ՎԱՇԻՆԳՏՈՆ – 2026 թ. փետրվարի 28-ին, շաբաթ օրը, Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական միության Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը բողոքի և ոգեկոչման միջոցառում անցկացրեց Ադրբեջանի դեսպանատան առջև՝ հիշատակելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի ջարդերը և դատապարտելով հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ցեղասպանական ագրեսիան։
Ամերիկահայ ակտիվիստներն ու նրանց համախոհները հավաքվել էին պահանջելու արդարություն այդ ջարդերի զոհերի համար, պատասխանատվություն Ադրբեջանի կողմից 2023 թվականին Արցախի ցեղասպանական էթնիկ զտման համար, ինչպես նաև պահանջելու հայ պատանդների անհապաղ ազատ արձակում և Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության արժանապատիվ, անվտանգ և հավաքական վերադարձի իրավունք։
Կարդացեք նաև
Բողոքի ցույցը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը խոշոր ռազմական հարվածներ էին հասցնում Իրանին։ «Անի» մասնաճյուղի անդամ Գալի Ջեքմաքջյանը բացեց ծրագիրը՝ նախ անդրադառնալով ստեղծված ճգնաժամին, ապա ներկայացնելով օրվա պահանջները։ «Մեր սրտերը Իրանի հայկական համայնքի հետ են, իսկ մեր աչքերը՝ Բաքվի և Անկարայի վրա։ Մենք գիտենք, թե նրանց համար ինչ է նշանակում «հնարավորություն»», – նշեց Ջեքմաքջյանը։
Այնուհետև նա անդրադարձավ օրվա ոգեկոչմանը՝ առանց շրջանցումների արձանագրելով ադրբեջանական բռնությունների օրինաչափությունը. «Երեսունութ տարի առաջ Սումգայիթում հայերին որսում էին փողոցներում։ Ծեծում էին։ Խոշտանգում։ Սպանում։ Սումգայիթը առանձին դեպք չէր։ Ոչ էլ Բաքուն։ Ոչ էլ Կիրովաբադը։ Ոչ էլ Մարաղան։ Ջնջման օրինաչափությունը հստակ է», – ասաց նա։
Բողոքի ցույցն անցկացվեց մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ադրբեջանական անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա՝ Խաղաղության խորհրդի մեկնարկային նիստի ընթացքում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ։ Ելույթ ունեցողները նշեցին, որ դա ևս մեկ հիշեցում է, որ Բաքվի արհամարհանքը ժողովրդավարության հանդեպ տարածվում է նույնիսկ ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներում։
ՀՅԴ երիտասարդական միության Արևելյան շրջանի Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Արենի Համպարյանը հայերենով իր ելույթում, ընդգծեց. «Մենք հիշում ենք մեր պատմությունը, որովհետև այն դասեր է պարունակում ապագայի համար։ 1988 թվականի ջարդը՝ սառնասրտորեն իրականացված այս աններելի հանցագործությունը, պետք է մշտապես դաս լինի մեր հայ ազգի համար։ Երբ սգում ենք մեր նահատակների կյանքերը, երբ հիշում ենք ադրբեջանական ձեռքերով այս աշխարհից խլված անմեղ հայ հոգիներին, եկեք հարգանքի տուրք մատուցենք Բաքվում կորսված հայերի հիշատակին՝ խոստանալով միշտ պաշտպանել արդարությունը»։
Ելույթ ունեցողները կոշտ քննադատության ենթարկեցին Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող ժխտողական քաղաքականությունը։ «Այսօր Ադրբեջանը հայերին է մեղադրում իրենց իսկ կոտորածների համար՝ զոհին մեղադրելու մի վտանգավոր միտումով, որը, ցավոք, շարունակվում է մինչ օրս։ Իրականության այս խեղաթյուրումը ոչ միայն վիրավորական է, այլև խիստ վտանգավոր»,– նշեց «Անի» մասնաճյուղի անդամ Ալեք Թեքեյանը։
«Պատմությունը ցույց է տվել հստակ օրինաչափություն՝ բռնություն, ապա ժխտում, տառապանք, ապա լռություն։ Ամեն անգամ, երբ աշխարհը անտեսում է ճշմարտությունը, դուռը լայն բաց է մնում Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի համար՝ գործելու հաջորդ ոճրագործությունը», – ասաց նա։
Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց Ադրբեջանի շարունակական հանցագործություններին՝ Արցախի ընտրված ղեկավարության, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի բանտարկությանը, Արցախի հայկական եկեղեցիների և մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային։
Ելույթ ունեցողները Միացյալ Նահանգներին կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վարչակարգի նկատմամբ և դադարեցնել Բաքվին տրամադրվող բոլոր ռազմական աջակցությունները։
«Մի ամբողջ ժողովրդի բնաջնջման մշտական սպառնալիքը մեզ պետք է սարսափեցնի, որ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցածը կարող է կրկնվել՝ այս անգամ գուցե ձեզ հետ, գուցե մեզ հետ», – նշեց «Անի» մասնաճյուղի գանձապահ Արփա Շահնազարյանը։ «Եթե արդարություն չպահանջենք արցախցիներին իրենց տներից բռնի տեղահանելու հանցագործության համար, երբեք չենք արժանանա արդարության 1988 թվականին կատարված հանցագործությունների համար»։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը ամերիկահայերին կոչ արեց իրենց վիշտը քաղաքացիական ուժի վերածել։ «Ամերիկահայերն ուժ ունեն՝ ոչ միայն զգացմունքային, այլև քաղաքացիական։ Մենք քվեարկում ենք։ Մենք պաշտպանում ենք։ Մենք կրթում ենք։ Մենք կազմակերպվում ենք։ Մենք ստեղծում ենք կոալիցիաներ։ Մենք պահանջում ենք, որ ամերիկյան առաջնորդությունը գնահատվի ոչ թե խոսքերով, այլ գործերով», – նշեց Երեմյանը։
«Թող մեր ուղերձը լինի պարզ և անսասան․ մենք չենք ընդունի մի ապագա, որտեղ հայկական գոյատևումը սակարկության առարկա է դառնում՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Հայաստանի կողմից, որտեղ Արցախը ջնջվում է, գերիները մոռացվում են, սրբազան ժառանգությունը ոչնչացվում է, իսկ հայերին առաջարկվում է լռել՝ «կայունության» դիմաց», – ասաց նա։
Ցուցարարները ԱՄՆ-ին և միջազգային կառույցներին կոչ արեցին հայտարարություններից անցնել գործնական քայլերի՝ պարտադիր կիրառելի երաշխիքներ ապահովելով և մերժելով ցանկացած «խաղաղության» շրջանակ, որը հայ գերիներին անազատության մեջ կթողնի, կօրինականացնի Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան, չի երաշխավորի Արցախի հայերի վերադարձի իրավունքը կամ կթույլատրի Արցախի քրիստոնեական ժառանգության շարունակվող ոչնչացումը։
Ծրագիրն ավարտվեց «Սուրբ Խաչ» հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս Ակթավուքյանի աղոթքով։ Նա հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանական ագրեսիայի դեմ հայրենիքը պաշտպանելիս զոհված բոլոր հայերի հիշատակին, ինչպես նաև աղոթք բարձրացրեց Իրանի հայկական համայնքի համար՝ օրվա հարվածների ֆոնին, կոչ անելով տարածաշրջան վերադարձնել խաղաղությունը։
Համայնքի անդամներին կոչ է արվում դիմել իրենց ընտրովի ներկայացուցիչներին և պահանջել պատասխանատվություն Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների համար։ Գործելու համար կարելի է այցելել՝ anca.org/action։
Տեսանյութը.
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
























































