: Նա մեծ ներդրում կունենա Համագումարի թիմում», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ամերիկայի հայկական համագումար


















































