Այսօր Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 հիմնական դպրոցում բացվեց Արցախում զոհված երկվորյակ եղբայրներ Լեռնիկ և Լևոն Մաթևոսյանների անունը կրող ռազմագիտության դասարան։

Միջոցառման ժամանակ բեմադրության միջոցով ներկայացվեց երկու եղբայրների կյանքը, սխրանքները։
Մայրը՝ տիկին Նադիկը մեզ հետ զրույցում պատմեց, որ նրանք իրենից գաղտնի 1988 թվականին մասնակցել են նստացույցերի, ոտքով հասել Երևան, այնուհետ որոշել են երկու եղբայրներով մեկնել Արցախ։ «Անկեղծորեն ասում եմ, երբ իմացա, հետները շատ կռվեցի, որովհետև ամուսինս ու փոքր տղաս մահացած էին։ Ասում էի՝ բալա ջան, դուք որ գնանք Ղարաբաղ, ինձ ո՞ւմ հույսին պիտի թողնեք, ախր ո՛չ ախպերդ կա, ո՛չ հայրդ, ասում էին՝ Նադ ջան, էնպիսի հարսներ ունես, քո հարսներդ քեզ երբեք չեն անտեսի, կպահեն։ Լավ կեղնի, հեչ չմտածես։ Լևոնիս աղաչում էի, ասում էի գոնե էս անգամ մի գնա, սիրտս վկայում էր, որ Լեռնիկս էլ հետ չի գա, մի անգամ էլ կրակել էին, մազապուրծ էր փրկվել։ Ասի՝ էս անգամ հեչ հույս չունեմ, որ ախպերդ հետ կգա, ասաց՝ որտեղ ախպերս, էնտեղ ես։ Ասաց՝ ախպերս եթե զոհվի, ես էլ հետը կզոհվեմ։ Կռվանք, խռով էի, գնալուց առաջ եկավ, ասաց՝ մեր ջան, քո ձեռքով մի կոֆե եփե, խմեմ ու երթամ։ Գնաց ու էլ չտեսա․․․Երկուսն էլ զոհվեցին հոկտեմբեր ամսին, իրենց ծննդյան օրվանից մի քանի օր անց»։
Մայրը պատմում է, որ երկվորյակ որդիներից Լեռնիկը սովորել է շինարարական տեխնիկումում, սակայն իրենից գաղտնի հաճախել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ դերասանական դասընթացների, հետո գնացել է աշխատելու Ղափանի թատրոնում, որտեղ էլ սիրահարվել ու ամուսնացել է։



Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
























































